Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը
ՀասարակությունՃապոնական ավտոարտադրության հսկա Toyota ընկերությունը որոշել է Երևանում բացել երկրորդ պաշտոնական ավտոսրահը, որը կգործի գործող «Տոյոտա Երևան» սրահից անկախ՝ հանդիսանալով ապրանքանիշի լիիրավ ներկայացուցիչը Հայաստանում:
Երկրորդ ներկայացուցչություն հիմնելու նպատակով ճապոնական կողմի հայտարարած մրցույթին մասնակցել է մոտ մեկ տասնյակ ընկերություն, այդ թվում՝ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ մոթորսը», Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորսը» և վրացական «Տեգետա մոթորսը»: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել VG Motors ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է նաև չինական Chery և AVATR բրենդերը:
VG Motors-ի հիմնադիրը «Տոյոտա Երևան» ընկերության նախկին տնօրեն և փայատեր Վահե Գզրարյանն է, ով 2024 թվականին վաճառել է իր փայաբաժինն ու դուրս եկել նախորդ ընկերությունից: Նոր պաշտոնական ավտոսրահը կրելու է «Toyota Center VG» անվանումը:
Ավտոսրահը կգործի Փարաքարում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում, որտեղ այժմ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ: Օբյեկտի պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերին: