Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Ձմեռ է գալիս։ Հայաստանի գյուղերից մեկի բակում աթարի կույտ է։ Երեկոյան գյուղական տան թոնրում կրկին աթար կվառվի, ծուխը կբարձրանա ծխնելույզից, լավաշը կհանեն ու կչորացնեն՝ ձմռան պաշար պատրաստելու համար։ Ընտանիքը կփորձի տաք պահել տունը։ Այդ նույն ընտանիքը գուցե ամբողջ ամառ աշխատել է հողի վրա, մշակել բանջարեղեն, զբաղվել անասնապահությամբ, հավաքել բերքը, բայց ձմռանը դեռևս չունի իր տունը ժամանակակից և մատչելի եղանակով տաքացնելու բավարար հնարավորություն։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տվյալներով, վերջին տարիներին ևս գյուղական տնային տնտեսությունների մոտ մեկ երրորդը նախընտրում է փայտը և գոմաղբը՝ որպես ջեռուցման վառելիք։
Ահա Հայաստանի տնտեսական իրականությունը՝ գյուղական տան բակում, աթարի կույտի և թոնրի ծխի մեջ։ Մի կողմից՝ եվրոպական ապագայի, աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացիայի և ազգային ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններ, մյուս կողմից՝ գյուղական ընտանիք, որի առօրյան շարունակում են որոշել էներգետիկ աղքատությունը, ցածր արտադրողականությունը և սեփական աշխատանքի արդյունքը շահավետ իրացնելու սահմանափակ հնարավորությունները։
Հենց այստեղ պետք է վերադառնա արտաքին քաղաքականության մասին ցանկացած լուրջ քննարկում՝ երկրի իրական տնտեսական հիմքերին։ Օրերս ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը մի հոդված էր հրապարակել, որտեղ բարձրացնում էր կարևոր հարց՝ արդյո՞ք Եվրամիությանն անդամակցության հեռանկարը, հաշվի առնելով դրա իրականացման քաղաքական և աշխարհագրական բարդությունները, կարող է հանգեցնել ոչ թե Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը, այլ հակառակը՝ նոր կախվածությունների խորացմանը։ Հեղինակը մտահոգություն է հայտնում, որ արտաքին քաղաքական որոշումները, եթե հաշվի չեն առնում Հայաստանի աշխարհագրական, տնտեսական և անվտանգային իրողությունները, կարող են սահմանափակել երկրի մանևրելու հնարավորությունները։
Այս մտահոգության հետ կարելի է բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել առանձին գնահատականների հետ։ Սակայն հարցն ունի ավելի խորքային շարունակություն։ Եթե մեր նպատակը մեկ արտաքին կախվածությունը մյուսով փոխարինելը չէ, այլ իրական ինքնուրույնության ձեռքբերումը, ապա ինչո՞ւ ենք այն հիմնականում քննարկում արտաքին քաղաքականության հարթությունում՝ անտեսելով դրա ներքին տնտեսական հիմքերը։ Ի՞նչ է նշանակում անկախ լինել։ Միայն տարբեր երկրների հետ հարաբերություններ կառուցելու և արտաքին քաղաքական ընտրության հնարավորություն ունենալու կարողությո՞ւն, թե՞ նաև սեփական ռեսուրսներով սնունդ արտադրելու, էներգետիկ պահանջարկը հնարավորինս ապահովելու, հողն ու ջուրն արդյունավետ օգտագործելու, վերամշակող արդյունաբերություն զարգացնելու և քաղաքացիների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու կարողություն։ Ըստ էության, առանց երկրորդի առաջինը մնում է սահմանափակ ինքնուրույնություն։
Արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան ընդլայնում է մեր գործընկերների շրջանակը, իսկ ներքին տնտեսական դիվերսիֆիկացիան՝ մեր սեփական հնարավորությունները։ Պետությունը կարող է ունենալ բազմաթիվ միջազգային գործընկերներ, բայց եթե նրա էներգետիկ համակարգը, սննդի մատակարարումը, արտադրական շղթաներն ու տեխնոլոգիաները մեծապես կախված են արտաքին աղբյուրներից, ապա տնտեսական ինքնուրույնությունը մնում է սահմանափակ։ Արտաքին կապերի բազմազանությունը դեռևս չի նշանակում ներքին կարողությունների բազմազանություն։
Այդ տեսանկյունից գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսական անվտանգության հիմնարար ուղղություններից մեկն է։ Խոսքը միայն գյուղացու սոցիալական վիճակի մասին չէ, այլ պարենային անվտանգության, զբաղվածության, տարածքային զարգացման, ջրային ռեսուրսների և երկրի արտադրական ներուժի մասին։ Գյուղատնտեսության խնդիրը միայն այն չէ, թե որքան բերք ենք ստանում։ Ավելի կարևոր է՝ որքան տնտեսական արժեք ենք ստեղծում մեկ հեկտար հողից, մեկ միավոր ջրից և մեկ աշխատողի աշխատանքից։ Գյուղացին ամբողջ սեզոնն աշխատում է, գնում սերմացու ու պարարտանյութ, վճարում ոռոգման և վառելիքի համար, հավաքում բերքը։ Բայց եթե գյուղում չկա պահեստ, սառնարանային տնտեսություն, տեսակավորման կենտրոն կամ վերամշակող ձեռնարկություն, նա հաճախ ստիպված է լինում վաճառել արտադրանքը հենց այն ժամանակ, երբ շուկայում առաջարկն առավել մեծ է, իսկ գները՝ ցածր։
Արդյունքում գյուղացին կատարում է արտադրության հիմնական աշխատանքը, բայց չի ստանում դրա ստեղծած տնտեսական արժեքի համապատասխան մասը։ Ավելացված արժեքը ձևավորվում է ոչ միայն դաշտում, այլև պահպանման, տեսակավորման, փաթեթավորման, վերամշակման և իրացման փուլերում։ Եթե այդ շղթաները զարգացած չեն, գյուղատնտեսության զգալի ներուժ մնում է չիրացված։ Սա գյուղական ընտանիքների եկամուտների, բնակարանային պայմանների և էներգետիկ հասանելիության խնդիր է։ Գյուղի արդիականացումը չի կարող սահմանափակվել դաշտում նոր տեխնիկայի ներդրմամբ։ Այն պետք է ներառի նաև բնակարանների ջերմամեկուսացումը, արդյունավետ ջեռուցման համակարգերը, արևային ջրատաքացուցիչները, գյուղական ճանապարհները, դպրոցներն ու բուժկետերը։
Այս ամենը պահանջում է պետական քաղաքականության ավելի ամբողջական մոտեցում։ Այդ առումով նպատակահարմար է մշակել «Հայաստանի գյուղական տնտեսության վերակառուցման և գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման 2027– 2036 թվականների ազգային ծրագիր»՝ որպես տնտեսական անվտանգության և տարածքային զարգացման միասնական պետական նախաձեռնություն։ Այն պետք է ներառի հողային ռեսուրսների արդյունավետ կառավարում, ոռոգման համակարգերի արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, մարզային պահեստավորման և վերամշակման կենտրոնների ստեղծում, կոոպերացիայի ու երկարաժամկետ ֆինանսավորման զարգացում, գյուղական էներգետիկ ենթակառուցվածքների բարելավում և մարդկային կապիտալի զարգացում։ Ուստի Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն արտաքին գործընկերների, այլև ներքին արտադրության բազմազանություն։ Ոչ միայն տարբեր շուկաներ մուտք գործելու հնարավորություն, այլև դրանց համար մրցունակ արտադրանք ստեղծելու կարողություն։
Ինչ վերաբերում է մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգին, ապա դա պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Հայաստանը պետք է խուսափի ոչ միայն արտաքին քաղաքական մեկ կենտրոնից չափազանց մեծ կախվածությունից, այլև այնպիսի տնտեսական կառուցվածքից, որը նրան մշտապես ստիպում է փնտրել արտաքին փրկարարներ։ Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պետություն կառուցելը, որի համար արտաքին գործընկերությունը զարգացման հնարավորություն է, ոչ թե գոյատևման անհրաժեշտ պայման։
Ի վերջո, Հայաստանի անկախությունը չի կարող չափվել միայն միջազգային գործընկերների քանակով կամ քաղաքական հայտարարությունների աշխարհագրությամբ։ Այն պետք է չափվի նաև սեփական արտադրություն զարգացնելու, հողն ու ջուրն արդյունավետ օգտագործելու, էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու և քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու կարողությամբ։
Եվ այստեղ կրկին վերադառնանք գյուղի բակին։ Աթարի կույտը պարզապես անցյալի մնացուկ չէ։ Այն նաև սպասում է այն օրվան, երբ կրկին կվառվի թոնիրը, բակի վրա ծուխ կբարձրանա, իսկ գյուղական տան բակը կլցվի թարմ թխված հացի բույրով ու օջախի ջերմությամբ։ Բայց այդ պատկերի հետևում շատ ավելի խորքային իրականություն կա։ Աթարի կույտը մեր զարգացման օրակարգի և հասարակական սպասումների մասին լուռ, բայց բազմաթիվ պաշտոնական ելույթներից ավելի խոսուն վկայություն է։ Այն հիշեցնում է, թե որքան մեծ է դեռևս անջրպետը անկախ պետության մասին մեր պատկերացումների և մարդկանց առօրյա կյանքի իրական պայմանների միջև։
Մենք կարող ենք անվերջ քննարկել՝ ինչպիսի արտաքին քաղաքական ընտրություն պետք է կատարի Հայաստանը, ինչպես պետք է հավասարակշռի հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Եվրամիության հետ։ Բայց եթե այդ քննարկումների կողքին չենք կարողանում ապահովել գյուղացու արտադրողական աշխատանքի, գյուղական ընտանիքի արժանապատիվ կյանքի և սեփական արտադրության զարգացման պայմանները, ապա մեր անկախության տնտեսական հիմքը շարունակում է մնալ թերի։ Հայաստանին անհրաժեշտ չէ պարզապես արտաքին կախվածություններից ազատվելու քաղաքականություն։ Հայաստանին անհրաժեշտ է սեփական ուժերով զարգանալու տնտեսական կարողություն։ Որովհետև ինքնիշխանությունը միայն այն չէ, երբ կարող ես ընտրել, թե ում հետ համագործակցել։ Ինքնիշխանությունը նաև այն է, երբ ունես այդ ընտրությունը պաշտպանելու տնտեսական ուժը։ Եվրոպան կարող է լինել մեր զարգացման չափանիշը, աշխարհը՝ մեր գործընկերների շրջանակը, բայց Հայաստանի հզորությունը պետք է կառուցվի Հայաստանում։ Իսկ այդ հզորության իրական չափանիշը ոչ թե քաղաքական հայտարարությունների ընդարձակությունն է և շրջանակը, այլ մեր տնտեսության արտադրողականությունն ու քաղաքացու կյանքի որակը։
ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում