Ջրամբարում ջրահեղձ եղած զինծառայողների գործով պաշտոնանկություններ կան
ՀասարակությունArmtimes / Սույն թվականի մայիսի 8-ին Արցախի հյուսիսային հատվածի զորամասերից մեկի տարածքում գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած զոհված ժամկետային երեք զինծառայողների հետ կապված միջադեպից հետո պաշտոնանից հեռացվել են զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները:
Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական լրագրություն» դասընթացի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ նաեւ տույժերի ենթարկված անձինք կան:
Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ տույժերի են ենթարկվել, Հակոբյանը միայն պատասխանեց, որ մի շարք զինծառայողներ տույժի են ենթարկվել:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս: