Գուրգեն Արսենյանին նպատակադրված զրպարտում են․ պատգամավորի գրասենյակի արձագանքը
ՔաղաքականությունՈրոշ անձիք զբաղված են տեսակետներ հորինելով և տարածելով, որոնք չեն պատկանում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ /ԱԺ օրակարգ ընդգրկելու նպատակով/ Գուրգեն Արսենյանը իր խոսքում դատապարտել է ցանկացած վայրագություն ուղղված մարդկության դեմ, որից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ չէ շտապողականություն դրսևորել, քանի որ ըստ պատգամավորի, սկզբում ճիշտ է, որ ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներ արտահայտի և Իրաքում, եզդիների հետ կատարվածը ցեղասպանություն որակի, որից հետո միայն ԱԺ-ի կողմից կարող է քննարկվել նման հայտարարության ընդունումը: Այս դեպքում ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքը միտումնավոր կոնտեքստից կտրելը և հանրությանը ներկայացնելը, առնվազն ծիծաղելի է և տարաբնույթ եզրակացությունների տեղիք է տալիս:
Հ.Գ. Ի դեպ, կոնկրետ այս միտքը << Ասենք, 3000 եզդի էլ, սպանվել է՝ ի՞նչ անենք>>, ինչպես շատ այլ արտահայտություններ, որոնք վերագրվում են ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որևէ տեղ, անգամ իսկ տվյալ նյութում կցված տեսանյութում առկա չեն, ինչը նշանակում է, որ ինչ որ անհայտ կայք նմանատիպ գործելաոճով, շահարկելով պատգամավորի անձը, և ինչու չէ սկանդալային իրավիճակ ստեղծելով, պարզապես ապահովում իր կայքի դիտումները:
Ցավոք արդյունքում, հանրության որոշ հայտնի գործիչներ և համացանցային ակտիվ օգտատերեր կուլ տվեցին այդ խայծը` չխորանալով մանրամասների մեջ: