Ազգային ժողովը նոր փոխնախագահներ ունի
ՔաղաքականությունՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովն արդեն ունի երեք փոխնախագահ, որից երկուսն առաջին անգամ են այդ պաշտոնում աշխատելու: Այսօր կատարված փակ-գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի երեք փոխխոսնակներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը «Հանրապետական» խմբակցությունից, իսկ Միքայել Մելքումյանը՝ «Ծառուկյան դաշինք» պատգամավորական խմբակցությունից:
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, Էդուարդ Շարմազանովին կողմ քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 13, անվավեր քվեաթերթիկների թիվը 3-ն է: Արփինե Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ 22, անվավեր է եղել 5 քվեաթերթիկ, իսկ Միքայել Մելքումյանին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29, անվավեր է եղել 6 քվեաթերթիկ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց ԱԺ նորընտիր փոխնախագահներին եւ կարճ ելույթների հնարավորություն տվեց, որից հետո Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը նստեցին փոխնախագահների տեղերում: