Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ավստրիային
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ավստրիային՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մուտքը երկիր արգելելու համար։
Նշենք, որ Ավստրիայում «անցանկալի անձ» հայտարարված Զեյբեկչին պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի թուրքական համայնքի առաջ՝ Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի 1-ամյակի առիթով։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեին Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ Ավստրիայի այս քայլը հակասում է ժողովրդավարության հիմունքներին և ապացուցում, որ ժողովրդավարության պաշտպանության համար մղվող պայքարում «Ավստրիան բոլորովին էլ անկեղծ չէ»։
Իր հերթին, նախարար Զեյբեկչին, մեկնաբանելով Ավստրիայի այս որոշումը, հայտարարել է, որ տեղի թուրքական համայնքի հետ հանդիպելու համար նրանք ոչ ոքից թույլտվություն խնդրելու կարիք չունեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն է «անցանկալի անձ» հայտարարվել Նիդեռլանդների կողմից, երբ հայտնի է դարձել, որ վերջինս պատրաստվում է այցելել տեղի թուրքական համայնքին։