Այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան
BlogԱյնպես ինչպես բժիշկը, եթե սխալ դիագնոզ նշանակեց, սխալ բուժում է անելու և հիվանդը մահանալու է, այդ նույն տրամաբանությամբ էլ քաղաքական էլիտաները, եթե սխալ դիագնոզ դրեցին, սխալ ճանապարհով են գնալու և վտանգի առաջ են կանգնեցնելու սեփական պետությունն ու ժողովրդին։
Ընդդիմադիր վերջին հավաքը, որը հռչակել է չորս կետեր և հիմա փորձում է իրազեկման քաղաքականություն իրականացնել, որպեսզի ժողովրդին ներկայացնի իր տեսակետը և ինչի շուրջ պետք է համախմբվի Հայաստանի ժողովուրդն ու պայքարի, դա սխալ դիագնոզ է և հերթական սխալ դիագնոզը։
Մեր այսպես կոչված ընդդիմադիրները արդեն մի քանի սխալ դիագնոզներ են դրել և արդյունքում սխալ պրոցեսներ են տարել և էլ ավելի են բարդացրել և մեր պետության, և ժողովրդի, և իրենց վիճակը։
Հիմա էլ կարևորագույն խնդիրը, կարևոր հիվանդությունը ֆիքսելուց և այն բուժելուց զատ, նրանք խոսում են այնպիսի գաղափարներից և ծրագրերից, որոնք առաջնահերթ չեն։
Ընդդիմության ֆիքսած օրակարգերը որևէ կերպ չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը։
Ընդդիմությունը ոչ թե պետք է պայքարի սահմանադրությունը փոխել թե չփոխելու, եկեղեցին պաշտպանելու կամ չպաշտպանելու, ազգային արժեքները պաշտպանելու թե չպաշտպանելու համար։ Իհարկե դրանք կարևոր են, բայց դրանք առաջնային չեն։
Ամենաառաջնայինը մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության խնդրի լուծումն է։
Բոլոր պրոբլեմները մեզանում առաջացել են ոչ թե սահմանադրության կամ եկեղեցին պաշտպանել չպաշտպանելու հարցի շուրջ, այլ առաջացել են այն պատճառով, որ Հայաստանը գեոպոլիտիկ լարված իրավիճակում երկու լարի վրա խաղալու քաղաքականության արդյունքում հիմա արդեն հայտնվել է մի վիճակում, որ արդեն բացահայտ գնում է դեպի արևմուտք։
Գնում է արևմուտք՝ արևմուտքի ձեռքում գործիք դառնալու Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։
Եվ սա է ամենաառաջնային խնդիրը։
Ընդդիմությունը իր ջանքերը, փողը, ռեսուրսը պետք է ծախսի հասարակությանը բացատրելու, հասարակությանը ներկայացնելու, որ առանց հայ-ռուսական հարաբերությունների, առանց Ռուսաստանի կողքին կանգնելու Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծվելու, Հայաստանում խաղաղություն չի լինելու։
Սա նշանակում է, որ այսօր մեր ողջ ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի մեր ժողովրդին ներկայացնենք սա, այլ ոչ թե ստեղծենք երկրորդային օրակարգեր, որոնք մի կողմից հասարակության մեծամասնությանը չեն հետաքրքրում, մյուս կողմից էլ այդ խնդիրները լուծելով չի լուծվելու Հայաստանի անվտանգության խնդիրը։
Սա է պատճառը, որ ես անընդհատ քննադատում եմ ընդդիմությանը, քանզի ընդդիմությունը իր գործողություններով իրականում ընդդիմություն չէ, բայց զբաղեցրել է ընդդիմադիր հարթակը։
Եվ երբ այս մարդկանց ասում ենք՝ ազատեք ընդդիմադիր հարթակը, կանգնեք օրվա իշխանության կողքին, որովհետև մեծ հաշվով ամենակարևոր հարցում դուք տարաձայնություններ չունեք, դուք էլ եք մտածում, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, հնարավոր է գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում լավ հարաբերություններ պահպանել և արևմուտքի, և Ռուսաստանի միջև, որը իրականում անհնար է, նրանք նեղանում և սկսում են մեզ քննադատել։
Իրականում Հայաստանում պետք է լինի նոր որակի ընդդիմություն, որը կհասկանա, որոնք են առաջնային խնդիրները և ինչ պետք է անել երկրի անվտանգության խնդիրը լուծելու համար։
Եվ դարձյալ ուզում եմ շեշտել՝ անվտանգության խնդիր ունեցող երկրում ներքաղաքական պայքարը դառնում է ոչ միայն երկրորդական, այլ նաև անիմաստ։
Որովհետև չլուծված անվտանգության պարագայում ինչ ուզում ես արա, միևնույնն է գալիս կանգնում ես մեկ հարցի առջև՝ ինչպես լուծես երկրիդ անվտանգությունը։
Եվ այս հարցը պետք է լինի քաղաքական օրակարգի միակ հարցը։ Մեր բոլոր ջանքերը, ռեսուրսները պետք է ներդնենք, որպեսզի լուծենք մեր երկրի անվտանգության խնդիրը։
Մնացած բոլոր հարցերը երկրորդական են։
Սա քաղաքական էլիտաները վերջապես պետք է հասկանան։
Շատերը ինձ ասում են՝ դե դու արա։
Ես իմ հնարավորությունների, ռեսուրսների չափով արդեն վեց տարի է փորձում եմ մեր հասարակությանը և քաղաքական էլիտաներին ներկայացնել այն տեսակետը, որ առանց հայ-ռուսական հարաբերությունների, առանց Ռուսաստանի կողքին կանգնելու մեր անվտանգության ճարտարապետության խնդիրը մենք չենք լուծելու։
Իմ ռեսուրսները այնքան են, որքան ես կարողանում եմ իմ պայքարը, իմ խոսքը տեղ հասցնել։
Բայց դրա համար լուրջ համախմբում է պետք։
Եվ ոչ թե համախմբում միայն իշխանություն-ընդդիմություն, այլ ընդդիմություն տրամաբանության շրջանակում, այլ համազգային համախմբում, որպեսզի մեր ողջ էլիտան՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, ինքը նախ հասկանա, որ հայ-ռուսական հարաբերությունները բիզնեսի, լավ ապրելու մասին չեն, այլ պետություն ունենալու-չունենալու մասին են։
Եվ հետո ինքը կարողանա իր ռեսուրսներով մեր ժողովրդին բացատրել, համոզել, հասկացնել, որ մենք չենք կարող գնալ արևմուտք, որ մենք չենք գնալու արևմուտք, որ մենք պետք է կանգնենք Ռուսաստանի կողքին, նրա առաջարկած երեք պլյուս երեք ձևաչափով լուծենք մեր անվտանգության խնդիրը։
Մենք հասել ենք արդեն մի կետի, որ մեր տարածաշրջանային խնդիրներում արդեն ոչ միայն էքսպերտների մակարդակով, ոչ միայն մենք, այլ արդեն պետական մակարդակներով են խոսում 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին։
Իսկ սա նշանակում է, որ արդեն մեր հարևան երկրները պետական մակարդակով մեսիջներ են ուղարկում, որ քանդվում է մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։
Իսկ դա քանդում է արևմուտքը։
Որովհետև արևմուտքին մեր տարածաշրջանում պետք է պատերազմ՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացնելու, Ռուսաստանի հակաամերիկյան հեգեմոնիայի դեմ մղվող պայքարը թուլացնելու կամ վախճանին հասցնելու նպատակով։
Իրականում այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել։
Մեզ պետք է խորությամբ ուսումնասիրել մեր իսկ պատմությունը, մեր տարածաշրջանի պատմությունը, մեր տարածաշրջանի քաղաքական միտքը և լուրջ քաղաքական, գիտական հետևություններ անել, թե ինչ է կատարվում մեզանում և ինչպես մենք պետք է կարողանանք լուծել այս խնդիրը։