Օբաման և Պուտինը հանդիպել են
Աշխարհ«Ազատության» փոխանցմամբ՝ Չինաստանում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մամուլի համար փակ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, երկու կողմերից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպումն անցել է Հանչժոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի սրահներից մեկում:
Հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այն «լավ» է անցել, տևել է նախատեսվածից ավելի, քննարկվել են հիմնականում Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները: Կայացել է նաև երկու նախագահների առանձնազրույցը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նախօրեին՝ գագաթնաժողովի առաջին օրը, Օբաման և Պուտինը մի քանի անգամ կարճատև զրույց էին ունեցել «ոտքի վրա», պայմանավորվելով հանդիպել երկուշաբթի օրը:
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի վերջին՝ կլիմայի հարցերով փարիզյան համաժողովի շրջանակում, այս տարի նախագահների միջև մի քանի հեռախոսազրույց է կայացել: