«Ես դրանց սաղի պատասխանն էլ ընդհանուր կտամ»
ՀասարակությունԱրշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը մամուլում անդրադարձել էր Էջմիածնում սպասվող ՏԻՄ ընտրություններին եւ հայտարարել, թե իր ազգական գեներալ Մանվել Գրիգորյանը քաղաքին վերաբերվում է որպես իր հոր սեփականություն եւ քաղաքը կառավարում է ըստ քմահաճույքի: Նաեւ, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ինքը՝ Զարզանդ Գրիգորյանը, սակայն պտուղները քաղել է Մանվելը: «Մենք կռվել ենք, Մանվելը միլիոնատեր, զորավար ու դեպուտատ է դարձել»,-araratnews.am-ին ասել էր Զ. Գրիգորյանը: Նրա այս հայտարարությունից հետո գեներալի եւ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից պատասխան «կրակոց» արձակվեց: Մասնավորապես՝ ԵԿՄ որոշ անդամներ անարգանքի սյունին գամեցին Արշալույսի գյուղապետին՝ նրան պիտակավորելով ու անվանելով «անաղուհաց քրդի շուն»: Իսկ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «սրիկայություն» որակեց Զ. Գրիգորյանի հայտարարությունը եւ նրան անվանեց «աբիժնիկ»:
«Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած արտահայտություններին եւ պատրաստվո՞ւմ եք արդյոք պատասխանել դրանց»՝ հարցրինք Արշալույսի գյուղապետին: «Տեղյակ եմ, որ նման բաներ են ասել, որ ես անաղուհաց քրդի շուն եմ… Ես դրանց սաղին իմ ասելիքն արդեն ասել եմ: Սպասում եմ տենամ՝ է՞լ ինչեր են իմ մասին ասելու, գրելու, ու մի քանի օրվա մեջ ընդհանուր սաղի պատասխանն էլ կտամ, պրոբլեմ չկա»,-ասաց նա: Լուրեր կան, թե իբր Մանվել Գրիգորյանը բանագնացների միջոցով հաղորդել է իր ազգականին՝ իրեն «ռամկեքի մեջ պահել», ավելորդ չսրել արդեն տեւական ժամանակ սրված հարաբերություններն ու չխառնվել Էջմիածնի ընտրություններին: «Տո չէ-հա՜, այ ցավդ տանեմ, տենց բան չկա… ո՞վ կարա իմ մոտ գա՝ նման բան ասի: Էլի կրկնում եմ՝ մի քանի օրվա մեջ էդ սաղ հարցերի պատասխանները ես կտամ»,-կրկին հայտարարեց Գրիգորյանը: Նա նաեւ, որպես մեր բազմաբովանդակ զրույցի ֆինիշ, հայտարարեց. «Էն էլ ասեմ, որ ես Ղարաբաղում եղել եմ, կռվել եմ, վիրավորվել եմ: Աստված չանի, եթե էլի պետք ըլնի, էլի կեթանք, էլի կկռվենք, մենք պրոբլեմ չունենք: Իմիջիայլոց ասեմ՝ 17 տարեկանում եմ ես էլե Ղարաբաղ: Լավ էլեք դուք»: Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում սատարում է քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ Զ. Գրիգորյանն իր հարյուր տարվա ընկերն է, եւ եկել է պահը, որ նա կանգնի իր կողքին, ինչպես ժամանակին ինքն է կանգնել նրա կողքին ու աջակցել գյուղապետ դառնալու հարցում: