Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց
ՀասարակությունԿոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք առաջադրվեց:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, որն սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վրաերթի պահին ղեկին գտնվել է Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին։ ՀՀ ՔԿ-ն երեկ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ դեպքի վայրում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ և հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը, սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16-17 տարեկան պատանի։