Հայերեն


Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարություններն ու ձեռնարկվող քայլերը հերթական անգամ ցույց են տալիս, որ «խաղաղություն» բառը Ադրբեջանի քաղաքական բառարանում բոլորովին այլ բովանդակություն ունի, քան այն, որ դրան տալիս են միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքացիները։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կոչ է արել Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել սեփական հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Առաջին հայացքից այս ձևակերպումը կարող է թվալ տրամաբանական. եթե երկու պետություն ուզում է վերջ տալ երկարատև թշնամանքին, ապա երկուսն էլ պետք է պատրաստեն իրենց հանրությունները համակեցության։ Սակայն իրականում պետք է նայել ոչ թե ձևակերպմանը, այլ դրա հետևում կանգնած իրականությանը, և այդ ժամանակ պարզվում է, որ այս կոչը ուղղված է միայն մի կողմին, իսկ մյուս կողմը ոչ միայն չի պատրաստվում նույն պարտավորությունն ստանձնել, այլև ամեն օր ապացուցում է հակառակը։

Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրականում պահանջվում Հայաստանից, պետք է նախ վերհիշել Բաքվի ներկայացրած գլխավոր նախապայմանը։ Ադրբեջանը պնդում է, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի իրավականորեն բացառվեն Ադրբեջանի նկատմամբ հնարավոր տարածքային պահանջները։ Սա ներկայացվում է որպես իրավական երաշխիք, բայց, ըստ էության, դա պահանջ է, որ մի ուրիշ պետության ցանկությամբ և նրա ներկայացրած ժամանակացույցով ինքնիշխան պետությունը վերաձևակերպի իր հիմնական օրենքը, այսինքն՝ այն փաստաթուղթը, որն արտացոլում է ժողովրդի կամքը և պետության հիմնարար արժեքային հենքը։ Այսինքն, Բաքուն իրականում պահանջում է ոչ թե իրավական վտանգի վերացում, որովհետև այդ վտանգն առկա չէ, այլ քաղաքական հնազանդության ևս մեկ դրսևորում, մի տեսակ սիմվոլիկ հաստատում, որ Հայաստանը պատրաստ է փոխել իր պետական ինքնությունն ըստ հարևանի ցանկության։ Իսկ երբ այդպիսի նախապայման դրվում է վերջնական պայմանագրի կնքման համար, ապա դա ավելի շատ նման է ճնշման գործիքի, քան խաղաղության ճանապարհի։

Նույն տրամաբանությամբ է բացատրվում նաև այն, որ ադրբեջանական կողմը չեղարկել է քաղաքացիական հասարակությունների միջև նախատեսված որոշ հանդիպումներ, օրինակ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը՝ պատճառաբանելով հայկական տեղեկատվական դաշտում առկա հակաադրբեջանական քարոզչությունը։ Այս պատճառաբանությունն արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Քաղաքացիական հասարակությունների միջև շփումները խաղաղ գործընթացի ամենակարևոր հենասյուներից են, որովհետև պետական պայմանագրերը, ինչքան էլ ճշգրիտ կազմված լինեն, ամուր չեն լինում, եթե երկու հասարակությունները շարունակում են միմյանց տեսնել միայն որպես թշնամու կերպար։ Եթե Բաքուն այդ շփումները չեղարկում է՝ որպես պատիժ կամ ճնշման միջոց, ապա պարզ է դառնում, որ նրա համար քաղաքացիական կամուրջները խաղաղության նպատակ չեն, այլ քաղաքական առևտրի առարկա։ Ավելին, հակաադրբեջանական քարոզչության մասին բողոքող կողմն ինքն է տասնամյակներ շարունակ կառուցել հակահայկական թշնամանքի ամբողջ համակարգ։

Այս ամենի արդյունքում ստացվում է մի պատկեր, որտեղ Ադրբեջանը փաստացի պահանջում է, որ Հայաստանը ոչ միայն մոռանա այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, այլև չհակադրվի Ադրբեջանին, իսկ կառավարությունն էլ քայլեր ձեռնարկի, որպեսզի հասարակությունն էլ հակվի այն մտքին, որ պետք է փոխել Սահմանադրությունը և հանուն խաղաղության անընդհատ զիջումներ կատարել։ Այստեղ պետք է մի պահ կանգ առնել և հիշել, թե ինչի մասին է խոսքը։ Արցախի հայությունը 2023 թվականի սեպտեմբերին զրկվեց իր հայրենիքից՝ ամիսներ տևած շրջափակումից և ռազմական գործողությունից հետո, և հարյուր հազարից ավելի մարդ ստիպված եղավ լքել իր տունը, գերեզմանները, եկեղեցիները։ Այդ ողբերգությունից հետո մարդկանցից պահանջել «մոռանալ»՝ նշանակում է պահանջել հրաժարվել սեփական հիշողությունից, իսկ հիշողությունից հրաժարվող հասարակությունը կորցնում է նաև ինքն իրեն պաշտպանելու բարոյական և քաղաքական կարողությունը։ Այս պահանջի իրական նպատակն, ըստ էության, այն է, որ Հայաստանի հանրությունն այլևս չհարցնի ո՛չ գերիների ճակատագրի մասին, ո՛չ վերադարձի իրավունքի մասին, ո՛չ վերջին տարիներին կատարվածի իրավական գնահատականի մասին, և այդպիսով հարցը փակվի առանց որևէ պատասխանատվության։

Խաղաղությունը, որը կառուցվում է մոռացության և լռության վրա, ոչ թե խաղաղություն է, այլ պարզապես հաղթողի կողմից թելադրված կարգ, որը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ պարտվողը թույլ է։ Եվ հենց այս կետում առաջանում է նաև գլխավոր հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության։ Պատասխանը, ցավոք, միանշանակ է. իհարկե՝ ոչ։

Եթե Բաքուն լրջորեն մտադիր լիներ համակեցության, ապա առաջին քայլերից մեկը կլիներ սեփական հանրության շրջանում թշնամու կերպարի ապամոնտաժումը։ Փոխարենը Ադրբեջանը շարունակում է հակահայկական քարոզչությունը, որն ունի ինստիտուցիոնալ բնույթ և իրականացվում է պետական մակարդակով։ Նույն այդ տրամաբանության շարունակությունն է հայկական մշակութային ժառանգության ջնջումն ու յուրացումը, որը երբեք չեզոք գործողություն չէ։ Այն ուղղված է նրան, որ ապագայում այդ հողի վրա հայի ներկայության ոչ մի հետք չմնա, որպեսզի վերադարձի, հիշողության և իրավունքի մասին խոսելն ավելի դժվար լինի։ Երբ պետությունը միաժամանակ խոսում է խաղաղության մասին և հետևողականորեն ոչնչացնում է մյուս ժողովրդի հետքերը, այդ երկու գործողությունները չեն կարող ներկայացվել որպես համատեղելի։

Դրան գումարվում է մի ավելի վտանգավոր երևույթ՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզի պետական մակարդակով շրջանառումը։ Այս թեզով Հայաստանի ներկայիս տարածքը, ներառյալ Երևանը, Սյունիքը, Գեղարքունիքը և այլ մարզեր, ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական հողեր», իսկ հազարավոր էթնիկ ադրբեջանցիների համար պահանջվում է «վերադարձի» իրավունք։ Պարզ է, որ սա քաղաքական նախագիծ է, որը ստեղծում է գաղափարական հիմք ապագա պահանջների համար։ Եթե մի կողմից Բաքուն պահանջում է, որ Հայաստանը սահմանադրորեն երաշխավորի, որ երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունենա, իսկ մյուս կողմից՝ ինքը պետական մակարդակով ձևակերպում է Հայաստանի տարածքի զգալի մասի նկատմամբ «պատմական իրավունքի» կեղծ թեզ, ապա այդ երկակի ստանդարտը թույլ է տալիս հստակ տեսնել, թե ով ում ինչ է պարտադրում։

Իրավիճակը չի սահմանափակվում քարոզչությամբ և գաղափարական նախագծերով։ 2021–2022 թվականների սահմանային ներխուժումների հետևանքով ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրերի վրա, և Բաքուն հաճախ հրաժարվում է հետ քաշել զորքերը՝ դրանք համարելով «վիճելի» կամ «չսահմանազատված»։ Այս փաստը կարևոր է հատկապես այն պատճառով, որ այն ցույց է տալիս անհամապատասխանությունը խոսքի և գործի միջև։ Խաղաղության մասին խոսող պետությունը, որը միաժամանակ իր հարևանի ինքնիշխան սահմաններում օկուպացված կամ վերահսկվող տարածքներ է պահում, ըստ էության, պահպանում է ճնշման լծակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործել բանակցային սեղանի շուրջ։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն շարունակում է պահպանել ռազմական բաղադրիչը՝ որպես դիվանագիտական ճնշման գործիք։ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է խոշոր զորավարժություններ, այդ թվում՝ Նախիջևանում, և ձևավորում է նոր հատուկ նշանակության ստորաբաժանումներ սահմանների մոտ։ Յուրաքանչյուր առանձին զորավարժություն կարող է բացատրվել սովորական պաշտպանական պլանավորմամբ, բայց երբ դրանք կրկնվում են կանոնավոր ձևով, ուղեկցվում են պատերազմական հռետորաբանությամբ և համընկնում են բանակցային գործընթացի զգայուն պահերի հետ, դրանք սկսում են հանդես գալ որպես հաղորդագրություն. եթե Հայաստանը չհամաձայնի, ուժային տարբերակը միշտ սեղանին է։

Դիվանագիտությունը, որի ետևում կանգնած է բացահայտ սպառնալիք, դադարում է լինել բանակցություն և վերածվում է վերջնագրի։ Ահա, այս համատեքստում պետք է ընկալել նաև այն կոչը, որ Հայաստանը պետք է «պատրաստի իր հասարակությանը խաղաղության»։ Հասարակությունը, որի սահմանին կանգնած են նոր զորամիավորումներ, որի պատմական հողերի վրա ուրիշները պահանջ են ներկայացնում, որի եղբայրներն ու քույրերը վերջերս կորցրել են հայրենիքը, չի կարող պարզապես հրահանգով «պատրաստվել» խաղաղության. նրան պետք են իրական երաշխիքներ, ստուգելի քայլեր և փոխադարձություն։

Վերջին հաշվով, երկու հասարակությունների խաղաղության պատրաստվածությունը չի չափվում ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ ստորագրված փաստաթղթերով, այլ այն բանով, թե իրականում ինչ է սովորեցվում երեխաներին դպրոցներում, ինչ է ասվում պետական ամբիոններից, ինչ է արվում սահմանին և ինչ է կատարվում պատմական հուշարձանների հետ։ Այս չափանիշներով դատելիս Ադրբեջանի վարած քաղաքական ուղղությունը շատ ավելի հստակ է, քան նրա դիվանագիտական խոսքը։ Հայաստանի հանրությունը չի կարող և չպետք է ընդունի այն տրամաբանությունը, որով խաղաղությունը նույնացվում է լռության, մոռացության և մշտական զիջումների հետ։

Իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը պատրաստ են նույն պարտավորություններն ստանձնել, նույն ստանդարտներով գործել և նույն չափով նայել կատարվածին, ինչն Ադրբեջանի պարագայում բացակայում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետ
Ամենադիտված