Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոն
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետևում է, որ դեռևս 2014 թվականին սահմանված Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը երկարաձգվել է մինչև 2028 թվականի վերջ։
«2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի օգոստոսի 6-ի հրամանագրով նախատեսված առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողությունը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով»,– ասվում է փաստաթղթում։
Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսին արգելել էր հակառուսական պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենային ապրանքների որոշ տեսակների ներմուծումը։ Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկեղենը, ձուկն ու ծովամթերքը, բանջարեղենը, մրգերը և կաթնամթերքը։ Պատժամիջոցների պահպանմանը զուգահեռ Ռուսաստանը երկարաձգել է նաև այդ սահմանափակումների գործողությունը։
Ներկայում այս հակապատժամիջոցները գործում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ