Արեգ Կյուրեղյանը 10 օրով տեղափոխվել է պատժախուց
ՀասարակությունTert.am-ը գրում է.
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից Արեգ Կյուրեղյանը տեղափոխվել է պատժախուց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
«Իմ պաշտպանյալին տեղափոխել են պատժախուց, սակայն իրեն չեն հայտնեց, թե քանի օրով են տեղափոխել: Կյուրեղյանը կարծում է, որ պատժախցում կմնա տասը օր, որովհետև դա առավելագույն ժամկետն է»,-ասաց Շուշանյանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ Կյուրեղյանը պատժախուց է տեղափոխվել 10-օրյա ժամկետով, պատճառը երեկ դատարան տեղափոխելու ժամանակ նրա մոտ հայտնաբերված արգելված իրն է.«Ներքին կանոնակարգի խախտման համար նա տասն օրով տեղափոխվել է պատժախուց: Նրա մոտ հայտնաբերված արգելված իրն առգրավվել է, նյութեր են նախապատրաստվում հանգամանքները պարզելու համար»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին` դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, համաձայն ներքին կանոնակարգի, խուզարկության է ենթարկվել կալանավորված անձ Արեգ Կյուրեղյանը, ում մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: