Հայերեն


Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի աներևույթ շնորհավորանքը հայ ժողովրդին

Քաղաքականություն

Հեղինակային պարզաբանում.

«Սերժ Սարգսյանի կողմից շնորհավորանքների և ցավակցությունների անթիվ-անհամար սփռումն այնպիսի զգացողություն է առաջացրել, թե նա կարող է ցավակցել նաև, դիցուք, Պերուի նախագահին` մայրաքաղաք Լիմայի արվարձաններից մեկում ավտովթարի հետևանքով երկու մարդու զոհվելու կապակցությամբ, կամ շնորհավորել Սվազիլենդի սենատի նախագահին` ծննդյան 54-ամյակի առթիվ…
Այդ տեսանկյունից փորձեցի պատկերացնել, թե փաստացի` ինչպիսի՞ն կարող է լինել երեք «գերագույնի» միասնական շնորհավորական ԻՐԱԿԱՆ ուղերձն Անկախության 25-ամյակի կապակցությամբ` իրենց և իրենց հանցախմբերի կողմից հայ ժողովրդի ու Հայկական պետականության դեմ սանձազերծած և արդեն քսան տարի ձգվող սառը պատերազմի համատեքստում: Ակնհայտորեն` նրանց շնորհավորանքի առանցքը կազմելու էր տանը նստող և չպայքարող Սիրելի հայրենակիցների «խոհեմության, իմաստնության, զսպվածության» դրվատանքը…
Իսկ թե որքանով ստացվեց` թող դատի անաչառ ընթերցողը»:

Սիրելի հայրենակիցներ.
Մենք` Հայաստանի Հանրապետության երեք նախագահներս, մեր երկրի Անկախության 25-ամյակի և պետականաշինության քառորդդարյա հանգրվանի կապակցությամբ` որոշեցինք ձեզ դիմել միասնական և ծավալուն շնորհավորական Ուղերձով:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր կայացումից այսդին` բազմաթիվ փորձությունների բախվեց, որոնց մեծ մասը, տարբեր պատճառներով, դեռ չենք հաղթահարել: Հիմա մենք չենք անդրադառնա այդ պատճառներին` այս պահին դրանք կարևոր չեն, և կնշենք մեր ժողովրդի կշռադատ խոհեմության շնորհիվ ձեռքբերած նվաճումները, ինչպես նաև ներկայի իրողություններն ու ապագայի ծրագրերը:

Սիրելի հայրենակիցներ,

Արդարև, հիացմունքի են արժանի ձեր համբերատարությունն ու զսպվածությունը, այդ շնորհների գերադրական զարմանալի դրսևորումները, որոնք, վստահաբար, որևէ այլ երկրում հնարավոր չէ հանդիպել: Երախտաշատ գոհունակությամբ ենք արձանագրում մեր ժողովրդի սթափ մտածողությունը, անհարկի ներքաղաքական ցնցումներով արտաքին թշնամիների ջրաղացին ջուր չլցնելու հենակետային գիտակցությունը: Ասվածի ամենացայտուն ընդհանրական օրինակը` վերջին քսան տարվա համապետական գրեթե բոլոր ընտրություններից և սահմանադրական հանրաքվեներից հետո ընդդիմադիրների կողմից զանգվածային ցույցեր անցկացնելու սադրիչ կոչերին չտրվելն է: Հայ ժողովուրդը, ի պատիվ իրեն, երբևէ չհավատաց որոշ բախտախնդիրների անհիմն հայտարարություններին ու անպատասխանատու քարոզչությանը և հանգիստ նստեց տանը` զերծ մնալով երկրակործան ցնցումներից:

Պետական մտածողության հասունության ցուցիչ պետք է համարել նաև այն հիմնավոր վերապահումը, որը մեր ժողովուրդը դրսևորեց օտարերկրյա դրամաշնորհներից սնվող կասկածելի շարժումների և հասարակական կազմակերպությունների կեղծ ահազանգերի ու ակցիաների հանդեպ, որոնց մեծամասնությունը պատված էր բնապահպանական շղարշով: Անհայտ ծագման աղբյուրներից թելադրվող հոսանքների քայքայիչ գործունեությանը, մայրաքաղաքի ու Հայաստանի կանաչ տարածքներն իբրև թե պահպանելու և հանքարդյունաբերության նվաճումները խաթարելու պատիր քարոզչությանը չհավատալով` մեր ժողովուրդը խոհեմաբար ապավինեց պետական հաստատությունների արհեստավարժությանը և ձեռնհասությանը:

Սիրելի հայրենակիցներ,

Այս քսանհինգ տարիների ընթացքում մեր ձևավորած կառավարությունները հիմնականում ապահովել են երկնիշ տնտեսական աճի խոստացված ցուցանիշները: Չնայած այդ հաջողություններին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները դեռ ամբողջապես վերացված չեն, ինչն առաջացնում է որոշակի բարդություններ: Այդուհանդերձ, նոր վարկեր պարտք վերցնելու ու Եվրապարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ հաղթահարվում են բոլոր դժվարությունները:

Այս համատեքստում` իրականությունից կտրված պետք է որակել սրճարաններում նստած և գծագրեր կազմող որոշ տնտեսագետների ու քաղաքական գործիչների այն պնդումները, թե` Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր չափերի է հասել, իսկ վերցված վարկերը չեն ապահովում պատշաճ ներդրումներ ու վերարտադրություն տնտեսության մեջ: Նման մտավարժանքի հեղինակներին ավելորդ չէ հիշեցնել պաշտոնական վիճակագրության հուսադրող ցուցանիշները և խորհուրդ տալ ձեռնպահ մնալ ամբոխահաճո պոպուլիստական կանխատեսումներից:

Անշուշտ, չի կարելի պնդել, թե ցուցանիշները բավարար են և խնդիրներ չկան: Ցավոք, մենաշնորհները, կոռուպցիան, զոռբայությունն ու կամայականությունը դեռևս լայնորեն տարածված են, ինչին նպաստում են մշտապես վատը տեսնող և գաղջ մթնոլորտ ստեղծող որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ: Սակայն նաև կույր պետք է լինել` չտեսնելու համար ակնհայտ հաջողությունները: Եվ ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը` իշխանությունների քաղաքական կամքը բավարարում է հոռետեսների մռայլ կանխատեսումներին տնտեսական բարձր աճի տոկոսներով հարվածելու համար:

Տնտեսության զարգացման վագրային թռիչքներ ապահովելու նպատակով մինչև 2022 թվականը նախատեսվել են` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շուրջ 80 տոկոսի իրագործում, Հյուսիս-Հարավ կարևորագույն մայրուղու շահագործում, փոքր ու միջին ձեռներեցության զարգացման խոչընդոտների վերացում, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության արդյունավետության ապահովում: Որոշ տնտեսագետներ էլ առաջարկել են` պետական տուրքեր գանձել Հայաստան մտնող տրանսֆերտներից, արագաչափերից բացի` տեղադրել նաև կայունաչափ սարքեր, օտարազգի գործարարներին արտոնություններ տալ` յուրացնելու մեր երկրի անմշակ հողատարածությունների մի մասը, ինչպես նաև` հանրային քննարկման դնել Սևանա լճի ջրային պաշարների 20 տոկոսի վաճառքի հարցը:

Հավատացած ենք, որ դժվարություններից չերկնչող մեր ժողովուրդն ըմբռնումով կմոտենա այդ նախաձեռնություններին: Իսկ այն գործիչները, ովքեր հանդես կգան քննադատությամբ, ապա նրանց արածը ոչ այլ ինչ կլինի, քան պարզապես դեմագոգիկ հռետորաբանություն: Այդպիսիներն իրականում խոչընդոտում են մեր երկրի տնտեսության զարգացմանը, բանակի հզորացմանը, կենսաթոշակների բարձրացմանը:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախության այս քառորդ դարում մեկ միլիոնից ավելի մարդ արտագաղթեց Հայաստանից: Այդ ցուցանիշը, սթափ և իրատեսական քաղաքականության հաշվարկներով առաջնորդվելու դեպքում, անտարակույս, նաև դրական երևույթ պետք է համարել, իսկ ահա հույզերով և ռոմանտիկ հայրենասիրական հովերով տարված մեր որոշ գործիչների եզրաբանությամբ` արտագաղթը մեծ ողբերգություն է: Այդպես դատողներին մեր ժողովուրդն ու մտավորականությունը պետք է ընդամենը մեկ հարց ուղղեն` 80-ականների վերջի մարդահամարով գրեթե 4 միլիոնի հասնող բնակչության լիարժեք կենսակերպի համար արդյոք բավարա՞ր էին ընդամենը 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի ընդերքը, ջրային և նյութական պաշարները, արտադրական կարողությունները: Պատասխանը կանխատեսելի բացասական է:

Մինչդեռ արտագաղթով նոր հնարավորություններ բացվեցին Մայր Հայրենիքում ապրող հայերիս համար, և միաժամանակ` զգալիորեն ուժեղացան հայասփյուռ համայնքները, ինչի շնորհիվ վերջիններս կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունը և նյութական օժանդակություն ցուցաբերել Հայաստանում մնացած իրենց հարազատներին:

Սակայն տարածաշրջանային նորանոր մարտահրավերները ստիպում են վերանայել արտագաղթի ծավալները և պետական անհրաժեշտությամբ պայմանավորված քայլեր ձեռնարկել` խթանելու սփյուռքահայ օջախները հայաստանաբնակ հայերի նոր և բազմամարդ խմբերով լրացնելու գործընթացը: Այս հարցում ևս մեր ժողովուրդը դրսևորում է իր կատարելատիպ որակները և ընդառաջ է գնում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերջին օղակը համալրումներով զորացնելու ազգօգուտ քաղաքականությանը:

Արցախյան հակամարտության կարգավորում` լրջանալու պահը.

Արցախյան հակամարտությունը թևակոխել է որակապես նոր հարթություն, երբ ստատուս-քվոն պահպանել այլևս հնարավոր չէ: Ներկայում օրակարգային է դարձել Խաղաղության և հաշտության մեծ պայմանագրի կնքումը, առանց որի` թե՛ հայաստանցիների և թե՛ արցախահայության կյանքում նկատելի դրական տեղաշարժեր չենք ունենալու, ժողովրդական խոսքով` լավ չենք ապրելու:

Կարգավորման որոշ սկզբունքներից, անշուշտ, երկու երկրներում էլ դժգոհողներ լինելու են: Մասնավորապես, մեր երկրի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից մեկը մշտապես առաջ է քաշում Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ, և այդ նույն ուժի ներկայացուցիչը, նույնիսկ, հանդես եկավ Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի բռնազավթումը դատապարտելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Նշված երկու օրինագիծն էլ խիստ վտանգավոր արկածախնդրություն են Հայաստանի ու Արցախի համար: Այդպիսի անպատասխանատու քաղաքական ուժը, որը, ի դեպ, միակն էր խորհրդարանում, որ դեմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությանը, այլևս չպետք է ներկայացված լինի Ազգային ժողովում, և այդ հարցում ևս վստահ ենք մեր ժողովրդի իմաստավորված ընտրությանը:

Հակամարտության կարգավորման Մադրիդյան ու Կազանյան տարբերակները ենթադրում են հիմնականում հետևյալ փոխզիջումները. հայկական կողմից` անվտանգության գոտի հանդիսացող գրաված տարածքների հանձնում` 5+2, ադրբեջանցի փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում, իսկ ադրբեջանական կողմից` Արցախի միջանկյալ, անորոշ (բայց ոչ` անկախ) կարգավիճակի ճանաչում, ինչին Ադրբեջանի իշխանությունները դեմ են:

Ակնհայտ է, որ նշված փոխզիջումային տարբերակի գործնական իրականացման պրոցեսն անշրջելի է, որին, բացի վերոնշյալ ուժից, Հայաստանում այլ դեմ արտահայտվողներ նույնպես եղան, սակայն, բարեբախտաբար, նրանք ընդամենը մի քանի տասնյակ մարգինալներ են: Ի հակառակ ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշման` դրվատանքի է արժանի մեր ժողովրդի խաղաղասիրությունը, հաղթող կողմին բնորոշ մեծահոգությունը և ծայրահեղական պահանջներից զերծ մնալը: Ասվածի ապացույցն է նաև ապրիլյան չորսօրյա պատերազմը, երբ մեր զինվորականությունը, ունենալով նպաստավոր պայմաններ հարձակում ծավալելու համար, չօգտագործեց այդ հնարավորությունը, որպեսզի չտապալվի բանակցային գործընթացը:

Վերջապես` հասունացել է ազգովին լրջանալու պահը: Հայկական ազգային շահը պահանջում է շուտափույթ կենսագործել Մադրիդյան ու Կազանյան տարբերակները: Իսկ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, տեսնելով հայկական կողմի պատրաստակամությունը, այլևս թույլ չի տա նախիջևանյան սինդրոմի` Նախիջևանի հայաթափման կրկնությունն Արցախում:

Բռնությամբ հարցեր չեն լուծվում.

Հայոց ազգային էպոսի անունով Պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված ահաբեկիչների խմբավորումը ապարդյուն փորձ կատարեց զենքի ուժով և պատանդառությամբ քաղաքական հարցեր լուծելու: Մեր մտավորականությունն ու քաղաքական ուժերը, ինչպես և սպասելի էր, ճնշող մեծամասնությամբ դատապարտեցին այդ ահաբեկչությունը: Իսկ հայ ժողովուրդը, վերստին դրսևորելով պետականաշինության գործընթացը հակասահմանադրական քայլերով չվտանգելու իր բարձր գիտակցությունը, չսատարեց զինված խմբին և զանգվածային անկարգություններ հրահրող մի քանի հարյուր ցուցարարներին:

Երեք զոհի և մի քանի վիրավորների առկայությամբ, ընդհանուր առմամբ, ճգնաժամի անարյուն հանգուցալուծումից պարտավոր ենք դասեր քաղել, ինչը կարելի է ամփոփիչ ներկայացնել մեկ նախադասությամբ` Հայաստանում բռնությամբ հարցեր չեն լուծվելու: Իշխանությունը, արդարացիորեն, բռնությանը կարող է հակադարձել «Մեր դեմ խաղ չկա» կարծր դիրքորոշմամբ: Փոփոխությունների հասնելու ժողովրդավարական և ընդունելի ուղին ընտրություններն են, որոնց ազատ ու թափանցիկ անցկացումն անշրջելի իրողություն է, ինչի ապացույցն են միջազգային կառույցների կողմից տրվող «Մեկ քայլ առաջ» գնահատականները:

Հուլիսյան ահաբեկչությունը և զանգվածային անկարգությունները, ակնհայտորեն, կվատթարացնեն Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, բացասաբար կազդեն ներդրումային մթնոլորտի, արտահանման և ներմուծման ծավալների վրա, կնվազեն բյուջեի եկամուտները, Եվրոպական Միությունից և միջազգային դոնորներից նոր վարկեր պարտք վերցնելն ավելի կդժվարանա: Հայաստանը չունի ռեսուրս` զենքի ուժով և ապստամբությամբ ներքաղաքական հարցեր լուծելու: Ուրախալի է, որ մեր ժողովուրդն ամբողջապես գիտակցում է այդ ճշմարտությունը և զերծ է մնում արմատական բռնարարքներից:

Ապահով Հայաստան.

Յուրաքանչյուր երկրի ապահովությունն ու զարգացումը կախված են անվտանգության համակարգից: Ապրիլյան չորսօրյա պատերազմը, հուլիսյան իրադարձությունները, չդադարող երթերն ու բողոքի ակցիաները հրատապ դարձրեցին Հայաստանի իրավապահ մարմինների նյութատեխնիկական համալրման առաջնահերթությունները:
Ուստի, հանուն պետության ապահովության, անհրաժեշտ են հետևյալ կառուցակարգային շտկումները.

1. Տարեցտարի բարձրացնել բոլոր իրավապահների աշխատավարձերը և պարգևավճարները 50 տոկոսով:

2. Խթանել ոստիկանության շարքերը համալրելու գործընթացը երիտասարդների շրջանում` սկսելով ավագ դպրոցներից:

3. Լրացուցիչ միջոցներ հատկացնել անվտանգության ողջ համակարգի տեխնիկական և մարտական պատշաճ վերազինման և արդիականացման համար:

4. Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր` «Հակասահմանադրական տրամադրությունների բացահայտման և կանխարգելման ծառայություն» անվանումով նոր կառույցի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Սույն և հանրօգուտ այլ միջոցառումների շնորհիվ (այդ թվում` անհրաժեշտությունից ելնելով հանրահավաքներում որոշ մոսկաների ականջներից քաշելով ոստիկանական բաժանմունքներ տանելն ու վնասազերծելը) Հայաստանի անվտանգությունը, որը նաև Արցախի անվտանգությունն է, ապահովագրված կլինի տարատեսակ սպառնալիքներից և արմատական տրամադրվածություններից:

Անվտանգություն և զարգացում` Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ.

Գիտակցելով մեր դարավոր բարեկամ Ռուսաստանի և նրա հովանու ներքո գործող կառույցների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) հետ քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, մշակութային և սոցիալական բազմաշերտ բարեկամական կապերի առավել սերտացման կարևորագույն հրամայականը` մոտ ապագայում քննարկման կդրվեն, որպես երկրորդ պաշտոնական լեզու` ռուսաց լեզվի, որպես երկրորդ վճարամիջոց` ռուսական ռուբլու ներդրման փորձնական ծրագրերի իրականացման, ինչպես նաև հանրակրթական ռուսական դպրոցների բացման հարցերը:

Անվտանգության ամրապնդման և տնտեսական աճի համապատկերում` կարևոր նշանակություն ունեն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հարևանությամբ ՀԱՊԿ միացյալ զորախմբի համար մշտական տեղակայման բազային տարածքի հատկացումը և ԵԱՏՄ 170 մլն-անոց շուկան յուրացնելու առավել ճկուն քաղաքականության իրագործումը:
Ցավոք, շարունակում է մտահոգիչ մնալ մեր ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը: Սակայն, ինչպես շարունակում են հավատիացնել մեր ռուս գործընկերները, այդ համագործակցությունը մնում է բացառապես որպես բիզնես-նախագիծ և ուղղված չէ Հայաստանի կամ Արցախի դեմ:

Սիրելի հայրենակիցներ,

Ավարտելով մեր խոսքը և կրկին շնորհավորելով բոլորիս Անկախության 25-ամյակի կապակցությամբ` հիմնավոր համոզմունք ենք հայտնում, որ ձեր համբերատարության, խոհեմության, զսպվածության և հաճախորդներին լավ ճանաչելու շնորհիվ 2017 թվականի ԱԺ ընտրություններում մեր քաղաքական թիմերն ու հենարան կուսակցությունները դարձյալ կարժանանան ձեր վստահության քվեին: Իսկ արդեն 2021 թվականին, Անկախության 30-ամյակի կապակցությամբ, մենք կրկին հանդես կգանք միասնական շնորհավորական Ուղերձով` արդեն կազմակերպված պետություն Հայաստանում:

Հեղինակի կողմից.

Հ. Գ. Սիրելի հայրենակից, քանի դեռ ԴՈՒ կշարունակես տանը վախվորած ու անտարբեր նստել` Լևոն-Ռոբերտ-Սերժ տրիադան, իրենց նոտար Կրեմլի կնիքով և Մարիա Զախարովայի բարձրակրունկների կտկտոցից ահաբեկվող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ՀՀՇ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի աջակցությամբ, կշարունակեն մեր երկրի ու հավատի ավերակումը: կվաճառեն և՛ Սևանը, և՛ Արցախը, և՛ Հայաստանը, ՔԵԶ էլ կգովաբանեն` «խոհեմության, իմաստնության, զսպվածության» համար…

Անկախության 25-ամյակը ԴՈՒ դիմավորում ես մի քանի հեղափոխության չօգտագործած «պաշարով»: Ամենաստույգ և անարյուն միջոցը, ինչից էլ սարսափում են հայախոս սադայելները, մարդահեն ոստիկանները, կրեմլադավան քրմերը` հրապարակներում ու փողոցներում տասնյակ ու տասնյակ հազարներով ՔՈ հավաքներն են: Ուրեմն, գեթ հանուն զավակներիդ ու թոռներիդ ազատ, արժանավայել կյանքի` վերջապես դուրս արի տանից, ապստամբիր և իշխանությունը վերադարձրու ՔԵԶ: Իսկ եթե շարունակես նստել տանը` «Բա ինձ պետք ա՞…» բառերը լոզունգ ու ապրելակերպ դարձրած, ապա ՔՈ հազար ռուբլանոց ընտրյալները կպղծեն բոլոր արժեքներդ, կայլասերեն մեր գենը, կհարվածեն հայկական քաղաքակրթության ակունքներին, հետո էլ կմտնեն ապաստարանդ`ՔՈ տուն…

Հ. Գ.-2. «Սասնա ծռեր» էպոսը կազմված է չորս ճյուղից:
«Սասնա ծռեր» դյուցազնավեպն արարել է հայ ժողովուրդը, ուրեմն` մեր օրինակելի մեծագործությունը ամենաազգայինն է և անմահ:

Հայ ժողովուրդն իր ծռերին հիշում և ներշնչվում է հազար տարի և բյուր հազար տարի էլ դեռ կհիշի ու կպաշտի: Իսկ ձեզ` Մըսրա Լևոն, Ռոբերտ ու Սերժ, 10 տարի անց կհիշեն որպես Հայաստանը հայաթափող թուրքական ծրագրի իրագործողներ:

Հ. Գ.-3. Գարեգին Բ կաթողիկոսին` Վեհափա՛ռ, շնորհավորում եմ Ձեր ծննդյան 65-ամյակը: Մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր սպասավորներին և հայ ժողովրդին, որ Ձեր հաջորդները դրսևորեն մարդասիրության, հայասիրության և քրիստոնեասիրության այնպիսի օրինակ, ինչպիսին պետք է լիներ 30 քաղցած հայ մարդու ու քրիստոնյայի` կյանքը վտանգելով ուտելիք հասցնող և դրա համար անօրենների կողմից բանտված ազատամարտիկին անհապաղ ազատ արձակելու պահանջով իշխանությանը սաստելը: Գոնե` այդքանը:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր…

Բյուրավոր անգամ եք Դուք առ Բարձրյալ «Աղօթք Տէրունական»-ից արտաբերել այդ խոսքերը: Մինչդեռ դրանք կատարող` Արցախում ԹՈՒՐՔԻ դեմ կռված մի հայորդի հրաշքով փրկվեց ՀԱՅ ոստիկանների կրակոցներից: Հանապազօրյա հաց հասցնողի համար անգամ Դուք վախեցաք ազատություն պահանջել…

Ձեզ` արևշատություն, վաղվա Հայոց Քահանայապետերին` Կաթողիկոսին վայել առաքինություն, բարեգթություն, ինքնամոռաց երանելի հայրենապաշտություն:

Արամ ԵՆՈՔՅԱՆ

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված