Օձը խայթել է 8-ամյա Արմանին․ մանրամասներ
ՀասարակությունԱռաջին / Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր քաշաթաղցի մի երեխայի, որին օձը խայթել էր, և մեծ ջանքեր էին պահանջվել երեխային Երևան հասցնելու համար:
Հունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվել Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գևորգյանը, որը ստացել է առաջին բուժօգնությունը:
Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լուսինե Սարգսյանն իր անձնական մեքենայով երեխային տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն: Քանի որ երեխայի վիճակը ծանր է եղել, անհրաժեշտություն է առաջացել հատուկ շտապ օգնության մեքենայով երեխային տեղափոխել Երևան, որի համար պահանջել են 160 000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրել է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը և անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանել են, որ ծառայությունը վճարովի է և չեն կարող:
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը և երեխային տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է: «Հարց ՀՀ առողջապահության նախարարին և Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին․ մի՞թե ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը»,- գրել էր Մաթևոսյանը:
Մեր անդրադարձն այս թեմային մեծ արձագանք էր գտել համացանցում, որտեղ բոլորը դատապարտում էին կատարվածը՝ նշելով, որ անկախ նրանից այդ ծառայությունը վճարովի է, թե ոչ, երեխայի առողջությունն առաջնային պետք է լիներ:
«Առաջին լրատվական»-ը փորձեց հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ խնդիրն իրենց չի առնչվում, քանի որ Կապանի հիվանդանոցը մարզային ենթակայության է: «Երեխան նորմալ տեղափոխվել է Երևան, իր բուժումը ստացել է, գումարն էլ վճարել են, որը կփոխհատուցի մարզպետարանը, հաշվի առնելով հարցի բարոյական կողմը»,- ասաց նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ իրենք պարզել են, որ գումարը փոխանցվել է երեխային Երևան տեղափոխելուց մի քանի օր հետո:
շարունակությունը՝ կայքում