Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
ՀասարակությունIravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վերանայել այն հիվանդությունների և վիճակների ցանկը, որոնց դեպքում կուտակային կենսաթոշակի մասնակիցը կարող է մինչև կենսաթոշակային տարիքը ամբողջությամբ ստանալ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները։ Փոփոխությունը պայմանավորված է 2026 թվականի հունվարից Հայաստանում գործող առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում հիվանդությունների բուժման հնարավորությունների ընդլայնմամբ։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը «Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածով սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկի վերանայումն է՝ պայմանավորված 2026 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առավել մեծ թվով հիվանդությունների բուժման հնարավորության ընդլայնմամբ։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (այսուհետ՝ մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա` կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։
Հիվանդությունների ցանկը հաստատված է Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման հավելվածով (այսուհետ՝ Հավելված)։
Հարկ է նկատի ունենալ, որ 2026 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը, որի շրջանակներում ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել այս համակարգով։ Ընդ որում, այդ հիվանդությունները ընդգրկված են նաև Հավելվածով։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հավելվածով սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը։
Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի հնարավորությունների հաշվառմամբ հստակեցնել Հավելվածով հաստատված հիվանդությունների ցանկը այն տրամաբանությամբ, որ այդ ցանկում ընդգրկված լինեն այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում բուժառուներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծը ընդունվելու դեպքում կհստակեցվի Հավելվածով հաստատված հիվանդությունների (վիճակների) ցանկը՝ դրանք համապատասխանեցնելով առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի հնարավորություններին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի վերջին մասին, այն է՝ «Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը»։
Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն փոխվի, քանի որ մասնակցի անվամբ բացված կենսաթոշակային հաշվում առկա միջոցները նրա սեփականությունն են։
Հետևեք մեզ՝ այստեղ