Ինչ է պատմել ոստիկաններին Սպարտակ Ղուկասյանը
ՀասարակությունՔիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, հրավիրվել է ոստիկանության Մուշի բաժին` բացատրություն տալու: Նշենք, որ սա կապված է օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի է ենթարկել աշխատակիցներին: Դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգնած է կուրանալու վտանգի առաջ: Եվ ահա, մեզ հայտնի դարձավ նաև, որ Սպարտակ Ղուկասյանը ոստիկանությունում հայտարարել է, որ որևէ միջադեպ չի եղել: Ավելին, ոստիկանություն է հրավիրվել նաև Աղասի Ջանոյանը, ով նույն բացատրությունն է տվել: Իսկ ահա, վերջինիս քրոջ որդուն` գլխավոր հերոսին, ով «կուրանալու վտանգի առաջ է կանգնած», դեռևս հայտնաբերել չի հաջողվել: Այդ ուղղությամբ իրավապահները քայլեր են ձեռնարկում: