Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան իրականության մեջ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վաղուց դարձել է համակարգային երևույթ։ Խոշոր կապիտալի տերերի համար քաղաքականություն մտնելն ու իշխանության մաս կազմելը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ սեփական բիզնեսի անվտանգության, արտոնությունների և հարմարավետության ապահովման ամենակարճ ճանապարհը։ Ավելին՝ բիզնես-էլիտան հազվադեպ է կապվում որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ արժեհամակարգի հետ. յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո տեղի է ունենում պարզ «գլխարկափոխություն», որի նպատակը մեկն է՝ պահպանել կուտակած կապիտալն ու շարունակել նոր բարձունքներ գրավել նոր կառավարիչների հովանու ներքո։
Իշխանությունների՝ տարիներ շարունակ անսասան ամրանալու և վերարտադրվելու գլխավոր պատճառներից մեկը երկրում սկզբունքային դիրքորոշում ունեցող առանցքային գործիչների սուր պակասն է։ Հասարակության շարժիչ ուժը համարվող շերտերի՝ խոշոր բիզնեսի, մտածող էլիտայի և քաղաքական դեմքերի միայն մի փոքր հատվածն է պատրաստ վտանգի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ հանուն ազգային ու պետական շահի պաշտպանության։ Մեծամասնությունը նախընտրում է հարմարվողականության ու գործարքի ճանապարհը՝ դառնալով ցանկացած իշխանության հենարանը։ Այս երևույթի ամենացայտուն օրինակներից մեկը «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի (հանրությանը հայտնի որպես «ՍԱՍ-ի Արտակ») քաղաքական ու տնտեսական ուղին է։ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) իրականացրած ուսումնասիրությունն ու հրապարակած փաստերը մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես է նախկին իշխանության ֆինանսական հենարաններից մեկը 2018 թվականից հետո վերածվել գործող իշխանության «համեղ գործընկերոջ»։
Արտակ Սարգսյանի բիզնեսը ձևավորվել է դեռևս 1990-ականներին. 1997-ին բացված առաջին շուրջօրյա ՍԱՍ սուպերմարկետը տարիների ընթացքում վերածվեց խոշոր առևտրային ցանցի՝ ընդլայնվելով նաև Հայաստանից դուրս և կապեր հաստատելով Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում գրանցված կառույցների հետ։ Բիզնեսի աճին զուգահեռ՝ 2004 թվականից Սարգսյանը մուտք գործեց քաղաքականություն՝ անցնելով մի քանի կուսակցությունների միջով՝ «Օրինաց երկրից» և Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից» մինչև «Գործարար» պատգամավորական խումբ և Հանրապետական կուսակցություն։ 2012-ին նա կրկին պատգամավոր դարձավ ՀՀԿ-ով, սակայն խորհրդարանում հինգ տարի այդպես էլ ելույթ չունեցավ։ 2017 թվականին նա հայտնվեց ընտրական սկանդալի մեջ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2017 թվականի սեպտեմբերի 8-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
2018 թվականի իշխանափոխությունը լավագույնս ցույց տվեց խոշոր բիզնեսի հարմարվողականության մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2017-ին անձամբ էր խիստ պարզաբանումներ պահանջում ՍԱՍում տեղի ունեցած ընտրական պատմության վերաբերյալ, իշխանության գալուց հետո փոխեց իր դիրքորոշումը։ Իր հերթին Արտակ Սարգսյանը քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, լքեց ՀՀԿ-ն, աջակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին և 2019 թվականի մայիսին հայտարարեց, որ նոր իշխանությունների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ Նույն շրջանում «ՍԱՍ Գրուպի» կազմում գործող «ՍԱՍ Սուիթ» ընկերությունը 1 միլիոն 688 հազար դրամ փոխանցեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ արժանանալով «համեղ գործընկեր» անվանմանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործարարների նախաճաշին Արտակ Սարգսյանը կրկին ներկա էր՝ Սամվել Ալեքսանյանի կողքին։
Արտակ Սարգսյանի օրինակը փաստում է, որ քանի դեռ երկրում գերակայում է հարմարվողականության մշակույթը, իսկ սկզբունքային դիրքորոշումը զիջում է նեղ խմբային ու բիզնես շահերին, «ջերմոցային պայմաններ» միշտ կլինեն միայն իշխանությանը սերտաճող բիզնեսի համար՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսկ եթե որևէ գործարար համարձակություն է ունենում տրամագծորեն հակառակ դիրքորոշում հայտնել, անմիջապես հայտնվում է թիրախում և լուրջ խնդիրներ է ունենում իր բիզնեսում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում