Մահացել է Աիդա Ավետիսյանը
ՀասարակությունՄահացել Է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աիդա Ավետիսյանը։
Կոմպոզիտորների միությունը տեղեկացնում է, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 18։00-ին՝ կոմպոզիտորի տանը (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 77, բն․ 34):
Հուղարկավորությունը՝ հունիսի 24-ին, ժ․14։00-ին՝ նույն վայրից։
Աիդա Ավետիսյանը ծնվել է 1932 թվականին` Երևանում: Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները, 1955 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժինները:
1955 թվականին Էջմիածնի երաժշտական դպրոցում եղել է դաշնակահար-մանկավարժ, վոկալ, 1965-1966 թվականներին՝ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, 1978-1988 թվականներին՝ Սպիտակի երաժշտական դպրոցի կոնսուլտանտ, միաժամանակ՝ Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչ, 2005-2008 թվականներին՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ:
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործությունների: