Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
ՍպորտԱրգենտինայի ազգային հավաքականի ավագ և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 39-ամյա Լիոնել Մեսսին, պատրաստվում է անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում: Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում այս գիշեր կկայանա արգենտինացիների ընկերական հանդիպումը Բենինի ընտրանու հետ, որը կնշանավորի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դարաշրջաններից մեկի ավարտը:
«Ինտեր Մայամիի» հարձակվողը, ով միջազգային կարիերան ավարտելու որոշումը կայացրել էր 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սոցիալական ցանցերում հուզիչ ուղերձով է դիմել իր երկրպագուներին.
«Եկավ այս պահը: Ես հեռանում եմ խաղաղ հոգով, քանի որ տվել եմ այն ամենը, ինչ կարող էի։ Երկար տարիներ այս մարզաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունն ու կյանքը։ Շնորհակալ եմ ինձ այսքան ուժգին սիրելու և աջակցելու համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը adidas Football-ի հրապարակած տեսանյութում:
Մեսսին նաև Ինստագրամի իր էջում կիսվել է հավաքականի ճամբարում անցկացրած վերջին մարզման լուսանկարներով՝ մակագրելով. «Հատուկ պահեր, որոնք հաստատ կարոտելու եմ…»։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բենինի դեմ խաղին մոտենում է հիանալի մարզավիճակում. այս միջազգային պատուհանի ընթացքում արգենտինացիներն արդեն հասցրել են խոշոր հաշվով ջախջախել Բոլիվիային (4:0) և Բուրկինա Ֆասոյին (7:0)։ Սակայն առաջիկա խաղը զուտ սպորտային իրադարձություն չէ. այն լինելու է մեգա-տոնախմբություն և պատմական էմոցիոնալ հրաժեշտ՝ նվիրված թիմի ավագի անկրկնելի ուղուն:
Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:1): Ավելի քան երկու տասնամյակ տևած ուղու ընթացքում նա դարձավ «Ալբիսելեստեի» բացարձակ ռեկորդակիր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 207 հանդիպում, խփելով 125 գոլ և կատարելով 67 արդյունավետ փոխանցում:
Թեև մեծահասակների հավաքականի կազմում նա երկար ժամանակ մնում էր առանց խոշոր տիտղոսների` զիջելով ԱԱ-2014-ի, ինչպես նաև Ամերիկայի գավաթի 2015 և 2016 թթ. եզրափակիչներում, կարիերայի երկրորդ հատվածում Մեսսին նվաճեց գրեթե հնարավոր ամեն ինչ: Նրա գլխավորությամբ Արգենտինան դարձավ Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024), նվաճեց Ֆինալիսիման (2022), հռչակվեց 2022 թվականի Աշխարհի չեմպիոն և դարձավ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։
Արգենտինա-Բենին պատմական հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի երևանյան ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Հանդիպումը կսպասարկի չիլիացի մրցավար Ֆեռնանդո Վեխարը: Սա կլինի ավելին, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում. «Մոնումենտալ»-ը վերջին անգամ ոտքի կկանգնի՝ ծափահարելու իր պատմության մեծագույն լեգենդին:
Հետևեք մեզ՝ այստեղ