«Կսպանեմ, կվերացնեմ». իր հետ սեքսով զբաղվելու առաջարկ արած երիտասարդին կինն սպառնացել է
ՀասարակությունԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սուսան Հ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
37-ամյա Սուսանը մեղադրվում էր 2 դրվագով նույն հանցավոր արարքը կատարելու՝ սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: Գործով տուժողների ընտանիքը բնակվել է մարզի բնակավայրերից մեկում: Այդ ընտանիքի երկու զավակներից մեկը՝ Ազատը (անունը փոխված է) հարևանությամբ բնակվող Սուսան Հ.-ի հետ, ով ամուսնացած կին էր, երկու երեխաների մայր, «ոչ հարթ հարաբերությունների մեջ է եղել»: Ազատը հինգ տարով փոքր էր Սուսանից: Նրանց հարաբերությունները «ոչ հարթից» վերաճել են թշնամականի: Սուսանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի ապրիլի 4-ին զանգահարել է Ազատի հորեղբորոդուն, ասել է, թե «մորթելու է» Ազատին: Դրանից 10-15 րոպե անց Սուսանը գնացել է Ազատենց տան բակ, ձեռքին եղած ծալովի դանակով Ազատի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ: Սուսանը այդ բակից հեռացել է միայն այն բանից հետո, երբ Ազատի հորեղբորորդին հայտնել է, թե ոստիկանություն է կանչելու:
Այս դեպքից հետո Սուսանի ու Ազատի ընտանիքի միջև թշնամանքը շարունակվել է: Սուսանի հաղորդման հիման վրա Ազատ Բ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ Սուսան Հ.-ին սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար:
2016 թվականի օգոստոսի 5-ին մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, համաձայն որի՝ 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներից սկսած Ազատ Բ.-ն պարբերաբար հանդիպել է հարևանությամբ բնակվող Սուսան Հ.-ի հետ, նրան առաջարկել է շփվել իրար հետ, ինտիմ կապի մեջ մտնել: Սուսանը մերժել է նրան: 2016 թվականի ապրիլի 1-ին Ազատը հերթական անգամ զանգել է Սուսանին ու առաջարկել է հանդիպել: Ժամը 16-17-ի սահմաններում հանդիպել են զբոսայգում: Սուսանը նստել է Ազատի մեքենան, վերջինս Սուսանի հետ վարել է նույն զրույցը՝ միմյանց հետ ինտիմ կապի մեջ մտնելու վերաբերյալ: Սուսանը մերժել է: Այդ ժամանակ Ազատ Բ.-ն շանտաժի է ենթարկել Սուսանին՝ ասելով, թե սուտ լուրեր կտարածի՝ իբր նա կապված է տարբեր տղամարդկանց հետ: Շանտաժի ենթարկելով Սուսանին՝ Ազատը նրան հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալուն:
Դատարանում Ազատ Բ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Դատարանն արձանագրել է, որ Ազատ Բ.-ն վատառողջ է, ունի հոգեկան գործունեության ոչ փսիխոտիկ մակարդակի խանգարում, 3-րդ խմբի հաշմանդամ է, նրա խնամքին է հիվանդ հայրը, նա ընտանիքի միակ կերակրողն է, տուժող Սուսանն էլ հայտնել է, թե հաշտվել է Ազատի հետ, խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը Ազատ Բ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել, սահմանել է 1 տարի փորձաշրջան:
Հենց դատավճռի հրապարակման օրը, դատարանից տուն գնալով, Ազատ Բ.-ն կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել…
Այս ինքնասպանությունից հետո շարունակել են լարված մնալ Ազատի ընտանիքի ու Սուսան Հ.-ի հարաբերությունները:
2016 թվականի սեպտեմբերի 17-ին Սուսան Հ.-ն «Օդնոկլասնիկի» կայքում այլ անունով գրանցված օգտատերի էջից նամակագրությամբ սպանության սպառնալիքներ է տվել Ազատ Բ.-ի ընտանիքի անդամներին՝ նշելով, թե «վառելու, ոչնչացնելու» է նրանց ընտանիքը: Ազատի ընտանիքը դիմել է իրավապահներին, պարզվել է, որ սպառնալիքներ գրող օգտատերը հենց Սուսան Հ.-ն է:
Նախաքննության ընթացքում Սուսան Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Նա հայտնել է, թե ծնվել է Երևանում, 2000 թվականին ամուսնացել է Արմավիրի մարզում բնակվող երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երկու երեխա ունի: 2016 թվականի հունվարից իրեն սկսել է սիրահետել հարևանի որդին՝ Ազատը: Ինքը նրան բացատրել է, որ ամուսնացած կին է, երեխաներ ունի, խնդրել է հեռու մնալ իրենից, բայց Ազատը հեռու չի մնացել, առաջարկել է հեռանալ ամուսնուց կամ առանց բաժանվելու կապվել իր հետ՝ դառնալ իր սիրուհին:
Տեսնելով, որ Ազատը համառորեն իրեն մղում է անբարոյական քայլի, ինքը «ճարահատյալ» 2016 թվականի ապրիլին զանգել է Ազատի հորեղբոր տղային, ում խոսքը Ազատի համար մեծ ու ազդեցիկ կշիռ ուներ: Բարկացած հարցրել է՝ որտե՞ղ է Ազատը: Հետո ոտքով միայնակ գնացել է նրանց բակ, տանից դուրս է եկել Ազատը, ինքը նրա հասցեին սպառնալիքներ է տվել, քանի որ զայրացած էր: Ինքը նրանց բակից հեռացել է այն ժամանակ, երբ ասել են, թե ոստիկանություն են հրավիրելու: Ինքն ամաչել է իր արածից, հեռացել է: Այդ օրն ինքը Ազատին ասել է՝ կոչնչացնեմ, կվերացնեմ, բայց իր ձեռքին դանակ չի եղել:
Հետո ինքը ոստիկանությունում բողոք է ներկայացրել Ազատի դեմ՝ հայտնելով, որ նա շանտաժով փորձում է սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Քրեական գործ է հարուցվել Ազատի նկատմամբ, դատարանը նրան մեղավոր է ճանաչել, պայմանական է տվել, բայց դատավճռի հրապարակման օրը Ազատը տուն է գնացել և ինքնասպան է եղել:
Դրանից հետո Ազատի ընտանիքի անդամները շարունակ անհանգստացրել են իրեն, Ազատի մահը կապել են իր հետ: Իր «համբերության բաժակը լցվել է», ինքը «Օդնոկլասնիկով» հանգուցյալ Ազատի էջին ուղարկել է նրա ընտանիքին ուղղված սպառնալիքներ: Դրանք կոնկրետ որևէ մեկին ուղղված չէին, բոլորին էին վերաբերում, որովհետև իրեն բոլորը մշտապես անհանգստություն էին պատճառում:
Ըստ Սուսանի՝ այդ «մեծ պատմության պատճառով» իր ամուսինը բաժանվել է իրենից, մեկնել է Հայաստանից:
Դատարանում Սուսան Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե հարևան Ազատի հետ ինքը նորմալ հարաբերությունների մեջ է եղել մինչև 2016 թվականի հունվար, երբ նա սկսել է սիրահետել իրեն՝ գալիս էր իրենց բակ, ուղեկցում էր իրեն, սոցիալական կայքով անընդհատ գրում էր, բայց ինքը ջնջում էր նրա գրածները: Նա հետապնդում էր իրեն, ասում էր, թե սիրում է: Ինքը խոսել է Ազատի ընտանիքի անդամների հետ, խնդրել է նրան հեռու պահել իրենից: Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել Ազատի հետապնդումներից: Այդ պատճառով դիմել է ոստիկանություն: Ազատի ընտանիքի անդամները պահանջում էին, որ ինքը բողոքը հետ վերցնի: Հետապնդումներից բարկացած է ինքը առաջին դրվագով զանգել Ազատի հորեղբոր տղային ու ասել է՝ հեսա գալու եմ, տես՝ ինչ անեմ: Գնացել է Ազատենց բակ: Ազատը տուն է մտել, իր ձեռքին դանակ չի եղել: Իրեն ասել են, թե Ազատին կտանեն բուժման, ինքը թող ների նրան: Հետո երբ Ազատի գործը դատարանում էր, ինքը հայտնել է, թե ներել է նրան, խնդրել է մեղմ պատիժ նշանակել: Իսկ երբ տուն է գնացել դատարանից, իմացել է, որ Ազատը ինքնասպան է եղել…
Դրանից հետո Ազատի ընտանիքը հետապնդել է իրեն, սպառնում էին, անհանգստացնում: Ինքը ափերից դուրս է եկել ու նրանց մի քանի բառ է գրել «Օդնոկլասնիկով»…
Տուժողները հայտնել են, թե Սուսանը շուրջ տասը տարի ապրել է իրենց հարևանությամբ, նա է սիրահարված եղել Ազատին, վերջինս խուսափում էր նրանից, որ նրա ընտանիքը չքայքայի: Սուսանը Ազատին ասել է՝ կամ իմը պիտի լինես, կամ ոչ մեկինը… Սուսանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, եկել է իրենց բակ՝ դանակը ձեռքին, սպանության սպառնալիքներ է տվել ու հեռացել է, երբ ասել են, թե ոստիկանություն են զանգելու: Սուսանը Ազատին «ցավացնելու» համար է բողոք ներկայացրել Ազատի դեմ, նրա նկատմամբ դատավճիռ է կայացվել… Ազատի մահից հետո «Օդնոկլասնիկի» կայքով իրենց ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներ են տվել: Իրենք այդ հաղորդագրությունները ներկայացրել են իրավապահներին, պարզվել է՝ Սուսանն է գրել…
Տուժողները պահանջել են Սուսան Հ.-ին ենթարկել քրեական պատասխանատվության ու խիստ պատիժ նշանակել: Նրանք դեռ տարբեր ատյաններում բողոքում են նաև, որ քրեական գործ հարուցվի Սուսանի դեմ՝ Ազատին ինքնասպանության հասցնելու համար՝ նրան անվանելով իրենց ընտանիքի «միակ թշնամի»…
Դատարանը Սուսան Հ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների՝ երկու դրվագով սպանության սպառնալիքներ տալու համար:
Սուսան Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: