«Երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայի բանականությանը, եղածը պահպանելն է»։
ՔաղաքականությունԱյն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակություն է, այլ նվաճողական պատերազմ, որը Հայաստանը կարող է վարել՝ միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում։ Կլինի՞ Հայաստանը այդպիսին, այն ժամանակ էլ կորոշվի՝ խաղաղ գոյակցել հարեւանների հետ, թե սկսել նվաճողական պատերազմ։ Այդ որոշման համար ոչ պատմական հիմնավորվածություն պետք կլինի, ոչ պահանջատիրական գաղափարախոսություն, ոչ էլ Եղեռնի ճանաչում։ Այլ միմիայն բիրտ ուժ։
Իսկ մինչ այդ՝ ընդամենը պետք է հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայի բանականությանը, եղածը պահպանելն է։
Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ամենքինը՝ անկախ պետության ստեղծում։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չեն հասել նպատակին։ Մերը՝ հասել է նպատակին։ Վաղուց։ Քիչ է թե շատ է,— դա այլեւս զգացմունքների ոլորտից է։ Լավագույն դեպքում՝ պատմաբանական վերլուծության նյութ, բայց ոչ երբեք՝ պրակտիկ քաղաքականության։ Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Փաշինյան Նիկոլի ծննդավայրի սահմանների հետ, դա դեռ չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է — մեկական Հայաստան Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ Մարգարյան Հրանտի համար, Վասպուրականում՝ Մանուկյան Վազգենի, Պոլիսում թե որտեղ՝ մի հատ էլ Հայրիկյանի համար։ Երկիրը հենց նրանով է երկիր, որ նրա սահմանները առաձգական չեն։ Երկիրը չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում։