Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի գործակալ․ ո՞վ է ի վերջո Վահան Մարտիրոսյանը
ՀասարակությունPolitik.am / Օրերս սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ ամիսներ առաջ Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, որ Ադրբեջանը բռնապետություն է, և չի կարելի հավատալ այդ երկրի խաղաղասիրական հայտարարություններին: Մարտիրոսյանի խոսքով, Ադրբեջանի խաղաղասիրական հայտարարությունների տակ թաքնված է ռազմատենչությունը: Այն, որ Ադրբեջանը խաղաղասեր չէ և ամեն գնով փորձում է Արցախի խնդրին ռազմական լուծում տալ, սենսացիա չէ, սենսացիա է այն, որ դա ասում է ամիսներ շարունակ Ադրբեջանից Հայաստանի հասցեին ամենավերջին խոսքերն ասող գործիչը:
Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանը ողջ ընթացքում իր խոսքը կարդում էր իր դիմաց դրված համակարգչի էկրանից: Սա ապացուցում է, որ նա հանդես չի գալիս իր խոսքով, այլ նրան տվել են անհրաժեշտ տեքստ, որը նա կարդում է (իր ելույթում չկային թվային տվյալներ կամ այլ փաստեր, որոնք անհրաժեշտ լիներ կարդալու): Մարտիրոսյանը նաև չի բացատրում, թե որն էր պատճառը ապաստան հայցելու, իր խոսքով, բռնապետական երկրում: Եվ ինչու էր նա այնտեղից ամենավերջին ձևով խոսում Հայաստանի մասին:
Վահան Մարտիրոսյանի այս ելույթից հետո, նրա գործունեության վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում, որոնք իրատեսական են: Ըստ առաջին վարկածի, Մարտիրոսյանը հենց սկզբից էլ ՀՀ հատուկ ծառայությունների հրահանգն է իրականացրել և դավաճանի քողի տակ հայտնվել է այդ երկրում՝ փորձելով ներսից հասկանալ, թե ինչպիսի պրոցեսներ են գնում այդ երկրի հասարակական կյանքում: Եվ երբ ադրբեջացիները սկսել են ավելի շատ օգուտ քաղել Մարտիրոսյանի գործունեությունից, նշված հայտարարության անհրաժեշտությունն է առաջացել:
Հաջորդ վարկածի համաձայն, Վահան Մարտիրոսյանը շարունակում է մնալ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ և այս նոր հայտարարությամբ նոր ծրագիր է իրականացվում: Այս վարկածի կողմնակիցները կարծում են, որ կարճ ժամանակ անց Վահան Մարտիրոսյանը նոր հակահայ ծրագրով հանդես կգա:
Հ.Գ. Ի վերջո ո՞րն է ճշմարտությունը, այս պահին դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որ Վահան Մարտիրոսյանը շարունակում է իր խաղը: