Հրատապ 300 մլն դրամ՝ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգմանը
ՏնտեսությունԼոռվա մայրաքաղաքի ներքաղաքային ճանապարհների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել:
«Բացի այդ, քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաև հրատապ ծրագրերի շրջանակներում և Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել և նշված 300 մլն-ն ուղղել այն ճանապարհների վերանորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:
Այսպիսով, բացի հրատապ ծրագրերով և քաղաքապետարանի բյուջեով մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար նախատեսված միջոցներից, այդ հարցի լուծմանը կուղղվի ևս 300 մլն դրամ»,- պարզաբանել է քաղաքապետը: