Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել գեղանի ոստիկանուհու մասնակցությամբ միջադեպը
ՀասարակությունArmtimes.com / Ոստիկանությունը տեղյակ է երեկ Չարբախում «Ելք» դաշինքի քարոզարշավը խոչընդոտել փորձած ոստիկանության աշխատակցուհի Մարիաննա Նիասյանի վերաբերյալ մամուլի հրապարկումներին:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հավելելով, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որը թիմակիցների հետ երեկ քարոզարշավ էր անցկացնում Շենգավիթ վարչական շրջանում, ֆեսյբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնել էր Չարբախ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ես խոսում էի, ոստիկանության համազգեստով գեղանի աղջիկը եկել է, թեւիցս քաշում է, ասում է՝ մի հատ ձեր միտինգը հավաքեք ստեղից: Ես ասացի`ներկայացեք, նա փախավ, մտավ Շարուրի 14 շենքի բնակարաններից մեկը»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը: Նա միջադեպի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը: