Հայերեն

Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունը պետությունների և ժողովուրդների համար պարզապես անցյալի իրադարձությունների հավաքածու չէ։ Այն ազգային ինքնության ողնաշարն է, պետականության հոգեբանական հիմքը, քաղաքական հիշողության համակարգը և ապագայի նկատմամբ ժողովրդի պատկերացումների առանցքը։

Յուրաքանչյուր ժողովուրդ իր գոյությունը ժամանակի մեջ հաստատում է ոչ միայն ներկա աշխարհաքաղաքական դիրքով կամ ռազմական ուժով, այլ նաև սեփական պատմական հիշողությամբ, քաղաքակրթական ժառանգությամբ և մշակութային շարունակականությամբ։ Հենց այդ պատճառով էլ պատմության շուրջ պայքարը հաճախ դառնում է ոչ պակաս կարևոր, քան ռազմական կամ քաղաքական պայքարը։ Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմների, նարատիվների բախումների և գաղափարական դիմակայությունների պայմաններում պատմությունը վերածվել է ռազմավարական գործոնի։ Ով վերահսկում է պատմական նարատիվը, մեծապես վերահսկում է նաև քաղաքական ընկալումները, միջազգային վերաբերմունքը և նույնիսկ ապագայի նկատմամբ հասարակության պատկերացումները։ Այս համատեքստում հատկապես վտանգավոր է դառնում այն իրավիճակը, երբ պետությունը կամ, ավելի ստույգ, տվյալ պետության քաղաքական իշխանությունը սկսում է սեփական ժողովրդի պատմական հիշողությանը վերաբերվել ոչ թե որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչի, այլ որպես երկրորդական կամ նույնիսկ խանգարող հանգամանքի։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը կառուցել է պետական գաղափարախոսություն, որը հիմնված է պատմական վերաձևումների, կեղծարարությունների և հարևան ժողովուրդների պատմական ժառանգության յուրացման վրա։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական պատմագրությունը երկար տարիներ ձևավորվել է ոչ թե սեփական քաղաքակրթական հիմքերի ամրապնդման, այլ առաջին հերթին հայկական պատմության, հայկական մշակութային ներկայության և հայկական ինքնության ժխտման, ավելին՝ այդ ամենի «սեփականացման» տրամաբանության վրա։

Երբ որևէ պետություն չունի խորքային պատմական հենք կամ քաղաքակրթական շարունակականության այնպիսի շերտեր, որոնք կարող են դառնալ ազգային ինքնության ամուր հիմք, հաճախ սկսվում է պատմության արհեստական հյուսման գործընթաց։ Եվ այդ գործընթացը սովորաբար իրականացվում է ուրիշների պատմությունը վերաշարադրելու, մշակութային ժառանգությունը յուրացնելու կամ պատմական իրականությունը քաղաքական նպատակներով վերաձևակերպելու միջոցով։ Ադրբեջանի դեպքում նման երևույթը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում (չնայած, ինչու միայն Արցախի, ի վերջո, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» եզրույթը, Հայաստանի տարածքի հանդեպ «պատմական» նկրտումները ինքնին նշյալ պետական քաղաքականության առանցքային շերտերից են)։ Տասնամյակներ շարունակ հայկական եկեղեցիները ներկայացվել են որպես «աղվանական», հայկական մշակութային ժառանգությունը փորձ է արվել օտարել հայկական արմատներից, հայկական տեղանունները փոխարինվել են նոր անվանումներով, իսկ պատմության մեջ հայկական ներկայությունը փորձ է արվել ներկայացնել որպես ժամանակավոր կամ երկրորդական երևույթ։

Սա պարզապես պատմագիտական վեճ չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող ինքնության պատերազմ է, որի նպատակն է ոչ միայն տարածքային վերահսկողություն հաստատելը, այլ նաև պատմական հիշողության վերացումը։ Երբ ոչնչացվում են եկեղեցիները, խաչքարերը, պատմական հուշարձանները, իրականում ոչնչացվում է ժողովրդի պատմական ներկայության ապացույցը։ Այդ պատճառով էլ մշակութային ցեղասպանության մասին փաստերի պարբերական հրապարակումները պատահական չեն, որովհետև, երբ ժողովուրդը զրկվում է իր պատմական հետքերից, ավելի հեշտ է դառնում ապագայում հայտարարել, թե նա երբևէ գոյություն էլ չի ունեցել տվյալ տարածքում։

Սակայն առավել մտահոգիչ է այն իրավիճակը, երբ արտաքին հակահայկական նարատիվները սկսում են ներթափանցել հենց հայկական ներքաղաքական դիսկուրս։ Վերջին տարիներին Հայաստանում մեծ քննարկումների թեմա է դարձել այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հնչող որոշ ձևակերպումներ, քաղաքական հայտարարություններ և պատմության մեկնաբանություններ փաստացի համընկնում են այն թեզերի հետ, որոնք առաջ են տանում Փաշինյանն ու իր թիմակիցները։ Երբ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում են ձևակերպումներ, թե «Արցախը երբեք Հայաստանի մաս չի եղել», կամ փորձ է արվում պատմական գործընթացները ներկայացնել այնպես, կարծես հայկական պետականության և Արցախի միջև բնական ու պատմական կապ գոյություն չի ունեցել, հասարակության մի զգալի հատվածի մոտ ձևավորվում է խոր անհանգստություն։ Ընդ որում, այստեղ խոսքը միայն քաղաքական գնահատականների մասին չէ։ Խոսքը պատմական հիշողության վերաձևակերպման մասին է։ Արցախը հայ ժողովրդի պատմական գիտակցության մեջ երբեք պարզապես վարչական միավոր կամ տարածք չի եղել։ Այն հայկական պետականությունների, մշակույթի, հոգևոր կյանքի և ազգային դիմադրության առանցքային կենտրոններից մեկն է եղել դարեր շարունակ։ Երբ Արցախը հայկական թագավորությունների, մելիքությունների և հայկական մշակութային կյանքի կարևոր կենտրոն էր, Ադրբեջան հասկացությունը նույնիսկ գոյություն չուներ։

«Ադրբեջան» անվանումը՝ որպես պետական-քաղաքական միավոր, սկսել է կիրառվել տարածաշրջանում միայն 20-րդ դարի սկզբին։ Հետևաբար, երբ այսօր փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հայկականությունը վիճելի է կամ պատմականորեն հիմնավորված չէ, շատերի համար դա ընկալվում է ոչ թե որպես պատմագիտական բանավեճ, այլ որպես պատմական իրականության խեղաթյուրում։

Այստեղ հատկապես կարևոր է հասկանալ, որ պատմական հիշողության թուլացումը միայն անցյալի հարց չէ։ Դա անմիջական ազդեցություն ունի նաև ներկայի և ապագայի վրա։ Եթե պետությունն ինքն է սկսում կասկածի տակ դնել սեփական պատմական հիմքերը, վաղ թե ուշ այդ վակուումը լցվում է արտաքին նարատիվներով։ Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ ժողովուրդները, կորցնելով սեփական պատմական ինքնագիտակցությունը, աստիճանաբար կորցրել են նաև քաղաքական դիմադրողականությունը։ Ազգային ինքնությունը միայն դրոշ, օրհներգ կամ սահմանադրություն չէ։ Այն նաև պատմական շարունակականության զգացողություն է։ Երբ այդ զգացողությունը թուլանում է, հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր քաղաքակրթական վստահությունը։ Այս ֆոնին առավել հակասական են ընկալվում այն հայտարարությունները, որոնցում իշխանությունները պնդում են, թե 2018 թվականից հետո «ստեղծվել է իրական պետականություն» կամ «ուժեղացվել է ինքնիշխանությունը»։ Քննադատների մի զգալի հատվածի համար այստեղ առաջանում է սկզբունքային հակասություն. ինչպե՞ս կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, եթե միաժամանակ թուլացվում են պատմական ինքնության հիմքերը։ Իրական ինքնիշխանությունը միայն արտաքին քաղաքական մանևրումների կարողությունը չէ։ Այն նաև սեփական պատմության, մշակույթի և ազգային հիշողության նկատմամբ վստահությունն է։ Պետությունը չի կարող երկարաժամկետ ամուր լինել, եթե նրա ներսում քայքայվում է ազգային ինքնության գաղափարական հիմքը։

Ավելին, պատմության նկատմամբ նման վերաբերմունքը կարող է երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ ունենալ հենց միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում պատմական նարատիվները հաճախ օգտագործվում են քաղաքական պահանջների, տարածքային հավակնությունների և աշխարհաքաղաքական ճնշումների հիմնավորման համար։ Եթե պետությունն ինքն է հրաժարվում սեփական պատմական իրավունքների կամ պատմական ներկայության գաղափարից, ապա ապագայում հակառակորդները շատ ավելի հեշտությամբ կարող են այդ թեզերը օգտագործել հենց նրա դեմ։ Այսօր ասում են՝ «Արցախը երբեք Հայաստան չի եղել», վաղը կարող են ասել՝ «իսկ Հայաստանն ե՞րբ է եղել Հայաստան»։ Չնայած, ինչո՞ւ վաղը, արդեն ասում են: «Ժամանակակից Հայաստանի տարածքում եղել են պետություններ, և երբեք չի եղել այնպես, որ այս տարածքում պետություն գոյություն չունենա։ Այստեղ պետություններ եղել են, բայց ոչ հայկական, և դա տևել է 1000 տարի»,-օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո «այս տարածքում հայկական պետականություն գոյություն չի ունեցել», նաև հավելել է, թե նախկինում երբեք Հայաստանի բնակչության 90 %-ը հայեր չեն եղել:

Պատմաբաններն արդեն իսկ անդրադարձել են այս թեզերի մանիպուլ յատիվ բնույթին, այն հանգամանքին, որ Փաշինյանը ուղղակիորեն կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվները: Այդ մանրամասներին հավել յալ անդրադառնալու կարիք չկա: Փաստն այն է, որ սա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, որովհետև պատմության մեջ ինքնության վերացման գործընթացները սովորաբար սկսվում են հենց պատմական հիշողության աղճատումից։ Այս ամենը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ տարածաշրջանում տեղեկատվական և գաղափարական պատերազմը շարունակվում է նույն ինտենսիվությամբ, ինչ քաղաքական կամ ռազմական հակամարտությունները։ Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ ներդրել են հսկայական ռեսուրսներ միջազգային հարթակներում սեփական նարատիվները տարածելու համար։ Նրանք փորձել են ձևավորել այնպիսի պատկեր, որտեղ հայկական ներկայությունը ներկայացվում է որպես արհեստական կամ անցողիկ երևույթ։ Այդ պայմաններում հայկական պետականության առաջնային խնդիրներից մեկը պետք է լիներ սեփական պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը, գիտական հիմքերի ամրապնդումը, միջազգային գիտական ու տեղեկատվական պայքարի ակտիվացումը։ Այսինքն, ուրիշները չեղած տեղից պատմություն են հորինում, իսկ մենք, փոխանակ պարզապես տեր լինելու մեր պատմությանը, ինքներս ենք աղճատում այն: Իսկ երբ հենց ներսից են սկսում թուլացնել այդ հիմքերը, վտանգը կրկնապատկվում է։

Պատմության նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը հաճախ կարող է ունենալ կործանարար հետևանքներ նաև հասարակության հոգեբանական վիճակի համար։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն ֆիզիկական անվտանգության հաշվին, այլ նաև պատմական արժանապատվության զգացողության շնորհիվ։ Երբ հասարակությանը սկսում են համոզել, թե նրա պատմական հիշողության առանցքային բաղադրիչները իրականում «մոլորություններ» են եղել, առաջանում է ինքնության ճգնաժամ։ Իսկ ինքնության ճգնաժամ ապրող հասարակությունները դառնում են առավել խոցելի արտաքին ճնշումների նկատմամբ։ Այդ պատճառով էլ պատմության շուրջ ընթացող պայքարը չի կարելի դիտարկել որպես երկրորդական թեմա։ Սա պետականության հիմքերի հարց է։ Պետությունը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, աստիճանաբար կորցնում է նաև սեփական ապագան ձևակերպելու կարողությունը։ Իսկ այն ժողովուրդները, որոնք հրաժարվում են իրենց պատմական իրավունքներից կամ սկսում են կասկածի տակ դնել սեփական քաղաքակրթական ներկայությունը, վաղ թե ուշ բախվում են գոյաբանական մարտահրավերների։

Հայաստանի պարագայում այս հարցը առանցքային կարևորություն ունի, որովհետև տարածաշրջանում պայքարը վաղուց արդեն միայն տարածքների համար չէ։ Դա պայքար է հիշողության, պատմության, ինքնության և քաղաքակրթական ներկայության համար։ Եվ եթե այդ պայքարում Հայաստանը՝ ի դեմս այսօրվա գործող իշխանությունների, շարունակի ինքնուրույն թուլացնել սեփական պատմական հիմքերը, ապա դա կարող է դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև երկարաժամկետ քաղաքակրթական սպառնալիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»
Ամենադիտված