«Քեթրին գրուպ» զինված մուտք գործելու մասին լուրի առնչությամբ ՊԵԿ-ը մեկնաբանություն է տվել
Տնտեսություն«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՊԵԿ լրատվականից:
«Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակից մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որեւէ աղերս չունի»,- ասված է ՊԵԿ-ի տրամադրած պարզաբանման մեջ:
Հունիսի 9-ին հայաստանյան լրատվամիջոցները էլեկտրոնային նամակ ստացան, համաձայն որի, ՊԵԿ զինված աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ընկերության տարածք: Նամակում, մասնավորապես, ասված էր. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակից մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»:
«Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանն armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասել է, որ ՊԵԿ աշխատակիցները հարկային ստուգումներ են իրականացրել, բայց զինված չեն եղել: