«Եթե կարողացանք հաղթել Գորբաչովին, ի՞նչն է խանգարում հաղթել Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»
ՔաղաքականությունՀայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է վերահրատարակել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները, որոնցում անդրադարձ կա գործող նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը: Այդ շարքը մենք դնում ենք «Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներում» խորագրի տակ՝ զերծ մնալով մեկնաբանություններից: Նախ կվերահրատարակենք բոլոր այն ելույթները, որոնք Տեր-Պետրոսյանը հնչեցրել է 2007-ից հետո, երբ շուրջ 10-ամյա լռությունից հետո առաջին նախագահը վերադարձավ ակտիվ քաղաքականություն, ապա կհրապարակենք նրանք, որոնք տեղ են գտել 1993-1998 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը նախ Պաշտպանության, ապա Ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարն էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին.
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԱՏԱՐՈՂ ՈՒԺԵՐԻ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հարգելի գործընկերներ․
Ինձ սատարող քաղաքական ուժերի եւ համաժողովրդական նոր Շարժման ակտիվիստների այս հավաքը կոչված է ամփոփելու նախընտրական գործընթացի առաջին փուլի արդյունքները եւ ուրվագծելու մեր հետագա գործունեության խնդիրները: Թեեւ սա զուտ աշխատանքային հանդիպում է, որը թեկուզ տակտիկական առումով ենթադրում է որոշակի գաղտնապահություն, սակայն ես, հավատարիմ մնալով թափանցիկ, հրապակային քաղաքականության մեր որդեգրած սկզբունքին, կնախընտրեի այս ամենի մասին արտահայտվել բացեիբաց՝ խոսքս ուղղելով ոչ միայն իմ կողմնակիցներին, այլեւ մեր ողջ ժողովրդին: Մոլորությունների մեջ չընկնելու եւ իրավիճակը ճիշտ գնահատելու համար, կարծում եմ, հարկ է նախեւառաջ հստակ պատկերացում ունենալ նախընտրական պայքարի մեջ ներգրավված ուժերի հարաբերակցության եւ վերարտադրության ձգտող ներկա հանցավոր վարչախմբի կարողականության (պոտենցիալի) մասին:
Ներկա վարչախմբի ռեսուրսները
Ի տարբերություն մեզ, Հայաստանի գործող իշխանությունները ընտրական գործընթացում որդեգրել են պայքարի ընդհատակյա, ինտրիգային սկզբունքը՝ հիմնվելով գլխավորապես վարչական, տեղեկատվական, ֆինանսական, ռեպրեսիվ եւ քրեական ռեսուրսների վրա, որոնցից յուրաքանչյուրին նպատակահարմար եմ գտնում անդրադառնալ առանձին-առանձին:
1. Վարչական ռեսուրս. դրա տակ ենթադրվում է ողջ պետական մեքենան՝ նախագահական ապարատը, կառավարությունը, նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանները, թաղապետարանները, գյուղապետարանները, ինչպես նաեւ բյուջետային հիմնարկները՝ բուհերը, ակադեմիական ինստիտուտները, հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները եւ այլն: Այդ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ջանասիրաբար, իսկ ոմանք աշխատանքը կորցնելու վախից, հլուհնազանդ կատարում են իրենց տերերի հրամանները եւ սեփական ազդեցության ոլորտներում փորձում կանխել վարչախմբին անհաճո այլախոհության ցանկացած դրսեւորում: Վերջին շրջանում նրանց գործունեությունը հիմնականում ուղղված էր իրենց աշխատակիցներին եւ ժողովրդական զանգվածներին ընդդիմության հանրահավաքներից հեռու պահելու խնդրին, ընդ որում, խտրություն չդնելով միջոցների միջեւ՝ սկսած «բարեկամական» զրույցներից ու հորդորներից, վերջացրած ահաբեկումներով ու տարբեր տիպի սպառնալիքներով: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ, որ հիմնականում բյուջետային հիմնարկների աշխատակիցներն են ձեւավորում ընտրական հանձնաժողովները, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական դերակատարություն է նրանց վերապահված ապագա ընտրություններում:
Տեղեկատվական ռեսուրս. Ինչպես հայտնի է, բացի «Ազատություն» ռադիոկայանից եւ «Երկիր-Մեդիա» ու «ԳԱԼԱ» հեռուստակայաններից, Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների ողջ համակարգը գտնվում է ներկա իշխանությունների լիակատար վերահսկողության տակ, ինչը նրանց անարգել թույլ է տալիս իրականացնել միակողմանի քարոզչություն, կոչված ծառայելու մի կողմից՝ վարչախմբի թեկնածուի դրվատման, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների վարկաբեկման խնդրին: «Երեւանի մամուլի ակումբի» անցկացրած անկախ դիտարկման տվյալներով՝ Հայաստանի յոթ գլխավոր հեռուստակայանները եւ հանրային ռադիոն հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին արձակել են Սերժ Սարգսյանին վերաբերող 218 դրական, 16 բացասական եւ 1504 չեզոք, իսկ ինձ հիշատակող՝ 16 դրական, 404 բացասական եւ 468 չեզոք հաղորդագրություն: Վարչախմբի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմնակալության ավելի վառ ապացույց դժվար է պատկերացնել: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության կողմից տեղեկատվական դաշտի լիակատար մոնոպոլիզացիայի հետ, ինչը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին կամ երրորդ աշխարհի բռնապետական ռեժիմներին: Նման պայմաններում մեր երկրում օրինական ընտրությունների անցկացումը պարզապես ծաղրուծանակի է հավասարազոր:
Ֆինանսական ռեսուրս. Մեր հասարակության համար գաղտնիք չէ, որ 1998, 2003 եւ 2007 թվականներին անցկացված ընտրություններում կարեւոր տեղ է զբաղեցրել իշխանությունների կողմից բաժանված ընտրակաշառքը, ինչն արձանագրված է նաեւ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում: Եթե ինչ-որ մեկը հույս է փայփայում, թե առաջիկա նախագահական ընտրություններում իշխանությունները հրաժարվելու են այդ պրակտիկայից, ապա նա չարաչար սխալվում է: Ավելին, հիմքեր կան պնդելու, որ ընտրակաշառքը դառնալու է 2008-ի ընտրություններում նրանց հաջողության հասնելու հիմնական գրավականը: Այնքան ակնհայտ է իշխանությունը պահելու մոլուցքը, որ վարչախումբը պատրաստ է այդ նպատակին հատկացնել թեկուզ կես միլիարդ դոլար՝ չխորշելով ոչ միայն հարկային գերավճարներ գանձելուց ու «Պարզեցված հարկի օրենքի» գործողությունը դադարեցնելուց, այլեւ պետական բյուջեի ու Կենտրոնական բանկի պահուստների օգտագործումից: Ընտրակաշառքի համար նախատեսված գումարի առյուծի բաժինը, սակայն, ինչպես միշտ, հասնելու է ոչ թե բուն քվեարկողին, այլ միջին օղակների պետական պաշտոնյաներին, տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, անվտանգության, հարկային ծառայությունների ղեկավարներին, ընտրական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաեւ թաղային հեղինակություններին եւ քրեական տարրերին:
Ռեպրեսիվ ռեսուրս. Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, իրավապահ մարմիններին՝ ոստիկանությանը, անվտանգության ծառայությանը, դատարաններին, դատախազությանը, մասամբ նաեւ՝ հարկային տեսչությանը, որոնք վերջին շրջանում ամբողջությամբ ներքաշված են քաղաքականության ոլորտ: Բարձիթողի մատնած իրենց բուն գործառույթները, այս կառույցները, արդեն երեք ամիս է, ինչ զբաղված են բացառապես իմ կողմնակիցների նկատմամբ իրականացվող անօրինական գործողություններով: Հազարների է հասնում այն քաղաքացիների թիվը, ովքեր կանչվել են ոստիկանատներ եւ ճնշումների ենթարկվել ինձ աջակցելու, մասնավորապես, իմ կազմակերպած հանրահավաքներին մասնակցելու համար: Սպառնալիքները, ահաբեկումները, թռուցիկներ պոկելը, խաղաղ երթերի խափանումը, ապօրինի գաղտնալսումներն ու խուզարկությունները, ֆիզիկական ուժի կիրառումը դարձել են ոստիկանության եւ անվտանգության ծառայության, եթե ոչ միակ, ապա գլխավոր գործելակերպը: Գործի են դրվել նաեւ հարկային տեսչության եւ դատական համակարգի բոլոր լծակները՝ Շարժման ակտիվիստների քաղաքական գործունեությունը կաշկանդելու նպատակով: Ռեպրեսիվ ռեսուրսի օգտագործման ամենացցուն օրինակներն են՝ հոկտեմբերի 23-ի ոստիկանական պրովոկացիան, Նարեկ Գալստյանի դեմ կիրառված բռնությունը, «Սիլ-գրուպ» ընկերությունում եւ «ԳԱԼԱ» հեռուստակայանում սանձազերծված հարկային տեռորն ու դատական քաշքշուկը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան պայթեցումը, ինչպես նաեւ մարդկանց ստիպողաբար աշխատանքից ազատելու արդեն իսկ արձանագրված տասնյակ դեպքերը:
Քրեական ռեսուրս. Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, քոչարյանա-սերժական ռեժիմը այս անգամ եւս չի խորշում թաղային հեղինակությունների եւ քրեական տարրերի կարողությունների օգտագործումից: Առկա ռեսուրսը, թերեւս, բավարար չհամարելով, իշխանություններն անցած ամիսներին բանտերից վաղաժամկետ ազատել են բազմաթիվ մեղադրյալների ու դատապարտյալների, որոնք այդ շնորհը, բնականաբար, պիտի հատուցեն առաջիկա ընտրությունների ընթացքում մատուցելիք համապատասխան ծառայություններով: Քրեական տարրերին սովորաբար վստահվում են ընդդիմության ներկայացուցիչների եւ հանրային միջոցառումների դեմ ուղղված ամենակեղտոտ գործերը՝ սկսած ահաբեկումներից ու բռնարարքներից, վերջացրած պրովոկացիաներով ու զանգվածային անկարգություններով: Նրանց վրա է դրված նաեւ մեկուսարաններում ու կալանավայրերում գտնվող մարդկանց միջոցով վերջիններիս հարազատների վրա ազդելու ու քաղաքականապես «կողմնորոշելու» պատասխանատվությունը: Թաղային հեղինակություններին ու քրեական տարրերին զգալի դերակատարություն է վերապահված նաեւ ընտրությունների վերջնական փուլում, մասնավորապես, քաղաքացիներին կազմակերպված կերպով ընտրատեղամասեր տեղափոխելու եւ նրանց ձայնը հարկադրանքով կամ կաշառքով կորզելու գործում:
Պառակտողական ռեսուրս. Այս հասկացության տակ ես նկատի ունեմ իշխանությունների կողմից ընդդիմության շարքերը ջլատելուն ուղղված, թեեւ պարզունակ, բայց վտանգավոր քայլերը, մասնավորապես, շինծու կամ դրածո թեկնածուների առաջադրումը: Նախընտրական այս տեխնոլոգիան հետապնդում է երկու ակնհայտ նպատակ. առաջին՝ պաշտոնական քարոզարշավի կանոնակարգով այդ թեկնածուներին հատկացված եթերաժամերն օգտագործել ի նպաստ իշխանության ներկայացուցչի, եւ երկրորդ՝ հնարավորության սահմաններում ցրել ընդդիմության ստացած ձայները՝ ընտրակեղծիքները թաքցնելու եւ հիմնական մրցակցի հաղթանակը թույլ չտալու համար: Դրածո թեկնածուների շարքում ես ամենեւին նկատի չունեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, ունենալով իրենց կայուն ընտրազանգվածը, պայքարի են ելել հստակ գաղափարական նպատակներով: Խոսքը, ինքնըստինքյան հասկանալի է, վերաբերում է որոշ տխրահռչակ անձնավորությունների, ովքեր նույնպիսի չարաբաստիկ դերակատարություն են ունեցել մասնավորապես 1998 եւ 2003 թվականների ընտրություններում, ակնհայտորեն գործելով հաղթող թեկնածուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների դեմ, եւ վերջին հաշվով, նպաստելով Հայաստանի ներկա հանցավոր վարչախմբի կայացմանն ու ամրապնդմանը: Կարծում եմ, մեր հասարակությունը հաշվի կառնի այդ դառը փորձը եւ այլեւս չի խաբվի նման մարդկանց քաղաքական աճպարարություններից, ինչպիսի ամբոխավարական հնարքներով էլ քողարկված լինեն դրանք:
Ապատեղեկատվական ռեսուրս. Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում, միջոցներ չխնայելով, հարցումներ են պատվիրում արտասահմանյան սոցիոլոգիական կենտրոններին եւ հրճվում դրանց արդյունքներով, որոնց համաձայն՝ Սերժ Սարգսյանին իբր պատրաստ է ձայն տալու հարցվածների շուրջ 30 տոկոսը, իսկ ինձ՝ ընդամենը 2 թե 6 տոկոսը: Ես հիմքեր չունեմ կասկածելու արտասահմանյան այդ հաստատությունների անաչառությանը, սակայն չեմ կարող չնշել տարակուսանք առաջացնող երկու հանգամանք: Առաջին. հարցվածների մոտ 60 տոկոսը հրաժարվում կամ վախենում է արտահայտել իր կարծիքը, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր չեն քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին, այլապես վախենալու պատճառ չպիտի ունենային: Եւ երկրորդ. եթե Սարգսյանի եւ իմ վարկանիշներն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա բոլորովին հասկանալի չէ, թե ինչով պետք է բացատրել իշխանությունների սանձազերծած անզուսպ ու տենդագին քարոզարշավն իմ դեմ, ինչպես նաեւ իմ կողմնակիցների նկատմամբ կիրառվող անօրինական գործողություններն ու բռնարարքները, հանրահավաքները խոչընդոտելու կոպիտ փորձերը, մեր գործունեության լիակատար տեղեկատվական շրջափակումը, եւ վերջապես, ոստիկանությանը թռուցիկներ պոկելու նվաստացմանը ենթարկելու ու ծաղրուծանակի առարկա դարձնելու փաստը: Մի՞թե պարզ չէ, որ հրապարակված վարկանիշների իսկության պարագայում նման ջղաձգությունների կարիք չպետք է զգացվեր, եւ Սերժ Սարգսյանն ընտրությունների պիտի գնար դհոլզուռնայի ու փողային նվագախմբի ուղեկցությամբ: Այս ամենից միանշանակորեն հետեւում է միայն մեկ բան, այն է՝ վարչախումբը չի հավատում իր իսկ պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, ինչից էլ, ահա, նրա նյարդային վիճակն ու խուճապահար պահվածքը: Սակայն, չնայած դրան, իշխանություններն, այնուամենայնիվ, մեծ հույսեր են կապում այդ հարցումների հետ՝ դրանք դիտելով որպես արտասահմանյան հաստատությունների հեղինակությամբ իրենց ծրագրած ընտրակեղծիքներն արդարացնելու վստահելի միջոց:
Համաժողովրդական Շարժման ռեսուրսները
Ի տարբերություն իշխանությունների, որոնց բոլոր թվարկված ռեսուրսների օգտագործման իրողությունն, անխտիր, օրենքի կոպիտ ոտնահարման տարր է պարունակում, Հայաստանում ձեւավորված նոր համաժողովրդական Շարժումը որդեգրել է բաց, հրապարակային գործունեության մարտավարություն՝ հիմնված իրավագիտակցության, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության համընդհանուր սկզբունքների վրա: Շարժման սոցիալական բազան ժողովրդական լայն զանգվածներն են, մասնավորապես, հասարակության ընչազուրկ հատվածը, գյուղացիությունը, միջին խավը ներկայացնող գործարարներն ու մտավորականները, ինչպես նաեւ ստորին օղակների պետական պաշտոնեությունը, մի խոսքով՝ վարչախմբից դժգոհ ողջ ընտրազանգվածը: Մեր խնդիրն է, արդ, առավելագույնս մոբիլիզացնել այդ ուժերը՝ Հայաստանի ներկա ավազակապետական ռեժիմի վերարտադրությունը վիժեցնելու նպատակով:
Ընտրական գործընթացի առաջին փուլում, սեպտեմբերի 21‑ից մինչ օրս, մեզ հաջողվեց այդ ուղղությամբ հսկայական աշխատանք կատարել եւ հասնել այնպիսի տպավորիչ արդյունքների, որոնք անակնկալ էին մեր ողջ հասարակության համար: Հարկ եմ համարում հատկապես կանգ առնել դրանցից հետեւյալ չորսի վրա.
Աջակից ուժերի համախմբումը. Շարժման ամենամեծ նվաճումն, անտարակույս, բազմաթիվքաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համախմբումն է իմ թեկնածության շուրջ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, նրանց միավորում է ոչ թե իմ անձի նկատմամբ տածած անվերապահ վստահությունը, այլ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լուծը թոթափելու եւ երկրի սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը: Ինձ սատարող քաղաքական ուժերի կորիզը կազմում են՝ Ստեփան Դեմիրճյանի առաջնորդած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն կուսակցությունը» եւ Արարատ Զուրաբյանի ղեկավարած «Հայոց համազգային շարժումը»: Համաժողովրդական նոր Շարժմանը միացած մյուս քաղաքական ուժերն են՝ «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը» (ղեկավար՝ Լյուդմիլա Սարգսյան), «Ժողովրդական ուղի կուսակցությունը» (նախագահ՝ Մանուկ Գասպարյան), «Հայաստանի մարքսիստական կուսակցությունը» (նախագահ՝ Դավիթ Հակոբյան), «Պահպանողական կուսակցությունը» (նախագահ՝ Միքայել Հայրապետյան), «Ազատություն կուսակցությունը» (նախագահ՝ Հրանտ Բագրատյան), «Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը» (նախագահ՝ Պետրոս Մակեյան), «Հայաստանի առաջադիմական ազատական կուսակցությունը» (նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյան), «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցությունը» (նախագահ՝ Մկրտիչ (Սոս) Գիմիշյան), «Հայոց հայրենիք կուսակցությունը» (նախագահ՝ Արշակ Բակլաչյան), «Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան), «Երրորդ հանրապետություն կուսակցությունը» (նախագահ՝ Կարեն Դավթյան), «Հայրենիք եւ պատիվ կուսակցությունը» (նախագահ՝ Գառնիկ Մարգարյան) եւ «Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնությունը» (համակարգող՝ Նիկոլ Փաշինյան):
Բացի այդ, իմ թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել նաեւ հետեւյալ հասարակական կազմակերպությունները՝ «Ազատության փարոս» (նախագահ՝ Սամվել Ավետիսյան), «Համաձայնություն» (նախագահ՝ Դավիթ Շահնազարյան), «21-րդ դարի առաջնորդների ֆորում» (նախագահ՝ Գայանե Սարգսյան), «Երիտասարդ պահպանողականներ» (նախագահ՝ Տիգրան Խաչատրյան), «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» (նախագահ՝ Տիգրան Հակոբյան), «Իրավունքի եւ ազատության կենտրոն» (նախագահ՝ Վարդան Հարությունյան), «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» (նախագահ՝ Գագիկ Ավագյան), «Բազմակարծիքային կենտրոն» (նախագահ՝ Ռուբեն Թորոսյան) եւ «Գործարար կին» (նախագահ՝ Անահիտ Սարգսյան): Շարժմանն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նաեւ հազարավոր ազատամարտիկներ եւ «Երկրապահ կամավորականների միության» տասնյակ տեղական կառույցներ:
Ոչ մի այլ թեկնածուի շուրջ այսքան բազմաքանակ եւ այսքան ազդեցիկ ուժեր չեն համախմբվել, ինչը թույլ է տալիս խոսել եթե ոչ անգամ ընդդիմության միասնական թեկնածուի, ապա առնվազն վարչախմբին հակադիր հստակ բեւեռի ձեւավորման մասին: Միանգամայն ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Սերժ Սարգսյանի եւ իմ միջեւ: Այս տեսակետն, ի դեպ, արդեն իսկ տիրապետող է ինչպես ներհանրապետական, այնպես էլ արտասահմանյան քաղաքագետների ու վերլուծաբանների հրապարակումներում: Վարչախմբին հակադիր բեւեռի ձեւավորումն, ըստ այդմ, պետք է համարել ընտրական գործընթացի անցած փուլի ամենանշանակալից քաղաքական արդյունքը:
Զանգվածային հանրահավաքների անցկացումը. Կարճ ժամանակահատվածում համաժողովրդական Շարժմանը հաջողվեց Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել երեք զանգվածային հանրահավաք, որոնց իրենց մասնակցությունը բերեցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության մարզերի բազմահազար բնակիչներ: Ըստ ամենահամեստ գնահատականների՝ հոկտեմբերի 26-ի, նոյեմբերի 16-ի եւ դեկտեմբերի 8-ի հանրահավաքներին ներկա են գտնվել համապատասխանաբար՝ վաթսուն, ութսուն եւ իննսուն հազար քաղաքացիներ: Պետական մարմինները, բնականաբար, շատ ավելի նվազ թվեր հայտարարեցին, իսկ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցները կա՛մ ընդհանրապես լռեցին, կա՛մ էլ աղավաղված ու ստահոդ լուրեր արձակեցին այդ հանրահավաքների մասին: Ոչ ոք չժխտեց, սակայն, որ դրանք 2003 թ. ընտրություններից հետո ընդդիմության կազմակերպած ամենահուժկու քաղաքական միջոցառումներն էին: Ինքնըստինքյան հասկանալի է, որ վերջին տարիների համար աննախադեպ այդ քաղաքացիական ակտիվությունը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին: Ուստի հանրահավաքները խափանելու կամ գոնե դրանց մասնակիցների թիվը նվազեցնելու նպատակով նրանք, չխորշելով ոչ մի միջոցից, դիմեցին բացահայտ օրինազանցությունների ու բռնարարքների: Շուրջ երկու ամիս հանրապետության ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները զբաղված էին բացառապես հանրահավաքների իրազեկմանը խոչընդոտելու, թռուցիկներ պոկելու, Շարժման ակտիվիստների նկատմամբ ճնշումներ ու բռնություններ կիրառելու ապօրինի գործով: Այս ամենով հանդերձ, իշխանությունները չհասան իրենց ակնկալած նպատակին: Մարդիկ չահաբեկվեցին, չընկրկեցին բիրտ ուժի առջեւ: Ընդհակառակը, թերեւս նաեւ ի հակազդեցություն դրա, ցուցարարների շարքերը հանրահավաքից-հանրահավաք ավելի ստվարացան: Սա միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է եւ, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասը վերջնականապես հաղթահարել է երկրում տիրող վախի մթնոլորտը: Հետեւաբար, մենք ականատեսն ենք մի այնպիսի հուսադրիչ իրողության, որն ընտրությունների միջոցով իշխանական ավազակախմբից ազատվելու ամենաանհրաժեշտ գրավականն է:
Տեղեկատվական շրջափակման հաղթահարումը. Կասկած չկա, որ մինչեւ 2008 թ. հունվարի 20-ը մեզ համար այդպես էլ փակ են մնալու Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների զրահապատ դռները, որոնց ետեւում բարիկադավորված են վարչախմբի աչալուրջ պահապանները: Կասկած չկա նաեւ, որ այդ ընթացքում ողջ պետական մեքենան միեւնույն կամ, գուցեեւ, ավելի մեծ թափով շարունակելու է գեբելսյան ավանդույթների վրա հիմնված իր քարոզչությունն ու հակաքարոզչությունը: Այնուամենայնիվ, վիճակն այնքան էլ անմխիթարական չէ, որքան թվում է առաջին հայացքից: Շարժման ղեկավարության հմտության եւ ակտիվիստների ջանասիրության շնորհիվ մեզ, ըստ էության, հաջողվել է հաղթահարել տեղեկատվական այդ շրջափակումը, եւ վարչախմբի գռեհիկ քարոզչությանը հակադրել մեր անհամեմատ ավելի արդյունավետ քարոզչությունը: Ես նկատի ունեմ, առաջին հերթին, հանրահավաքներում հնչած ելույթների տեսասկավառակների բազմացումն ու տարածումը, որոնց ընդհանուր տպաքանակն անցնում է 100 հազարից: Շարժման հազարավոր անդամների կողմից այդ տեսասկավառակները կազմակերպված կերպով ցրվում են ողջ հանրապետությունով մեկ՝ հասանելի դառնալով ավելի քան կես միլիոն մարդու: Տվյալ միջոցով մենք փաստորեն ստեղծել ենք մեր սեփական հեռուստատեսությունը, ինչի համար երախտապարտ պետք է լինենք Բիլ Գեյթսին: Բացի դրանից, մասնավորապես իմ ելույթների հայերեն բնագրերն ու նրանց անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունները գրքույկների տեսքով տպագրվում են տասնյակ հազարների հասնող տպաքանակով՝ նույնպես արագորեն տարածվելով հասարակության բոլոր շերտերում: Եթե սրան գումարենք նաեւ Շարժման գաղափարակիր կամ համակիր թերթերի՝ «Հայկական ժամանակի», «Հայքի», «Չորրորդ իշխանության», «Ժամանակ Երեւանի» եւ «Տարեգրի» հրապարակումները, ինչպես նաեւ իմ անունով բացված ինտերնետային կայքի նյութերը, ապա դժվար է ասել ով ում պիտի նախանձի՝ իշխանություննե՞րը մեզ, թե՞ մենք իշխանություններին: Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մենք չպետք է բավարարվենք ձեռք բերվածով, այլ ընդհակառակը, պետք է ավելի եւս լարենք մեր ջանքերը՝ վերը նշված քարոզչական հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ, քանի որ բացի հանրահավաքներից, տեսասկավառակներից, գրքույկներից ու թերթերի հրապարակումներից, մենք առայժմ ժողովրդի հետ անմիջականորեն հաղորդակցվելու այլ միջոց չունենք:
Ավազակապետական համակարգի մերկացումը. Թեեւ վերջին տաս տարիների ընթացքում շատ քննադատություն է հնչել Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին, սակայն մինչեւ այս աշուն, նրանց ձեւավորած ավազակապետական համակարգի էությունը չէր բացահայտվել, եւ մեր հասարակությունը փաստորեն լիովին անտեղյակ էր, թե ինչպիսի երկրում է ապրում: Մարդիկ դժգոհում էին ամեն ինչից՝ սոցիալական վիճակից, գների աճից, դոլարի կուրսի անկումից, չդադարող արտագաղթից, խոսքի ազատության սահմանափակումներից, մարդու իրավունքների խախտումներից, պետական պաշտոնյաների կամայականություններից, կաշառակերությունից, հովանավորչությունից, մաքսային եւ հարկային ծառայությունների սանձարձակությունից, ոստիկանության ապօրինի գործողություններից, դատարանների եւ դատախազության կողմնակալությունից, քրեական հանցագործությունների աճից եւ այլն, բայց ըստ էության, չէին ըմբռնում, թե որն է այդ արատավոր երեւույթների պատճառը: Ընդ որում, օբյեկտիվորեն չէին էլ կարող դա ըմբռնել, որովհետեւ պետության լիակատար վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք հասարակական կարծիքի ձեւավորման ամենաազդեցիկ գործիքներն են, տասը տարի շարունակ գրեթե բացարձակապես անտեսել են նշված երեւույթները եւ ժողովրդին իրականության բոլորովին այլ պատկեր ներկայացրել: Եթե դատելու լինենք մեր հեռուստատեսությունից, ապա մենք ապրում ենք ծաղկուն, բարգավաճող, լուրջ տնտեսական նվաճումներ արձանագրող, իրավական, ժողովրդավարական, քաղաքակիրթ մի երկրում, որի հոգսերով տառապող պետական պաշտոնյաները գիշեր-ցերեկ մտածում են ժողովրդի բարօրության մասին՝ ձեռքի հետ էլ ժապավեններ կտրում, շքանշաններ բաժանում, տոնախմբություններ ու համերգներ կազմակերպում, ստեղծելով խրախճանքի, լավատեսության ու անհոգության երազային մի մթնոլորտ:
Ընդամենը երեք զանգվածային հանրահավաքների հետեւանքով, որոնցում լիովին բացահայտվեց Հայաստանի ներկա ավազակապետական համակարգի էությունը, իշխանական քարոզչամեքենայի տասը տարվա աշխատանքը, կարելի է ասել, մեկ օրում ջուրը թափվեց: Ժողովուրդն առաջին անգամ հնարավորություն ստացավ ծանոթանալու ողջ ճշմարտությանը, այդպիսով որոշ չափով հագեցնելով իր երկարամյա տեղեկատվական քաղցը: Հանրահավաքների, ինչպես նաեւ մեր տարածած գրքույկների եւ տեսասկավառակների նկատմամբ առկա արտասովոր հետաքրքրությունը մասամբ պետք է բացատրել, ահա, այդ տեղեկատվական քաղցով: Հասարակական կարծիքի ձեւավորման այս նոր մթնոլորտի ազդեցությամբ՝ պետական քարոզչամեքենան հայտնվեց կաթվածահար վիճակում, որի բացահայտ ախտանիշներն են նրա անկազմակերպ, հախուռն ու գռեհիկ հեռարձակումները: Ստի, կեղծիքի, ապատեղեկատվության վրա հիմնված քարոզչությունն այլ վախճան չէր կարող ունենալ: Վերջին հաշվով, ավազակապետական համակարգի մերկացումն էր այն գլխավոր գործոնը, որն առաջացրեց հասարակական կարծիքի վճռորոշ բեկումը:
Ամփոփելով կարճատեւ շրջանում Շարժման անդամների կատարած հսկայածավալ աշխատանքը, կարծում եմ, լուրջ հիմքեր կան պնդելու, որ ընտրական գործընթացի առաջին փուլն ավարտվեց վարչախմբի դեմ տարած մեր փայլուն հաղթանակով: Դրա անժխտելի վկայությունը ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության վրա հիմնված քաղաքական այն նոր իրավիճակն է, որն անհնար էր պատկերացնել թեկուզ երեք ամիս առաջ: Տվյալ իրավիճակը միաժամանակ այն հուսալի հենակետն է, որի վրա պետք է խարսխվի բազմապատիկ ավելի արդյունավետ մեր հետագա աշխատանքը:
Ընտրական գործընթացի հաջորդ փուլի խնդիրները
Կարելի է ասել, այսօրվանից սկսվում է ընտրական գործընթացի հաջորդ՝ վճռական փուլը, որի խնդիրների հստակեցմանն էլ նվիրված է, ահա, սույն ներկայացուցչական համաժողովը: Դրանք, բնականաբար, իրենց բնույթով որոշակիորեն տարբերվելու են առաջին փուլում իրականացված խնդիրներից, քանի որ թելադրված են բոլորովին այլ պահանջներով ու մարտահրավերներով: Եթե առաջին փուլում մեր աշխատանքը սահմանափակվում էր հանրահավաքների կազմակերպմամբ եւ դրանց տպագիր ու տեսահոլովակային նյութերի տարածմամբ, նպատակ հետապնդելով համապատասխան հասարակական կարծիք ձեւավորել, ապա առաջիկայում, կարծում եմ, հստակ ուշադրություն պետք է դարձնել կազմակերպչական հարցերի եւ քարոզչական դաշտի ընդլայնման վրա: Կազմակերպչականի տակ ես, առաջին հերթին, նկատի ունեմ հետեւյալ հրատապ խնդիրները.
Կենտրոնական նախընտրական շտաբի ստեղծումը. Շարժման ակտիվիստների գործունեությունը կազմակերպելու եւ համակարգելու կոչված այդ մարմինը ձեւավորվելու է օրենքով սահմանված ժամկետներում՝ ունենալով մոտավորապես հետեւյալ կառուցվածքը.
– Շտաբի պետ, որի նշանակումը գտնվում է իմ իրավասությունների շրջանակում, ըստ այդմ, քննարկման ենթակա չէ, ինչը չի նշանակում, անշուշտ, որ ես բացառում եմ դրա հետ կապված խորհրդակցությունների անցկացում:
– Քաղաքական խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են իմ թեկնածության պաշտպանությամբ հանդես եկած կուսակցությունների առաջնորդները կամ նրանց ներկայացուցիչները: Խորհրդի իրավասությունը նախընտրական քարոզարշավի ընդհանուր ռազմավարության մշակումն ու ինձ սատարող ուժերի գործունեության համակարգումն է: Քաղաքական խորհրդի նիստերը հրավիրելու եւ վարելու է նախընտրական շտաբի պետը:
– Գործադիր մարմին՝ կազմված գլխավորապես առայսօր գործող «Տեր‑Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի» աշխատակիցներից, որոնց ուսերին էր դրված ընտրական գործընթացի առաջին փուլի բոլոր միջոցառումների կազմակերպումը՝ պարտականություն, որ նրանք կատարեցին փայլուն կերպով: Դա հիմք է տալիս նրանց օժտելու նաեւ մեր Շարժման հետագա գործողությունները ղեկավարելու լայն լիազորություններով:
– Աշխատանքային բաժանմունքներ, որոնցում, ըստ ունակությունների եւ նպատակահարմարության, ներկայացված են լինելու համաժողովրդական Շարժման մեջ ընդգրկված բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ հիմունքներով ընտրված բազմաթիվ մասնագետներ: Նախատեսվում է, մասնավորապես, ստեղծել հետեւյալ բաժանմունքները՝ լրատվական, ինտերնետային, քարոզչական, վերլուծական, հրատարակչական, արտաքին կապերի եւ այլն:
Քանի դեռ Կենտրոնական շտաբը ստեղծված չէ, մեր գործունեության մեջ զգացվելու է աշխատանքների կազմակերպման ու համակարգման որոշակի պակաս, ծագելու են ինչ-ինչ անհամաձայնություններ ու թյուրիմացություններ, որոնք, սակայն, վստահ եմ, լիովին կվերանան, երբ այդ կարեւոր կառույցը, վերջապես, սկսի գործել:
Տարածքային գրասենյակների ձեւավորումը. Մենք ծրագրել ենք այդպիսի գրասենյակներ բացել Երեւանի բոլոր համայնքներում, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաեւ Հայաստանի նախկին շրջանային կենտրոններում ու քաղաքատիպ ավաններում: Թեեւ այդ ուղղությամբ աշխատանքը վաղուց սկսվել է, եւ շուրջ մեկ տասնյակ այդպիսի գրասենյակներ արդեն իսկ գործում են, սակայն տվյալ բնագավառում ձեռքբերված արդյունքներն առայժմ գոհացուցիչ չեն կարող համարվել: Ուստի Շարժումն իր առաջնահերթ խնդիրը պետք է համարի մինչեւ Նոր տարի ավարտին հասցնել այդ կարեւորագույն գործը:
Տարածքային գրասենյակները կոչված են իրականացնելու հետեւյալ հիմնական գործառույթները.
– Կենտրոնական շտաբից ստացված հրահանգների, ազդագրերի, հրատարակությունների, տեսանյութերի, մամուլի հրապարակումների արագ եւ կազմակերպված տարածումը՝ այն հաշվով, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի անտեղյակ չմնա մեր գաղափարներին ու ծրագրերին.
– Շարժման մասնակից բոլոր քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների տեղական կառույցների ողջ ներուժի օգտագործումը.
– Ամենօրյա քարոզչության եւ գյուղից-գյուղ, շենքից-շենք, տնից-տուն այցելությունների միջոցով Շարժման կողմնակիցների եւ համակիրների շրջանակի ընդլայնումը.
– Յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր փողոցում, յուրաքանչյուր շենքում քարոզիչների եւ համակիրների բջիջների ստեղծումը.
– Ակտիվ մասնակցությունը ընտրացուցակների կազմման եւ ճշգրտման գործում.
– Իշխանությունների կողմից ընտրական օրենքի խախտումների եւ այլ օրինազանցությունների արձանագրումն ու դրանց հիման վրա կազմված տեղեկանքների ներկայացումը Կենտրոնական շտաբ.
– Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանության, անվտանգության ծառայության, հարկային տեսչության, տեղական ինքնակառավարման մարմինների, թաղային հեղինակությունների եւ քրեական տարրերի ոտնձգություններից.
– Եւ վերջապես, ընտրությունների օրը տեղամասերում ընդհանուր վերահսկողության եւ դիտորդական առաքելության իրականացումը:
Տարածքային գրասենյակներին կարեւոր դեր է վերապահված նաեւ վստահված անձանց ինստիտուտի ձեւավորման, ինչպես նաեւ մարզային, շրջանային, համայնքային հանրահավաքների եւ քարոզչական այլ միջոցառումների կազմակերպման գործում:
Մարզային հանրահավաքների կազմակերպումը. Առաջիկա երկու ամիսների ընթացքում ես ծրագրել եմ հատուկ ժամանակացույցով այցելել հանրապետության մարզեր եւ նրանցից յուրաքանչյուրում առնվազն մեկական խոշոր հանրահավաք կամ դահլիճային հանդիպում անցկացնել: Նույնպիսի միջոցառումներ են նախատեսված նաեւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Բացի այդ, ես կաշխատեմ նաեւ՝ Շարժման ղեկավարության ուղեկցությամբ եւ քարոզչական ավտոերթերով, լինել որքան հնարավոր է շատ գյուղական բնակավայրերում՝ ժողովրդի հետ ավելի անմիջականորեն շփվելու եւ նրանց առօրյա հոգսերին ծանոթանալու նպատակով: Այդ շրջագայությունների ընթացքում, բնականաբար, կայցելեմ նաեւ տարածքային գրասենյակներ՝ կարճ խորհրդակցություններ անցկացնելով նրանց աշխատակազմերի եւ տեղական ակտիվիստների հետ: Մարզերում հանրային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման խնդիրը դրվելու է Կենտրոնական շտաբի եւ տարածքային գրասենյակների վրա: Քարոզարշավն ավարտվելու է՝ փետրվար ամսին, Երեւանի Ազատության հրապարակում, ծրագրված առնվազն երկու զանգվածային հանրահավաքներով:
Վստահված անձանց ինստիտուտի եւ դիտորդների դասի ձեւավորումը. Վստահված անձանց ինստիտուտում պետք է ընդգրկվեն ինչպես անվանի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ եւ այլն, այնպես էլ ընտրությունների վերահսկման փորձ ունեցող մասնագետներ: Վստահված անձանց թեկնածությունները պետք է քննարկվեն տարածքային կառույցներում եւ հաստատվեն Կենտրոնական շտաբի համաձայնությամբ: Ինչպես Կենտրոնական շտաբում, այնպես էլ տարածքային գրասենյակներում վստահված անձանց համար անհրաժեշտ է կազմակերպել մեթոդական կարճատեւ դասընթացներ՝ բացատրելու համար նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ինչ վերաբերում է դիտորդների դասին, ապա անհրաժեշտ է այդ հարցում սերտորեն համագործակցել նման առաքելության իրավունք ունեցող տեղական հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ:
Հասկանալի է, որ առաջիկա ամիսներին եւ մանավանդ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հնարավոր են նաեւ այլ տիպի, երբեմն չնախատեսված, միջոցառումներ՝ համերգներ, երթեր, բողոքի ցույցեր, տարածաշրջանային ժողովներ եւ այլն:
Շարժման քարոզչության հիմնական ուղղվածությունը
Մեր նախընտրական քարոզչության գլխավոր ուղղությունը լինելու է Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբի լիակատար մերկացումն ու նրա վերարտադրության անթույլատրելիության գիտակցության արմատավորումը: Շարժման յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա ժողովրդին բացատրել հակակշիռներից զուրկ պետական բուրգի վտանգավորությունը, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության կենսական անհրաժեշտությունը, իրավական պետության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը, երկրում առկա հոռի երեւույթների՝ կաշառակերության, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների, տնտեսական մրցակցության բացակայության, սոցիալական վիճակի վատթարացման, հանցագործությունների աճի, արտագաղթի շարունակման, մշակույթի անկման, բարքերի արատավորման պատճառները:
Պատճառներից հիմնականը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստեղծած թաթար-մոնղոլական տիպի պետական համակարգն է, որի գոյության իմաստը իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումն է՝ ի հաշիվ օտար զանգված դիտվող ժողովրդի բարեկեցության եւ արժանապատիվ կյանքի: Այդ համակարգի էությունն ու գործողության մեխանիզմը ես հանգամանորեն ներկայացրել եմ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի իմ ելույթում, ուստի հարկ չեմ համարում ծավալվել դրա շուրջ: Իշխանության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտեսագիտության, ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ:
Հաջորդ ակնհայտ պատճառը իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքականությունն է, որում հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Ինչպես արդեն նշել եմ, տնտեսական բնագավառում մեզ մոտ ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց կամքով ու հրահանգներով: Պետության ամենաբարձր պաշտոնյաների գրասենյակներում են որոշվում, մասնավորապես, սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը: Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա համատարած մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում: Ընդ որում, մոնոպոլիզացիան առաջացել է ոչ թե բն