Վարչապետի խիստ հանձնարարականը
ՏնտեսությունՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բազմիցս չարչրկված գազալցակայանների անվտանգության խնդրին եւ հանձնարարական տվեց:
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում եւ գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով»,- հայտարարեց վարչապետն ու նշեց, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման համակարգ:
«Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին մեկ ամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը: