Մի օր բոլորի դռները կփակվեն երեսիդ, ուզվոր կդառնաս, իսկ որդիներդ կփախչեն քեզնից
ՀասարակությունՄեր 25 տարեկան դեժավյուն
Եթե նոր քաղաքակրթությունը չի այցելում քեզ, գոնե մեկ հարց պարտավոր ես ինքդ քեզ տալ՝ միգուցե ես բնավ էլ նրա ճաշակո՞վ չեմ: Թերթիր խնդրեմ վերջին 20-25 տարվա մամուլը և կհասկանաս՝ ինչ է իսկական դեժավյուն՝ նույն քաղաքական մանկապարտեզը, նույն ինտրիգներն ու ինտրիգանները, նույն տեքստերի ու տեքստավիկների իծաշարուկը, հազար անգամ տարած ու թարս էշի վրա կրկին բեռնված հին դիսպուտները, մի բարձի ծերացած «այո»-ների ու «ոչ»-երի հոտած լվացքը, հին տնքոցն ու վռչոցը, որ բոցն ասես: Եվ եղև. լուրջ հարցերի հետևողական ջրիկացումը ոչ միայն պատասխանները ջրեց, այլև՝ բուն հարցերը: /Հոխորտանքը, մունաթ-զունաթը, անեծք-հայհոյանքը, ատամների կրճտոցն ու նմանատիպ վատ սովորույթները հարցադրումներ չեն/:
Իհարկե, ղոչաղական, ուժային լուծումներ միշտ կգտնվեն. այսպես օրինակ` հանելով աչքը՝ ազատվել աչքացավից և հաջող փորձի դեպքում այն տարածել պետական ամբողջ օրգանիզմի լայնքուերկայնքով: Սակայն ուժային ցանկացած լուծում թույլ է տալիս իրավիճակը վերցնել վերահսկողության տակ, հավաքել բուռը, ընդ որում՝ կարճաժամկետ կտրվածքով և միայն բանական լուծումներն են բերում ելքերի: Կարճ ասած՝ եթե ես այստեղ գրեմ, որ մարդ ու անասուն տարբերվում են իրենց զարգացման տեմպերով, և դուք էլ թաքուն ակնարկը հասկանալով՝ ծեծեք, սպանեք ինձ, դա ելք չէ:
Սա նախկին քաղաքական դինջ շաշկին չէ, ուր առաջ սուրալու համար բավարարվում էին միայն առանձին ֆիգուրներին կուլ տալով. այժմ արդեն ամբողջական երկրների և ժողովուրդների զոհաբերության ժամն է և դոմինոյի էֆեկտով խաղատախտակից սրբվելու են իրենց պիտանիության ժամկետը սպառած ավելորդ ուտող բերանները: Մոլորակը գնալով սեղմվում է, ապրելատեղը, հացուջուրը չի բավականացնում, ռոբոտները խժռում են մարդկանց աշխատատեղերը, իսկ մարդիկ համառորեն բազմանում են: Նրանք ոչ միայն մտադիր չեն իրենց գեները դուրս բերել շրջանառությունից, այլև այդ գեներին հրահանգավորում են իրենց ապրեցնել 120 տարուց ոչ պակաս: Եվ սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է կամ հեռավոր ապագայի երազանք, այլ գենային ինժեների մասնագիտական պարտավորություն, մի ինժեների պարզ աշխատանք, որովհետև բարձր տեխնոլոգիական հովիտներում արդեն նախագծվում է անգամ մարդու անմահության վարկածը: Անշուշտ, մեր և այլ ժողովուրդների էպիկական միտքը հուշում է, որ մարդու համար անմեռությունից դենն այլ պատիժ ու անեծք չկա, բայց ավելի մեծ պատիժ ու անեծք չէ՞, որ վերջին մի քանի տարում 60 տարեկանի սահմանագլխին մենք կորցրինք մեր մտավոր ընտրախավի ամենաերևելիներին : Վերջինը Հրաչյա Թամրազյանն էր, ընդամենը 62 տարեկան: Ամոթ է:
Ապագան նախագիծ է. գեները սկսել եմ մտածել
Նոր տեխնոլոգիաներն այսօր ախտորոշում և գենից ջնջում են անգամ ժառանգական հիվանդությունները. մարդկային գենը սկսում է մտածել: Բրիտանացիներն արդեն ստացան մարդկային մուտացիայի առաջին արտոնագիրը, նույնիսկ առանձին կենդանական օրգանիզմներում աճեցվում են օրգաններ և մարդուն փոխպատվաստում. էվոլյուցիան արդեն կոնկրետ մասնագիտությունների համախումբ է, որը կարող է գենային մոդիֆիկացիայի ենթարկել ուզածդ կենդանի արարածի:
Բարձր տեխնոլոգիաները ժամ-ժամ կործանում են հին աշխարհը, հեղինակավոր պարբերականները վազում են այդ նախագծերի ու դրանց հեղինակների ետևից, ուզում են բռնել իրենց երկրների ապագան, այլ ելք, ուղղակի չկա. այլությունը ընթացքից դուրս ընկնելն է, ոչ ադեկվատի, խելապակասի ստատուսը, որը կդաջվի միայն աութսայդեր մարդկանց ու երկրների ճակատին, որոնք, ի վերջո, կմեկուսացվեն այս նոր գիտաֆանտաստիկ աշխարհից որպես նրա բնակիչների քաղաքակրթությանը սպառնացող խալխ: Մասմեդիան արդեն այն չէ, որը խոսում է միայն այսօր կատարված իրադարձությունների մասին, այն կոչված է ասելու՝ ինչ կլինի վաղը: Եվ դա բնավ էլ շամանություն չէ, որովհետև թվանշային նոր աշխարհում ապագայի կարթը հույս ու սպասում չի փնտրում ինչ-որ գյոլերում. ապագան նախագիծ է, հստակ ճանապարհային քարտեզ, երթուղի, բյուջեի ծախսային մասում գիտությունն ու կրթությունը սպասարկող կոնկրետ թիվ: Ցույց տվեք որևէ երկրի գիտության ֆինանսավորման չափը և աշխարհն աչքերը փակ կասի՝ թե ուր է գնում այդ երկիրը և որտեղ կհասնի առաջիկա հիսուն-հարյուր տարում: Իսկ գիտությունը, կարծեմ, կրթության վերջնահաշիվն է և մեծ հաշվով, չունի ազգային պատկանելիություն և հայրենիք. այնտեղ է, ուր պայմաններ և իրացում է գտնում, ուր միտքն ու գաղափարը սահմանված են որպես մարդկային ամենամեծ կապիտալ:
Ինչու է ստում Հայաստանը
Մենք, իսկապես, չենք հասկանում՝ ինչ ենք ուզում: Հակառակ դեպքում՝ այս ուսումնական տարում հարյուրավորները չէին գնա սովորելու տասնյակ մասնագիտություններ, որոնք արդեն իսկ գոյություն չունեն, ջնջվել են աշխարհի երեսից: Հակառակ դեպքում, չէինք արտադրի մասնագետներ, որոնց համար մեր աշխատաշուկան առաջարկ չի ունենալու առնվազն հարյուր տարի: Չէինք թողնի ամեն կիսագրագետի համալսարան բացել և կրթական ռեկետով զբաղվել, իսկ դրա համար նրանց տրված մեկ հարցը բավական կլիներ՝ հարգելիս, իսկ ի՞նչ է համալսարանը: Եվ բնավ էլ հարկ չկա սրտնեղել այս հարցից, որովհետև այն, ինչի անունը մեր կողմերում համալսարան են դրել, ոչ մի ընդհանուր բան չունի այդ հաստատության հետ. լավագույն դեպքում նման է գիտելիք առնող-ծախող մի խանութի, որը գնումների համար շնորհակալություն է հայտնում իր ՀԴՄ կտրոն հանդիսացող դիպլոմով: Համալսարաններն այսօր նորանոր ստարտափներ են ստեղծում, կրեատիվ քաղաքներ են հիմնում, նոր էկոնոմիկա, ինովացիոն նոր կառավարում, կյանքի նոր մշակույթ ու գիտատեխնիկական առաջընթաց պարտադրելով բոլորին:
Կրթական ոլորտում գլոբալ հեղափոխություն է կատարվել, և եթե Հայաստանը չմիանա այդ հեղափոխությանը հայտնվելու է ոչ պիտանի երկրների կույտում: Այսօր ուղեղի սահմանափակ տարածքն այլևս հարկ չկա լցնել մեծ ծավալի հիշողական գիտելիքով. նորագույն կրթական մոդելները մարդուն մոտիվացնում են ստեղծագործաբար աշխատել տվյալների, տեղեկատվական հոսքերի հետ, որովհետև այդ հոսքերին տիրապետելու համար այլևս հարկ չկա հանձնվել որևէ կրթական հաստատության խնամքին: Այսօր արհեստական ինտելեկտն արդեն մի շարք ոլորտներում գերազանցել է մարդուն. վաղը 3D տպիչով տանը հնարավոր կլինի ստանալ ապրանքների ու ծառայությունների հազարավոր նոր օրինակներ: Բարձր տեխնոլոգիաներն այսօր արդեն սպառողներին համատարած վերածում են կառավարողների, և իզուր չէ, որ անընդհատ կրթությունը հայտարարվել է որպես նոր քաղաքակրթության առաջնահերթություն: Իրերն իրենք կվերցնեն մեր դաստիարակությունն իրենց ձեռքը, եթե մենք դուրս ընկնենք նոր ժամանակի տրամաբանությունից. այսօր արդեն խելոք սառնարանը ժամը վեցից հետո թույլ չի տալիս, որ մարդը բացի համապատասխան դարակը և օգտվի յուղալի սննդից:
Փնտրվում է հայ ֆուտորոլոգ
Հայաստանում չկա գոնե մեկ ֆուտորոլոգ/ապագայագետ/. ես նրան փնտրում եմ տարիներ շարունակ: Այս մասնագետներն այսօր երկրների զգոնությունն են, նրանք փաթեթավորում են մոտ ու հեռու ապագան և բզում մարդկանց, կառավարություններին պատրաստ լինել վաղվա տրանսֆորմացիաներին: Գիտե՞ն արդյոք մեր վարորդները, որ իրենց մասնագիտությունը նույնպես վերանալու է, և նրանք համատարած գործազուրկ են դառնալու: Իսկ գիտի՞ արդյոք պետությունը, թե վաղը ինչ է անելու նրանց հետ, կամ ասենք վաճառողների, նույն բժիշկների, որոնց նեղ մասնագիտական մի քանի հոսքեր արդեն խժռել են ռոբոտները. դեղագործությունը՝ մասամբ , իսկ օնկոլոգիան արդեն նրանց վերահսկողության տակ է, /ռոբոտն ավելի արդյունավետ է բուժում քաղցկեղը/:
Ծերացող, հոսող Հայաստանն այսօր արդեն պետք է հաշվառի իր մարդկային կապիտալը, վերապրոֆիլավորի մասնագիտական բանկերը, կրթական շուկան կողմնորոշի նորագույն մասնագիտացումների ուղղությամբ, հակառակ դեպքում՝ գործազրկության աննախադեպ ալիքը վերջնականապես կուտի երկիրը:
В городе красные
Մինչ մենք ապրում էինք մեր դժվար լեռնականի կյանքը, պատերազմում մեր հարևանների հետ և աչք չէինք բացում մեր գավառական «բազառներից», աշխարհի նոր բաժանումը եղավ, գիտե՞ք: Ամենախելոքները քաշվեցին հովիտներ՝ հիմնելով իրենց խելոք քաղաք-պետությունները և դառնալով նոր քաղաքակրթության հայրերը Սիլիկոնյան հովտից դեպի Բոստոն-Նյու-Յորք, դեպի Քեմբրիջ-Օքսֆորդ-Լոնդոն, դեպի Չինաստանի, Ճապոնիայի, Թայվանի, անգամ՝ Սինգապուրի և Հարավային Կորեայի երանավետ հովիտները: Ահա նրանք, նոր քաղաքակրթության բարձրաշխարհիկները, որոնց մտքի տիրապետության տակ է լինելու թվանշային նոր աշխարհը:
Նրանցից քիչ հեռու կանաչ աշխարհն է, որոնց նորագույն էկոնոմիկան մեկ օր անգամ չի կարող բանել առանց բարձր տեխնոլոգիական միտք արտադրող երանավետ հովիտների: Նրանց առաջընթացի ինդեքսները՝ օդուջրի մաքրությունից, սոցիալական ենթակառուցվածքներից ու մարդու ինքնաիրացման և ազատության ցուցանիշներից սկսած առայժմ անհաղթահարելի է: Առանց չափազանցության կարելի է ասել, որ ոչ միայն աշխարհի բաժանումն է կայացել, այլև առաջ է եկել երկու մարդկություն. հովտաբնակներն ու կանաչներն այսօր ապրում են բոլորովին այլ քաղաքակրթության մեջ՝ կյանքի որակից, տևողությունից սկսած և իրենց հոգեբանությամբ, փիլիսոփայությամբ ավարտած:
Իսկ մնացածներին բաժին է հասել դարդուցավերով լցված մի քաոտիկ իրականություն, այսպես կոչված՝ կապույտ և կարմիր աշխարհները: Եվ եթե կյանքը կապույտների մոտ քիչ թե շատ տանելի է և սպառված չեն քաոսից մի քիչ էլ կյանք ու ապրուստ պոկելու վերջին հնարավորությունները, ապա կարմիրների համար կյանքն իսկապես կրիտիկական է: Նրանց նետել են հակամարտության, պատերազմների կարմիր զոնա. այնտեղ է Հայաստանը: Այո, մենք կարմիր ենք:
Բոլոր ժամանակներում էլ աշխարհն իր համար ստեղծում է մարդկային ագրեսիան, ավելորդ նյարդային բալաստը հողանցելու կարմիր խոռոչներ և հենց այդ խոռոչներին է վերապահված իրենց քաղաքացիների կյանքի գնով պահպանել աշխարհի խաղաղությունն ու կայունությունը: Ահա՝ ինչու և ոչ մի կողմից չկա արցախյան հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտ կամք, չի երևում որևէ շահագրգռություն մեզ այս անիծյալ կարմիր զոնայից դուրս բերելու ուղղությամբ, ընդ որում՝ մեզ վերջնականապես հյուծելուց հետո էլ: Ահա ինչու էր պետք վերջապես իր անկախությունը վերագտած ժողովրդի մեջքից կապել պատերազմի ծանր քարը՝ պատերազմի իշաբեռով ո՞ւր պիտի հասնես: Հրացանը ձեռքիդ պահած հաստատ չես քաղաքակրթվի, կրթության ու գիտության հասանելիքը կտաս ճակատին ու թիկունքը անգրագետ կթողնես, ամենալավ հարևանի ու բարեկամի զահլեն կգնա քո կռվազանությունից ու մի օր բոլորի դռները կփակվեն երեսիդ, ուզվոր կդառնաս և տանդ վերջին կահկարասին կտաս պարտքերիդ դիմաց, իսկ որդիներդ կփախչեն քեզնից, ինչպես բորոտից. պատերազմը միայն մահ չէ, սով, թշվառություն և տգիտություն է, հազար ու մի սինդրոմ է՝ ուժի, զոռբայության խրախճանք, բարոյական աղետ ու անկում է. այս ամենը կանաչ աշխարհում ճշգրտորեն չափված ու կտրված էր: Հայաստանին ոչ մեկը դուրս չի բերելու այս ականապատ, թիրախ զոնայից, Հայաստանը միայն սեփական մազերից բռնվելով կարող է դուրս պրծնել այս մահաբեր խոռոչից: Նա, ով հասկանում է ինչ է ուզում, նա գիտի ինչպես հասնել իր ուզածին:
Եվ, այնուամենայնիվ, ինչու Հայաստանում չկա գոնե մեկ ֆուտորոլոգ. ես հարցեր ունեմ նրան: Օրինակ՝ շատերը կարծես շփոթում են քաղաքակրթությունը մշակույթի հետ, բայց կարող ես չէ՞ լոգանքի համար ունենալ բոլոր քաղաքակիրթ պայմանները, բայց մտքովդ չանցկացնել, որ պարտադիր է ամեն օր լոգանք ընդունել:
Վարդուհի Սիմոնյան