Այս երկրի ինչի՞ն է պետք արդարադատության նախարարությունը
ՔաղաքականությունՀասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ում գրում է․
Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը սուսիկ- փուսիկ հեռացավ, ոնց որ թե բացվում է: ...Ու բացվում է պաշտոնական աղբյուրների տվյալներով: Դավիթ Հարությունյանն այնպե՜ս հիմնավոր է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները, տարեցտարի աճող վճիռների քանակը, որ քիչ է մնում ասես՝ Հայաստանում ի՜նչ պարտադիր է ունենալ դատական համակարգ, միանգամից քաշքշուկներից ազատվելու համար դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ջհաննամ, թե դատական սխալի համար մեր գրպանից ենք փոխհատուցում:
Վարչապետին էլ այնպե՜ս անուշ է բացատրում. «Պատճառները, կարծում եմ, պարզ են, պարոն վարչապետ, մեր դատական համակարգում առկա սխալներն են: Բոլոր երկրներում էլ լինում են սխալներ դատական համակարգերում: Բայց երկրի դատական համակարգերում երբ սպառվում են սխալը շտկելու հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Կծիկը բացվում է: Դատական ու արդարադատության համակարգը ոնց ոչ թե... փլվում է: Ու զարմանում ես՝ ինչու՞ է Կոստանյանը մենակ հեռացել... Ու՞ր է արդարադատությունը, երբ Արդարադատության նախարարը դեռ տեղում է... Ինքը վճիռներին մասնակից չի, բայց մի երկրում, ուր սպառվում է սխալը շտկելու հնարավորությունը, այդ երկրի ինչի՞ն է պետք Արդարադատության նախարարությունը: