«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքուստ տպավորություն կար, թե մի պահ Եկեղեցու շուրջ կրքերը մի փոքր հանդարտվել են, բայց օրերս ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը մի «զեկույց» հրապարակեց՝ ընդդեմ Եկեղեցու և նրա սպասավորների։ «Հրապարակված թերթոնն ընդամենը նիկոլական՝ ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների, մատից հոտ քաշած ինչ-որ ենթադրությունների, զազրախոսությունների, սուտ մատնությունների, զրպարտությունների մի ամբողջ տրցակ էր, որտեղ հավաքական, ամբողջացված կերպով ներկայացված էր այն «բույլը», որը վերջին տարիներին անընդհատ տիրաժավորել են տարբեր խմբակները, միավորները, գրանտակերները, հայկական արժեքները ոտնահարողները, հայկականությունն ու հայկական ընտանիքը պղծողները։ Այնտեղ կարդացինք տարբեր շրջաններում «բեսետկաներում» ասեկոսեներ տարածողների մտքերը։ Բոլոր առումներով, ոչ միայն Եկեղեցու, նա օրակարգ է բերում այնպիսի թեմաներ, որոնք տարբեր ժամանակներում տարիներ շարունակ մարդիկ իրար մեջ խոսել են ու քննարկել։ Այն, ինչ իր մեդիա հարթակներով ու մնացած էժանագին կեղծ պրոֆիլներով տիրաժավորել են տարիներ շարունակ, այսօր նա բերել է հանրային օրակարգ, դարձրել պետական քաղաքականություն, պետական քաղաքական դոկտրինի ուժ է տվել դրանց։ Նույնը Եկեղեցու դեպքն է։ Ի սկզբանե խոսում էին կուսակրոնության ուխտը խախտելու, Կաթողիկոսի՝ զավակ ունենալու հանգամանքի մասին և այլն։ Առաջին փուլը դա էր։ Երկրորդ փուլը հոգևոր դասի ներկայացուցիչներին ԿԳԲ-ի գործակալներ, դրսի շահերը սպասարկողներ հռչակելու փուլն էր։ Առաջինի պարագայում, քանի որ ոչ մի իրեղեն ապացույց չկար և չէր կարող լինել, այն խոսույթից դուրս եկավ, երկրորդ պլան եկավ գործակալների և գործակալական ցանցի մասին խոսույթը»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը։
Ընդգծում է՝ երբ խորապես ենք դիտարկում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, տեսնում ենք, որ նա խնդիր ունի համակցված ցանցային կառույցների հետ։ «Կոնկրետ օրինակով ասենք՝ Եկեղեցի, Դաշնակցություն, Սփյուռք։ Երեք ցանցային կառույց, որոնք խոր հանգույցներով կապված են, նրանց պոկելպառակտելը դժվար է։ Նա խնդիր ունի ֆունդամենտալ կայացած կառույցների հետ։ Այս կառույցները դարերով, հարյուրամյակներով գոյություն են ունեցել, ունեցել են իրենց ավանդույթները, ստեղծել են իրենց արժեհամակարգերը, կադրեր են «ստեղծել», ներդրումներ կատարել և այլն։ Նրան, հակառակը, պետք են հեղհեղուկ, այստեղից-այնտեղից «թռած», ութ կուսակցություն փոխած, անարժեք, անգո արարածներ, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած թեմայից «թռչել», այսինքն՝ մի օր բոլշևիկ են, մի օր մենշևիկ: Նրան կայուն, կայացած պրոցեսներն ու կադրերը բնավ ձեռնտու չեն։ Սա տեսակի, ընկալման խնդիր է, սրանով նա փորձում է հանրությունը նման տեսակի դարձնել, հանրությանը նման մեսիջներ հաղորդել։ Մեր դպրոցում ժամանակին ասում էին՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», «Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հավատը», և այսպես շարունակ։ Հիմա Նժդեհի, Խորենացու, Աբովյանի, Պարույր Սևակի և մյուս մեծերի խոսքերը փոխարինում են ինչ-որ տարօրինակ՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես», «Պետությունը հայրենիքն է» և այլն։ Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման մի պրոցես է, երբ չունես հիշողություն, անարժեք, անկենդան մի օրգանիզմ ես, հաց ես ուտում, ապրում ես, փող ես ծախսում, հարկ ես տալիս։ Շատ պարզ է մեխանիզմը»,-նկատում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, այս «զեկույցով» Փաշինյանն առաջիկայում սպասվող նոր հարվածաշարի սկիզբն է ազդարարել՝ կարծես շեշտելով, որ չի մոռացել, թե ինչի համար են իրենք «հավաքվել»։
Եկեղեցու դեմ տարվող արշավին օրերս անգամ արձագանքեցին ԵԽԽՎ որոշ պատգամավորներ։ «Թող տպավորություն չստեղծվի, թե ԵԽԽՎ-ում բոլորն անհայրենիք են, արժեքներ չունեցողներ են։ Եվրոպական արժեքները քրիստոնեական արժեքներ են։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեմ գերմանական, ֆրանսիական, ռուսական քաղաքակրթությունները։ Ուստի, եվրոպացի պատգամավորների արձագանքն էլ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին նորմալ է, դրանք պետք է մի քիչ ավելի շատ լինեին։ Մեզ ու մեր Եկեղեցուն, ցավոք, դեռևս բավականին «հետաքրքիր» փորձություններ են սպասվում, չնայած խոր համոզմունք ունեմ, որ ինչպես Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է մի առիթով ասել, Վեհափառն անսասան է, ինչպես Արարատ լեռը։ Հուսամ՝ Եկեղեցու կողմից այդ մաշեցման գործընթացը հանգիստ գնալու է։ Հուսանք՝ այս իշխանության մայրամուտն էլ այդքան հեռու չէ։ Հուսահատությունը մեղք է, չհուսահատվենք։ Կարող է լինել հիասթափություն, դա ևս բնական է։ Օրինակ՝ ընտրություններ են, լարված սպասում ես արդյունքներին։ Ընտրությունների օրվանից հետո գալիս է ապատիկ վիճակը։ Ներսումդ ամեն ինչ եռում է, դրանից հետո գոլորշին դուրս է գալիս, և պրոցեսը մի պահ հանգստանում է։ Վիճակագրական առումով մոտ կես կամ մեկ տարի միջանկյալ հատվածում լինում է ավելի շատ ինքնահոսի մնացած վիճակ, երբ իներցիայով մարդիկ շարունակում են ապրել՝ մինչև որոշակի նոր գործընթացները։ Հանրությանը արթնացնելու, «աշխատեցնելու» նոր պրոցեսի համար պետք է իքս ժամանակահատված անցնի, մարդկանց մեջ կրկին ինչ-որ բանի գեներացիա լինի»։
Երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներն էլ պարզերից չեն։ Մի կողմից՝ «Թրամփի ուղին» է, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Այս փուլում բավականին ցուգցվանգային վիճակում ենք։ Փորձում են մի քանի աթոռի վրա նստել, մի քանի աթոռի վրա փորձում են «շպագատ» նստել, առհասարակ՝ տարբեր ակրոբատիկ շարժումների պրոցեսներ են։ Նա ասում է՝ հայկական աթոռին է նստած։ Բոլորն են ցանկանում հայկական աթոռի վրա նստել, բայց, ըստ էության, սկսած անտիկ ժամանակներից՝ ոչ ոք չի կարողացել միայն այդ աթոռին նստած մնալ, հաշված մարդիկ են եղել այդպիսին։ Որպես կանոն՝ ինքնիշխանություն ասվածը շատ հարաբերական բան է։ Ընդհուպ Շվեդիան ու Սինգապուրն ինքնիշխան չեն։ Պետք է խոսես քո հանրության հետ. ասենք՝ նրան ասում ես՝ ժողովուրդ ջան, փորձում ենք Չինաստանի հետ հարաբերություններ կարգավորել, քանի որ նրանք մեզ 500 հատ արևային պանել են տալու, փորձում ենք Հնդկաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, քանի որ մեզ տալիս են իքս տիպի զինատեսակ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը պետք է այս փուլում էլ ավելի լավը լինի, քանի որ ունենք գազի, ատոմի, դիվերսիֆիկացիայի խնդիր և այլն։ Այսինքն՝ փորձում ես հանրությանը ներկայացնել, որ իքս քայլն անում ես կոնկրետ նպատակի համար, ոչ թե ասում՝ սա չանեմ, ինձ կասեն գուբեռնիա ես, ֆորպոստ ես և այսպես շարունակ։ Բայրամովն օրերս խոսում էր հարյուր հազարավոր մարդկանց «վերադարձի» մասին։ Ադրբեջանական հանձնախումբ կա ՄԱԿ-ում, որը փորձելու է «հայրենիք վերադարձի, պատմական արժեքների վերականգնման հարցեր» առաջ քաշել և ցույց տալ, որ իրենք միջազգային իրավունքի դաշտում են։ Նրանք փորձելու են փաստաթղթավորված իրենց նպատակներն առաջ տանել, իսկ քպական մի պատգամավոր Հանրայինի եթերում ասում է՝ Գանձասարի մասին ի՞նչ էին ասել, որ պատասխանեինք, մյուսն էլ, թե՝ Մատենադարանի տնօրենն արդեն արձագանքել է։ Օրերս նաև «Ռոսատոմի» նախագահն էր Հայաստան ժամանել։ Հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ։ Նա փորձելու է տարբեր պրոցեսներով ստեղծված իրավիճակը հարթելու եզրեր գտնել։ Համարյա վստահ եմ՝ առաջիկայում գնալու է Մոսկվա, իր հայտարարությունների մասին ասելու է՝ ես նման բաներ չեմ ասել, դուք ինձ ճիշտ չեք հասկացել։ Այնքան անլուրջ են, որ չեն հասկանում՝ միջազգային հարաբերություններին, դիվանագիտությանը չես կարող մատների արանքով նայել։ Չես կարող ասել՝ ես այս բանն եմ ասել, բայց ուրիշ բան նկատի ունեի։ Միջազգային հարթակներում քո ելույթները միայն քո ֆան ակումբներն ու լայքողների բանակները չեն լսում, քեզ ամենուր են լսում։ Կամ՝ TRIPP-ի մասով։ Երկարատև ջանքերից հետո ֆեյսբուքյան էջ ունեցավ։ Շատ կարևոր ստեղծագործական նվաճում էր։ Տեղեկությունների համաձայն, Իրանը բավականին լուրջ լոգիստիկ կառույցներ է ստեղծում՝ թունելներ, տրանսպորտային կոմունիկացիաներ և այլն, իրենց ապահովագրում են։ Այնպես չէ, որ «Թրամփի ուղին» հեշտ ու հանգիստ, խաղաղ գործարկվելու է։ Մնում եմ այն համոզմունքին, որ այն մեծագույն բլեֆ է։ Դրա գործարկման հետ կապված լրջագույն բարդություններ կան։ Դեռ քննարկումներ են լինելու, շահերի բախումներ, տարբեր կողմեր իրենց ամբիցիաներն են ներկայացնելու»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում