108-ամյա կինը կիսվել է երկարակեցության գաղտնիքով
LifeԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Նյու Բրոկթոն քաղաքի բնակչուհին՝ իր 108-ամյակը տոնելիս, կիսվել է երկարակեցության գաղտնիքով: Այս մասին հաղորդել է «The Southeast Sun» հրատարակությունը:
Քերրի Լի Ռեյնոլդսն ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտից և ստրուկների ազատագրումից հետո քաղաքում հաստատված առաջին սևամորթ ընտանիքի սերունդն է: Քերրիից բացի, ծնողներն ունեցել են ևս 9 երեխա: COVID-19-ը երկրորդ լուրջ համավարակն է, որ հանդիպել է նրան. երկարակյաց կինն ապրել է նաև մահացու «իսպանական գրիպի» ժամանակաշրջանում (1918-1919թթ.):
Քերրիի 108-ամյակի կապակցությամբ՝ Նյու Բրոկթոնի քաղաքապետը նրա տան առաջ փոքրիկ շքերթ է կազմակերպել և նրան նվիրել քաղաքի խորհրդանշական բանալին:
Այն հարցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, Ռեյնոլդսը պատասխանել է, որ պետք է հավատալ Աստծուն, շատ աշխատել, ավելի բարի լինել և ուրիշների գործերին չխառնվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը