Մեր դեպուտատն է «դաբրոն տալիս»
ՀասարակությունHraparak.am-ը գրում է․
Տաշիրի ռեգիոնի Մեծավան, նախկինում Շահնազար գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց միամտությամբ ու անմիջականությամբ: Բազմիցս եմ փորձել, այստեղ քաղաքական ամենալուրջ հարցերին այնպես պարզ ու միամիտ են պատասխանում՝ ոչ քո հարցի տակ են բան տեսնում, ոչ էլ իրենք են իրենց ասածի մեջ ենթատեքստ դնում: Գյուղի անցուդարձից տեղյակ մի բնակչի հետ եմ զրուցում.
- Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է Մեծավան գյուղը,- ասում եմ նրան:
- Յա՜, բա չգիտե՞ս, որ մեր գյուղը Տաշիրի Սամոյի հարևան գյուղն է:
-Ո՞րն է այդ գյուղը:
- Տաշիրի Ղարաքիլիսա գյուղը:
- Ի՜,- հոգու հետ խաղում եմ,- իբր դա՞ ինչ է ասում որ...
- Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը մեր դեպուտատն է,- էդ էլ բան չի՞ ասում...
- Էդ ոնց որ մի քիչ բան է ասում,- ախպերներով գյուղին օգնու՞մ են...
- Հա,- ասում է զրուցակիցս,- օգնում են, հոգուս ի՞նչ մեղք անեմ, կարիքավորներին օգնում են: Դպրոցներին, հիվանդներին, նեղվածներին... Բայց դրա կողքին մի բան էլ կա: Կարեն Կարապետյանը մեր դեպուտատն է և նա է «դաբրո տալիս»՝ ով լինի համայնքապետ, ով ավագանու անդամ կամ ում խանգարեն, որ չառաջադրվի:
Ծիծաղելին գիտե՞ս որն է: Այժմյան համայնքապետն իր կողմնակից ավագանու թեկնածուներին բոլորին հրահանգավորում է, որ գրեն՝ Հանրապետական են, սակայն նրանք այդ կուսակցությունից չեն:
- Լավ չի՞,- ասում եմ,- թող խաբեն ու գոնե մի երկուսն էլ այլ կուսակցությունից անցնեն:
- Ի՜, վերջում բոլորը նույնն են դառնում: Հենց ընտրվում, փոխվում են:
ՀԳ Թվում է՝ միամիտ լոռեցու զրույց է, ոչինչ չտվող, բայց, որ տողատակերում խորանում ես, հասկանում ես, որ սա է մեր իրականությունը: Մեջը քաղաքականություն չի դրել Մեծավանի բնակիչը, բայց սա ամենամեծ քաղաքական հայտարարությունն է, որը իրենց գյուղի ջրերի նման պարզ ու վճիտ է... Առանց քաղաքականության քաղաքականություն: