Ով է քաշել Ալիևին
ԱշխարհԼՐԱԳԻՐ / ԱՄՆ-ն անհանգստացած է մայիսի 30-ին Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման եւ Բաքվում ձերբակալության կապակցությամբ: ԱՄՆ-ն անհանգստացած է նաեւ մայիսի 25-ին Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի ձերբակալությամբ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց ազատությունները միջազգային պարտավորություններին համապատասխան իրացնող անձանց: Մենք հետևելու ենք Վրաստանում առևանգման հետաքննությանը եւ կոչ ենք անում, որ այն թափանցիկ ու ժամանակին արվի», - նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում:
Վրաստանում ապրող Ադրբեջանի քաղաքացիների ենթադրյալ առևանգումն ու անօրինական ձերբակալությունը պահանջում են արագ, մանրամասն ու թափանցիկ հետաքննություն: Այս մասին նշված է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Ո՞վ է առևանգել լրագրողին և ինչու՞: «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիվի Թարգամաձեն կարծում է, որ առևանգումն իրականացվել է ադրբեջանցի ազդեցիկ գործարար-պաշտոնյայի պատվերով, որի գործընկերն է Բիձինա Իվանիշվիլիի զարմիկ Ուչա Մամացաշվիլին:
Թարգամաձեի խոսքով, այդ գործարարը ցանկանում էր նվեր անել իր ղեկավարությանը: Նա խնդիրներ ունի միջազգային արդարադատության հետ և Մամացաշվիլիին խնդրել է օգնել, ասել է Թարգամաձեն:
Եթե առևանգումն իրոք ինչ-որ մեկի անձնական նախաձեռնությունն էր, ապա այն արջի ծառայություն է Իլհամ Ալիեւին: Դատելով ԱՄՆ ու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների արձագանքից՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու դեպքում Ադրբեջանին պատժամիջոցներ են սպառնում: Ադրբեջանական ղեկավարությունը կամ ստիպված է լինելու հանձնել գործարար-պաշտոնյային, որը որոշել էր «բարի գործ» անել, կամ էլ կրակն իր վրա վերցնել: