Հայկազ Բաղմանյանի ճակատագիրը հայտնի է
ՔաղաքականությունArmtimes.com / Պաշտպանության նախարարությունում այժմ ընթանում է կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներ. խոսքը վերաբերվում է կառուցվածքային ստորաբաժանումների կրճատմանը: Նման հայտարարություն այսօր ՊՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մեզ պետք են ավելի շատ գործ անող մարդիկ, եւ ոչ թե պաշտոնյաներ, որոնք համարում են, որ իրենք պետք է ղեկավարեն եւս երեք-չորս հոգու եւ ընդհանրապես շատ բան չանեն: Այսինքն՝ կոնցեպտը բարեփոխումների, դա ստորաբաժանումների թվի կրճատումն է առանց անձնակազմի մեծ կրճատման: Իրականում նրանք, ովքեր կրճատվելու են բոլորը ստանալու են հնարավորություն զորքում ծառայելու, եթե նման ցանկությունն ունեն»,- ասաց պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հաստիքի կրճատման վերաբերյալ հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց. «Գլխավոր շտաբի կառուցվածքում եւս նախատեսվում են փոփոխություններ: Նախատեսվում են փոփոխություններ մեր զորքերի ընդհանուր կառուցվածքում եւ առաջիկա շաբաթներին այդ գործընթացն ամփոփվելու է: Որեւէ կոնկրետ պաշտոնի կրճատման մասին այս պահին խոսելը շատ վաղաժամ է: Հայկազ Բաղմանյանը ԳՇ պետի տեղակալն է, երկար ճանապարհ անցած սպա, որը կատարում է իր գործառույթները: Որեւէ կադրային նշանակումներ, ազատումներ նախապես մեր մոտ երբեք չեն քննարկվում, չեն մեկնաբանվում»: Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը նշանակվում եւ ազատվում է նախագահի հրամանագրով, իսկ այս փուլում նման մտադրություն չկա: