«Այդ թերթի տերը բռնաբարություն է արել, կգրե՞ք». Վարդան Ղուկասյանը՝ որդու ծեծուջարդի մասին
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ օրեր առաջ Գյումրիում աղմկալի ծեծուջարդ է եղել՝ Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ս. Ղուկասյանը իրենց պատկանող, բայց վարձով տրված գազալցակայանում ծեծել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:
Armtimes.com-ը դեպքի առնչությամբ զրուցել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
- Պարոն Ղուկասյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Ձեր որդին ներգրավված է եղել ինչ-որ կռվի մեջ: Ճի՞շտ է:
- Ասենք, որտեղի՞ց են հիմքը վերցրել, հիվանդանոց դիմածներ կա՞ն, հայտարարություն կա՞: Հիմա, որ մեկը գրի «Ժողովուրդ» օրաթերթի տերը բռնաբարություն է արել, բոլորդ մի անգամից վերցնելու եք եւ գրե՞ք: Օդի մեջը լսել ու գրել են, ինչքա՞ն կարելի է: Էդ անձնավորությունների մասին, որ գրում եք՝ դրանք իմ տան տղեքն են, իմ հարազատներն են, իմ մոտիկներն են: Այդ մարդիկ մեզ են պաշտպանել (ընտրություններում-խմբ) դրա համա՞ր են այսպիսի բաներ գրում: Վերջացավ էլ նման հիմար տեղեկությունների չեմ արձագանքում: Դա հերթական հիմարությունն է: