Դաշնակներն ու նրանց «աշակերտները»
Քաղաքականությունshame.am-ը գրում է․
Երևանի Օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցավ «բիրիքով» դաշնակցական ընտրելու արարողություն: Միանգամից 200 նորագիրներ համալրեցին ՀՅԴ-ի շարքերը: Ուժի և ամրության ցուցադրության այս թափանցիկ ակնարկը ուղեկցվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի բոցաշունչ ճառով: Սակայն նրա խոսքի ամենահատկանշական հատվածն այն էր, որը վերաբերում էր «Սասնա ծռեր» խմբի գործողություններին ու դրա ծանր հետևանքներին: Եվ հենց այս հատվածում էլ Մանոյանն ասաց. «Դաշնակցությունը չի ներում պետության և պետականության դեմ զենք բարձրացնողներին` ով էլ լինի»:
Մեկ ուրիշի շուրթերից այս նույն միտքը կարող էր ընդունվել բուռն ծափահարություններով: Բայց երբ դա ասում է ընկեր Կիրոն, արձագանքը լավագույն դեպքում շփոթմունքն ու տարակուսանքը պիտի լինեն: Բանն այն է, որ դեռ բոլորի հիշողության մեջ թարմ է 1990-ականների ՀՅԴ-ն և հատկապես 30 +1 անունը կրող աղմկահարույց գործը, որը բացահայտում էր, թե ինչ ծրագրեր ունեին դաշնակցականները: Ի դեպ, նույն գործով մեղադրյալ էր նաև Գառնիկ Իսագուլյանը և հենց այն օրերին խոստովանական ցուցմունք էր տվել, որ իրենք ծրագրել էին տեռորիստական ակտ կատարել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Իսկ հիմա Իսագուլյանը, նույն Մանոյանի օրինակով, հանդես է գալիս իբրև ահաբեկչության ոխերիմ թշնամի:
Այնպես որ, եթե խնդրին նայենք ժամանակային փոքր-ինչ լայն կտրվածքով, ապա կստացվի, որ մերօրյա «Սասնա ծռերի» ուսուցիչներին պետք է փնտրել ՀՅԴ-ի շարքերում, որոնք ոչ միայն պատրաստ են ներել, այլև կարող են հարկ եղած դեպքում մոռանալ այն բոլոր դեպքերը, երբ պետության և պետականության դեմ զենք են բարձրացրել: