«Կուշտ ենք ղշլաղեցի քաղաքապետերից»․ վանաձորցիները փոփոխություններ են ուզում
ՔաղաքականությունHraparak.am-ը գրում է․
Վանաձորում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածուների ներկապնակը, թերեւս, ամենահարուստն է: Վանաձորցիներն այս բազմազանության մեջ ճիշտ կողմնորոշվելու ու ըստ այդմ ընտրություն կատարելու խնդիր ունեն: Վանաձորի մեր աղբյուրները հայտնում են, որ նախընտրական խլրտոցներն արդեն իսկ սկսվել են: Մասնավորապես, ակտիվ են ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին «ագիտացիա անողները»: «Ընտրակաշառքի խոստումներ է՞լ են տրվում» հարցին մեր աղբյուրը պատասխանեց. «Առայժմ որեւէ բան ասել չեմ կարող, բայց նոտարի սիրուն աչքերի համար ոչ մեկը չի պատրաստվում նրան ձայն տալ»:
Տեղացիներից մեկն ասաց․ «Կուշտ ենք անբարեհույս, միայն իրենց շահի համար աշխատող ղշլաղեցի քաղաքապետերից։ Ինտելեկտուալ, ձեռնահաս քաղաքապետ ենք ուզում՝ Քրիստ Մարուքյանի նման։ Հասարակ, համեստ ընտանիքի զավակ է, մայրը փոստի աշխատող է եղել, հայրը՝ էքսկուրսավար։ Եթե ՀՀԿ-ի թեկնածուն ընտրվի, չենք զարմանա, բայց որ Մարուքյանը դառնա քաղաքապետ, կուրախանանք»: Վանաձորցիների շրջանում մեծ ճանաչում ունեն նաեւ ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» թեկնածուները:
Նշենք, որ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը քաղաքը ղեկավարում է 1999-ից: ՀՀԿ-ն որոշեց նրան այս անգամ որպես թեկնածու չառաջադրել: Քաղաքապետի թեկնածուներն են նոտար Մամիկոն Ասլանյանը (ՀՀԿ ), բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը (ԲՀԿ), բիզնեսմեն, ավագանու անդամ Արկադի Փելեշյանը («Հայկական վերածնունդ»), Հայաստանի մանուկների հիմնադրամի «Սմարթ» նախաձեռնության Լոռու մարզային ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»), դասախոս Վահան Ղույումչյանը («Համախմբում»), կրթական ծրագրերի պատասխանատու Նելսոն Մամուլյանը (ՀՅԴ), «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը (ՀԱԿ), ուսուցիչ Արամ Խաչատրյանը («Քաղաքացիական պայմանագիր»):