Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով քննությունը կսկսվի զրոյից
Հասարակություն
Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով քննությունը կսկսվի զրոյից՝ նոր դատական կազմով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունների կասեցումից հետո աղմկահարույց այս գործը վերամակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին։
Քրեական գործը տևական ժամանակ է, ինչ գտնվում էր հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, ընդ որում, դատավարությունը մշտապես ընթանում էր բավականին լարված մթնոլորտում՝ տուժողի իրավահաջորդի և մեղադրյալների, ինչպես նաև՝ հենց մեղադրյալների միջև պարբերական վեճերի ուղեկցությամբ։ Անգամ քրեական գործ կա հարուցված՝ դատարանի բակում ծեծկռտուքի համար։
Սարսափելի սպանության դեպքը տեղի է ունեցել 2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։
Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։