Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահի պաշտոնում
ՍպորտNEWS.am Sport-ը գրում է.
Սերժ Սարգսյանը կշարունակի գլխավորել Հայաստանի շախմատային ֆեդերացիան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է ՀՇՖ-ի հաշվետու-ընտրական կոնֆերանսը՝ ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ:
Նրա առաջարկով կոնֆերանսի մասնակիցները լռության րոպեով հարգեցին վերջին տարիներին կյանքից հեռացած շախմատիստներ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռուբերտ Բունիաթյանի եւ Ալբերտ Հարությունովի հիշատակը:
Կոնֆերանի 114 պատգամավորներից ներկա են 95-ը, ինչը թույլ է տալիս անցկացնել հաշվետու կոնֆերանսը:
Քվեարկությամբ կոնֆերանսի օրակարգը միաձայն ընդունվեց: Սերժ Սարգսյանն առաջարկեց կոնֆերանսի հաշվետու-ընտրական նիստն անցկացնել 20-25 րոպե, իսկ խոսք ունեցողներին «պահանջեց» գրավոր ներկայացնել ցանկությունը, կամ տեղից ձեռք բարձրացնել:
ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հանդես եկավ հաշվետվությամբ՝ 2013-2017 թվականների ֆեդերացիայի կատարած աշխատանքների եւ ձեռքբերումների մասին: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն էլ ներկայացրեց վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
Ապա մեկնարկեց ՀՇՖ նախագահի ընտրությունը: Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ֆեդերացիայի նախագահ: