Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ի ցույց են դնում պետական ապարատն ու օրենսդրական լծակները սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անթաքույց մոլուցքը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու պատրվակով կազմակերպված ձևական ու 14 րոպեանոց «լսումները» լավագույնս ապացուցում են, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության բացահայտ և ապօրինի յուրացում:
Տարիներ առաջ, երբ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ու «Տաշիր» խումբը ռուսական կողմից ձեռք բերեցին ՀԷՑ-ը, ընկերությունը գտնվում էր ծայրաստիճան քայքայված, կորուստներով լի և կառավարման տեսանկյունից կաթվածահար վիճակում: Հսկայական ներդրումների, ռազմավարական ճիշտ պլանավորման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բաշխիչ ցանցերը կարճ ժամանակում վերածվեցին բարձր մակարդակի, կայուն և հուսալի համակարգի: Սակայն այսօր օրվա իշխանությունը, լիովին անտեսելով տարիների կատարած աշխատանքն ու ներդրված միլիարդները, պետական մեքենայի ամբողջ գործիքակազմն ուղղել է մասնավոր սեփականությունը բռնագրավելուն:
Սեփականատիրոջից ընկերությունը փաստացի չնչին գումարով օտարելու անհեթեթ առաջարկը վկայում է գործընթացի սնանկության և քաղաքական ենթատեքստի մասին: Սա ուղղակի և կործանարար ազդակ է ողջ բիզնես միջավայրին ու հնարավոր ներդրողներին. Հայաստանում այլևս որևէ լուրջ գործարար չի կարող պաշտպանված զգալ, երբ պետությունն ունակ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել կայացած ու հաջողված բիզնեսի զավթմանը:
Ակնհայտ է, որ իրավական ու տնտեսական հիմքերից զուրկ այս գործընթացը չի մնալու անպատասխան: ՀԷՑ-ի օրինական սեփականատերերը պատրաստվում են ամենայն վճռականությամբ պայքարել սեփական իրավունքների համար, և կասկած չկա, որ արդարությունը վերականգնվելու է, իսկ ռազմավարական այս հսկան ի վերջո վերադարձվելու է իր օրինական տերերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում