Վովա Գասպարյանին դատի տված լրագրողի գործով նիստը կրկին հետաձգվեց
ՀասարակությունԿենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց «լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործով քննությունը: 1in.am կայքի լրագրող Սիրանույշ Պապյանը, հիշեցնենք, դիմել է ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` պատիվը եւ արժանապատվությունը վիրավորելու հայցով: Հիշեցնենք, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանության բարեփոխումները տեսանելի չեն, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»: Նախնական դատական նիստը մեկ անգամ արդեն հետաձգվել էր` հայցի լրացման համար: Այսօր նիստը հետաձգվեց պատասխանողի միջնորդությամբ: Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացրել դատարանին`նշելով, որ ամսի 29-ին ստացել է լրացումները: Պատասխանողի ներկայացուցիչը նկատել էր, որ հայցվորն, ըստ էության փոխել է հայցի առարկան, քանի որ երկու կետով հայցապահանջի ավելացում կա: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 5-ին, ժամը 14. 30-ին:
«Առավոտ»