Հայերեն


«Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 2018 թվականին, ավելի կոնկրետ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, այսօր նույնիսկ չենք էլ խոսի այն մասին՝ մեզ հատո՞ւկ այս կարգավիճակին հասցրեցին, թե՞ անփորձության հետևանք էր սա։ Հետագայում ոչ միայն պատմության, այլ քրեական գործի շրջանակներում այս հարցերն իրենց պատասխանները կստանան»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, երբ անդրադառնում ենք մեր շուրջը և մեզ հետ տեղի ունեցող իրադարձություններին։ Առաջարկում է վերհիշել, թե Ադրբեջանն ինչ էր անում Արցախյան պատերազմից հետո։ «Այն բառամթերքը, բառապաշարը, որը հիմա տեսնում ենք Ադրբեջանից, այնպես չէ, որ 1994 թվականի մայիսից իրենք օգտագործում էին։ Ժամանակի ընթացքում իրենք մի կողմից բանակցային գործընթաց էին վարում, մյուս կողմից, հատկապես իքս փուլից սկսած, սկսեցին շատ ակտիվ զինվել, և ռազմական առումով խնդիրները լուծելու ամենամեծ փորձը եղավ Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս առումով Ադրբեջանի պատմությունից էլ պետք է մեզ համար դասեր քաղենք։ Այստեղ հարցը հետևյալն էր՝ Ադրբեջանը մի կողմից ժամանակ էր ձգում, մյուս կողմից, Ալիևի խոսքերով, 2018 թվականի իրադարձությունները ներդրում ունեցան։ Զուգահեռ այնպես էին զինվում, որ կարողացան ռազմական ճանապարհով իրենց խնդիրների զգալի հատվածը լուծել։ Ինչո՞ւ եմ ասում զգալի, որովհետև շատ բաների, ինչին ռազմական ճանապարհով չհասան, այստեղից պարզապես հանձնեցին։ Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, դեկտեմբերն էր, Նիկոլ Փաշինյանը երթով իր կողմնակիցների հետ շարժվեց դեպի Եռաբլուր։ Այդտեղ իր կողմնակիցները մի թեզ էին կրկնում՝ Ադրբեջանը հիմա այդ տարածքները վերցրել է, մենք մի քիչ ուժ կհավաքենք, իրենք այդ տարածքները կվերականգնեն, կգնանք, արդեն վերականգնած տարածքները հետ կվերցնենք։ Այս թեզն այն ժամանակ հասարակությանը հրամցրեցին, 2021 թվականի ընտրություններում վերարտադրվեցին, հետո ինչ կար-չկար հանձնեցին։ Տրամաբանությունը, որ պարտված լինելով՝ չես խոսում արյունալի ռևանշի մասին, հասկանալի է, բայց հասկանալի է, եթե ներքուստ քո հասարակությունը վերափոխում ես, բանակը վերազինում ես, իսկապես պատրաստվում ես, եթե չասենք ռևանշի, այլ գոնե անհրաժեշտ պահին հակահարված հասցնելու։ Մեր պարագայում գործում է մեկ այլ բան. հասկանալով, թե ինչ ես արել քո երկրի, պետության հետ, առաջնորդվում ես հետևյալ սկզբունքով՝ չկա պետություն, չկա խնդիր։ Այսինքն՝ մի իրավիճակում, երբ աշխարհում բոլորը պատրաստվում են նոր պատերազմական գործողությունների, բայց դու հասարակությանը և պետությանը պատրաստում ես խաղաղության, սրանով հայտ ես ներկայացնում, որ մոտակա ցանկացած խնդրի պարագայում, եթե քո իշխանության ժամանակ այդ խնդիրը եղավ, կարող ես Հայաստանը հասցնել Արցախի կարգավիճակին, այսինքն՝ լուծարման։ Բայց եթե Հայաստանը լուծարվում է, էլ չի լինելու այն սուբյեկտը, որը կարող է քեզ պատասխանատվության ենթարկել։ Եթե այս տրամաբանությամբ վերլուծում ենք, հասկանում ենք, թե ինչի համար են սա անում, բայց ներքուստ հասարակությանն այն թեզն են վաճառում, որ պետք է վերազինվենք, պատրաստ լինենք մեզ պաշտպանել, բայց իրականությունն ու խոսքերը 180 աստիճանով տարբերվում են»,նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողների շարքում, կարծես թե, առաջատարը հիմա ԱՄՆ-ն է։ Հանդիպումներ, քննարկումներ, օրերս էլ հայտնի դարձավ, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան՝ Հայաստան և Ադրբեջան։ Արդյո՞ք այս «խաղաղության գործընթացի» ներքո ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին նույն՝ հավասար հնարավորություններ է տալիս։ «Հարցին պատասխանելու համար պետք է դեպի Եվրամիություն նայենք։ Ճիշտ է, ֆորմալ առումով այս պահի դրությամբ գոնե կարող ենք ֆիքսել, որ Վաշինգտոնի և Բրյուսելի մեջ կան հակասություններ, որովհետև Վաշինգտոնը, ըստ երևույթին, առաջնորդվում է այլևս ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերությունների տրամաբանությամբ և հրաժարվում է վճարել եվրոպական անվտանգության համար։ Մի հետաքրքիր իրողություն անցյալ շաբաթ աչքովս ընկավ, որը, կարծում եմ, բավականին լավ նկարագրում է մեր հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի, այլև ԱՄՆ-ի հետ։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կաջակցի Ադրբեջանին՝ վերականգնելու երկաթգիծը Նախիջևանում, իսկ Հայաստանը հնարավորություն է ստացել ԵՄ-ի շենքի առջև կառուցել հուշարձան՝ նվիրված մեր այբուբենին։ Սրանից հետո ասել, թե մեզ հավասար են ընկալում Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինքնախաբեություն կլինի։ Երկրորդ՝ մինչ վերջերս լրատվամիջոցները, նաև իշխանության հետ շաղկապված փորձագետները, քաղաքական գործիչները խոսում էին ԱՄՆ փոխնախագահի այցի մասին Հայաստան, այլ ոչ թե տարածաշրջան։ Բայց տեսանք, որ տեղի ունեցավ Դավոսի ֆորումը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը երկու առանձնազրույց է ունեցել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նախագահի հետ։ Դրանից հետո որոշում է կայացվել, որ Վենսը այցելելու է նաև Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ նույնիսկ սիմվոլիկ տեսանկյունից Վենսը այցելի նաև իրենց երկիր։ Նաև զարմանալի չի լինի, եթե Վենսը մի նոր փաստաթուղթ ստորագրի Հայաստանի իշխանությունների հետ «TRIPP»-ի վերաբերյալ, նա մի նոր փաստաթուղթ էլ կստորագրի Ադրբեջանի իշխանությունների հետ, ու այստեղ ևս մեկ անգամ կամրագրվի այն հանգամանքը, որ Հայաստանով անցնող կոմունիկացիայի փայատերը պաշտոնական Բաքուն է։ Սա է Միացյալ Նահանգների վերաբերմունքը մեր, մեր տարածաշրջանի նկատմամբ»,-նկատում է քաղաքագետը։

Անցնող ութ տարվա ընթացքում տեղի ունեցած ողբերգությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն ինքնավստահ կերպով հայտարարում են առաջիկա ընտրություններում իրենց լիակատար հաղթանակի մասին։ «Այս հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը՝ համոզելու, որ իրենք անպայման վերարտադրվելու են և այլն, այլ առաջին հերթին իրենց քաղաքական թիմին, էլ ավելի շատ՝ պետական կառավարման համակարգին, ուժայիններին։ Ցանկացած բյուրոկրատական համակարգի կայունությունը պայմանավորված է նաև հետևյալով. որքան են վստահում առաջնորդին, որքան են վստահում առաջնորդի քաղաքական կուրսին, և որքանով է առաջնորդը կարողանում իր խոսքն ու գործը համադրել։ Երբ ասում են, որ իրենք անպայման «50+1» են ստանալու (անցած շաբաթ մամուլում նաև նյութ կար, որ իրենք «60+1»-ի են հավակնում), իրենք պետք է ինչ-որ բան ներկայացնեն, որն ապացուցում է իրենց ընտրած քաղաքական կուրսի ճիշտ լինելը, և դրա վրա հիմնվելով էլ պետք է մտնեն ընտրական փուլ՝ հույս ունենալով, որ պայմանականորեն ոստիկանությունը և այլ հատուկ ուժեր իրենց չեն դավաճանի։ Այդ ներկայացվելիքը դարձել է ադրբեջանական բենզինը։ Երբ Ալիևը թույլ է տալիս, որ Ադրբեջանի տարածքով ինչ-որ ապրանքներ գան Հայաստան, կամ ադրբեջանական ապրանքները վաճառում է Հայաստանին, սա ուղերձ է ոչ միայն հայ հասարակությանը, որ՝ ժողովուրդ, պայմանականորեն խաղաղությունը եկել է, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու, այլ սա ուղերձ է նաև պետական ապարատին, թե՝ ինչ ասում էր ձեր առաջնորդը, եղել է, դրա համար պետք է լոյալ լինեք իրեն, դրա համար պետք է իրեն որպես հենարան լինեք՝ գալիք ընտրություններում վերարտադրվելու համար։ 50 կամ 60 տոկոսի մասին իրենց խոսքերը հիմնված են Ալիևի աջակցության վրա, նրա վրա, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավանություն է տալիս իրենց ընտրած կուրսին, ինչն առնվազն կարելի է դիտարկել որպես աջակցություն հենց գործող կառավարությանը, որովհետև, գործող կառավարությունից բացի, Հայաստանում ոչ ոք հայտ չի ներկայացրել այն տեսակ քաղաքականություն վարել, ինչպիսին վարում է Նիկոլ Փաշինյանը։ Այս՝ հիսուն-վաթսուն տոկոսի մասին հայտարարություններով նրանք փորձում են ազդել հասարակական տրամադրությունների վրա, բայց առաջին հերթին սա անհրաժեշտ է, որ պետական ապարատն իրեն ճիշտ պահի։ 2018 թվականին իրենք չէին ասում, որ պետք է 70-80 տոկոս ձայն հավաքեն, 2021 թվականին չէին ասում, որ պարտադիր իքս տոկոս պետք է հավաքեն, թեպետ, բնականաբար, ճիշտ է՝ ուզում էին պահպանել իշխանությունը։ Անընդհատ թվեր ասելու այս միտումն ավելի շատ վկայում է այն մասին, որ իրենք խնդիր ունեն և՛ իրենց, և՛ պետական ապարատին համոզելու, թե՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ ճիշտ է ընթանում, շարունակեք ապահովել լոյալությունը մեր հանդեպ»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում
Ամենադիտված