Պայթյուն Գյումրիում․ երկու մարդ վիրավոր է
ՀասարակությունՔիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում, ինչի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:
«Պայթյունի վայրում աշխատանքներն ավարտել ենք, հետևանքները վերացված են: Դեպքի վայրում ոստիկաններն ու համապատասխան վարչության աշխատակիցներն են այս պահին, ովքեր համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Այնտեղ խոհանոց-միջանցք հատված ն է այրվել, հրդեհաշիջման աշխատանքները շատ արագ կազմակերպել ենք, ընդամենը տան այդ երկու հատվածներն են այրվել, իսկ պայթյունի հետևանքով տան մի հատվածի պատուհաններն են ամբողջովին վնասվել, կողքը ննջասենյակային հատվածի դռներն ու պատուհաններն են վնասվել»,-ասաց նա։
Արթուր Կարապետյանը տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տուժել են 1962 թ ծնված Սամվել Ալբերտի Մելքոնյանն ու 1992-ին ծնված Անդրանիկ Արմենակի Հարությունյանը, ովքեր տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Գյումրու բժշկական կնետրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց տեղափոխվածները ստացել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ։
«Սամվել Մելքոնյանի վիճակը համեմատաբար ավելի թեթև է, միայն ձեռքերն են վնասվել, իսկ Անդրանիկ Հարությունյանի մոտ վիճակը բարդ է; Նրանք հրաժարվում են ստացիոնար բուժօգնությունից, բժիշկներն այս մասին համոզում են համաձայնել»,– ասաց Նարեկ Կիրակոսյանը: