«Մանախն» ազատ արձակվեց
ՀասարակությունՎերաքննիչ քրեական դատարանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի օրերին՝ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելք»-ի անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից:
Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին, ապա կալանավորեցին:
Մի քանի ամիս է՝ այս գործը դոփում էր տեղում: Դեռևս մայիսի 12-ին առերեսում էր նախատեսված «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև, որը, սակայն, տեղի չէր ունեցել կողմերից մեկի բացակայության պատճառով: Հաջորդ առերեսումը մայիսի 28-ին պետք է տեղի ունենար, հետաձգվեց, քանի որ Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը հենց այդ օրն էր ծանուցագիր ստացել:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որ կատարվել է բռնություն գործադրելու սպառնալիքով, և ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը, կրելը: