Հերթական վճիռն՝ ընդդեմ Հայաստանի
Հասարակություն«Չորրորդ իշխանության» փոխանցմամբ, երեկ հայտնի է դարձել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության հերթական որոշումն է կայացրել։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին՝ 15 հազար եվրո փոխհատուցում վճարել տուժող Սիլվարդ Այվազյանին։ Նկատենք, որ սա բավականին ուշագրավ դատավարություն էր. խոսքը 2006 թվականին ոստիկանների կրակոցներից մահացած Սեյրան Այվազյանի գործին է վերաբերվում։ 2006թ. մարտի 6-ին Այվազյանն իր մոտ եղած դանակով Լոռու մարզի Օձուն գյուղում հարձակվել էր նույն գյուղի երկու բնակիչների վրա, որից հետո թաքնվել իր տանը։
Ոստիկանության 6 աշխատակից նրան վնասազերծելու նպատակով հարկադրաբար բացել էին դուռը, ներս մտել։ Այվազյանը դանակի հետնամասով հարվածել էր ոստիկաններից մեկին, ինչից հետո 4 իրավապահներ 15 անգամ կրակել էին նրա ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից Սեյրան Այվազյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Այվազյանների փաստաբանը՝ Կարեն Թումանյանը, նշել էր, որ Սեյրան Այվազյանը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել։ Մահացածի քույրն էլ պնդել է, որ իրականում իր եղբայրը վտանգ չի ներկայացրել նրա վրա կրակած ոստիկանների կյանքին, եւ նրանք պարզապես սպանել են Սեյրան Այվազյանին ոստիկանին վիրավորելու համար։
Փոխհատուցումը կստանա մահացած Այվազյանի քույրը, որը դիմել էր ՝ ՄԻԵԴ՝ պնդելով, որ նախաքննական մարմինը ապօրինի կերպով կարճել է քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ նախաքննական մարմինը պատշաճ ու բազմակողմանի քննություն չի կատարել` պարզելու համար, արդյոք իրավաչափ էին ոստիկանների գործողությունները, թե՞ ոչ։