12 տարի շարունակ՝ բռնություն ամուսնու կողմից
ՀասարակությունՔրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործը ջրի երես է հանել ընտանեկան դաժան բռնության դրսեւորումները: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` տուժողն ամուսնացել է 2005 թվականին եւ համատեղ կյանքում ունեցել 2 երեխա` 2009 և 2015 թվականներին:
Անցած 12 տարիների ընթացքում կինը պարբերաբար ամուսնու կողմից ենթարկվել է ծեծի ու բռնության, անգամ երբեմն գործի է դրվել ատրճանակը, որով տան մեջ կրակել է` չնայած մանկահասակ երեխաների առկայությանը, կոտրել գույքը, որպիսի պայմաններում կինն ու երեխաները գտնվել են մշտական վախի մթնոլորտում:
Մեր տեղեկություններով կինը հաղորդում է ներկայացրել Տիգրան Մարտիրոսյանի կողմից իրեն պարբերաբար ծեծի ենթարկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ:
Ավելի վաղ ՔԿ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, իսկ հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Բացի այդ` քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ եւ նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: