SAS-ի Արտակը կատաղի տեմպերով հարստանում է
ՏնտեսությունArmtimes.com / ՀՀԿ-ական սկանդալային պատգամավոր Արտակ Սարգսյանը, որը հանրությանը առավել հայտնի է ՍԱՍ-ի Արտակ մականվամբ, գնալով հարստանում է: Նրա ունեցվածքին չափ ու սահման չկա: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագիրը ուսումնասիրելուց հետո:
Արտակ Սարգսյանն այս տարի հայտարարագրել է երեք բնակարան, որոնք գտնվում են տարբեր բնակելի շենքերում, որոնց հասցեները նշված չեն: Այդ բնակարանները նա ձեռք է բերել այս տարի:
ՀՀԿ-ական պատգամավորը վարում է թանկարժեք մեքենաներ՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I և MERCEDES-BENZ S550 մակնիշների: Հատկանշական է, որ սկանդալների և ինտրիգների մեջ ներքաշված ՀՀԿ-ականը այս մեքենաները ձեռք է բերել բոլորովին վերջերս՝ այս տարում: 2016 թվականին նա վարում էր MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա, որը վաճառել է 6 մլն դրամով:
Սարգսյանն ունի 4 տարբեր արժեքների բաժնետոմսեր: Ամենաարժեքավորը գնահատվում է 412 մլն 525 հազար ՀՀ դրամ, մյուս երեքի արժեքը 50 հազար ՀՀ դրամ է: Այս բաժնետոմսերը ՍԱՍ-ի Արտակը ևս չի ունեցել նախորդ տարի, այն կրկին ձեռք է բերվել վերջերս:
Այս պահին, ըստ հայտարարագրի, նա իր հաշվին ունի կանխիկ 961 մլն 867 հազար դրամ եւ 100 հազար ԱՄՆ դոլար: