Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար
Բաց մի թողեքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել են «Սոլֆեջո» և «Երաժշտական գրականություն» առարկաների նոր ծրագրերը՝ նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցների համար։ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը կարևոր է երաժշտական կրթության բովանդակության արդիականացման և երաժշտական դպրոցներում դասավանդման միասնական ու ժամանակակից մոտեցումների ձևավորման առումով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նոր ծրագրերը երաշխավորվել են գործածության ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հունիսի 10-ի թիվ 1109-Ա/2 և հունիսի 15-ի թիվ 1148-Ա/2 հրամաններով։ Դրանք նախատեսված են համապատասխան դասարաններում դասավանդող մանկավարժների համար որպես մեթոդական ուղեցույցներ։
Առարկայական ծրագրերի մշակմանը մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնագետները՝ համադրելով բարձրագույն մասնագիտական կրթության և երաժշտական դպրոցների մանկավարժական փորձը։
«Սոլֆեջո» առարկայի 5-ամյա և 7-ամյա ուսուցման ծրագրերի հեղինակներն են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երաժշտության տեսության դասատու Աննա Հարությունյանը։ Ծրագիրն ուղղված է երաժշտական լսողության, ռիթմի, ինտոնացիոն ճշգրտության և երաժշտական մտածողության զարգացմանը։
«Երաժշտական գրականություն» առարկայի ծրագիրը հեղինակել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնագետներ Մելինե Սելվինազյանը, Նաիրա Գրիգորյանը, Քնարիկ Թորոսյանը։ Այն ընդգրկում է երաժշտության պատմության, ոճերի, ժանրերի և հայ երաժշտական ժառանգության համակարգված ուսումնասիրությունը։
Ծրագրերի մշակումը կարևոր է նաև «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադայի անցկացման համար, որն իրականացնում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նոր ծրագիրը հնարավորություն է տալիս օլիմպիադայի մասնագիտական բովանդակությունն առավել սերտորեն կապել դպրոցներում իրականացվող ուսուցման գործընթացի հետ՝ ստեղծելով միասնական կրթական և մասնագիտական միջավայր։
Հրատարակված ծրագրերը մանկավարժներին հնարավորություն կտան դասապրոցեսը կազմակերպել առավել համակարգված՝ միաժամանակ պահպանելով ստեղծագործական և մեթոդական ճկունությունը՝ միտված երաժշտական կրթության որակի շարունակական բարելավմանը և սովորողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ